Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանիում կա մի «ընդդիմադիր խմբակցություն», որը մշտապես ՔՊ-ի համար քվորում է ապահովում․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2023 11:05

Մենք գրել էինք, որ Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։

Այդ նախագիծը տապալելու` չընդունելու մեկ ճանապարհ կա. միասնական բոյկոտը: Երեւանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես հայտնի է, չունի ձայների մեծամասնություն՝ քվորումի եւ նիստ գումարելու համար, ուստի եթե բոլոր մյուս ուժերը միասնական կերպով չներկայանան այդ նիստին, քվորում չի ապահովվի, եւ նիստը չի կայանա: Սակայն եթե ավագանու գեթ 1 ընդդիմադիր անդամ ներկա գտնվի նիստին, այն կկայանա, եւ կարեւոր չէ՝ այդ «ընդդիմադիրը» դեմ կքվեարկի, թե չի քվեարկի, միայն իր մասնակցությամբ կօգնի, որ իշխանությունն անցկացնի այդ չարաբաստիկ փոփոխությունը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երեւանի ավագանիում կա մի, այսպես կոչված, «ընդդիմադիր խմբակցություն», որը մշտապես ՔՊ-ի համար քվորում է ապահովում, այնպես որ, այս անգամ եւս նույն այդ խմբակցությունը կարող է հերթական ծառայությունը մատուցել իշխող ուժին։

«Քվորում ձեւավորելը, ըստ էության, ներկայության հետ ոչ մի կապ չունի, քվորումը ձեւավորվում է յուրաքանչյուր հարցի շուրջ: Կարող ենք նիստին ներկայանալ, բայց չգրանցվել, օրինակ, նույն բյուջեի հարցին, եւ այդկերպ չմասնակցել քվորում ապահովելու գործընթացին: Յուրաքանչյուր քվորում ձեւավորվում է այն դեպքում, երբ գրանցվում ես: Մեր օրակարգում չկա մասնակցելու կամ չմասնակցելու որեւէ հարց, մասնակցելու ենք, սակայն այն հարցերին, որոնք քաղաքային են, կան կարեւոր հարցեր, բյուջեից եւ մյուս հարցերից զատ, ինչ վերաբերում է կոնկրետ մեր թիմի դիրքորոշմանը, ապա անպայման դրանք հայտնելու ենք: Այս պահին ուսումնասիրում ենք բյուջեն, առաջարկներ ենք անելու, եթե այդ առաջարկները չընդունվեն, բնականաբար, մենք քվորում չենք ապահովելու: Ինչ վերաբերում է բուն նիստի օրակարգին, ապա այս անգամ եւս դրված են չզեկուցվող հարցեր, մենք դեմ ենք դրանց: Մեր թիմը կարծում է, որ չզեկուցվող հարցեր չպետք է լինեն, նիստին առաջարկելու ենք զեկուցել բոլոր հարցերը, այնպես, ինչպես նախկինում էինք անում: Ըստ իս` ավագանու նիստի օրակարգը բավականին ոչ իրատեսական է, բյուջեի եւ այլ հարցերը հնարավոր չէ քննարկել մեկ օրում, անգամ մեծ ցանկության դեպքում, եւ արդյունք ստանալ: Առնվազն եւս մեկ նիստ է պետք… Ժամանակ չի մնում խորապես բոլոր հարցերը քննարկելու համար»,- ասաց Երիցյանը: Իսկ համոզվա՞ծ եք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը քվորում չեն ապահովի եւ միասնական կլինեն։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ կա ավագանու մեկ խմբակցություն, որը մշտապես ՔՊ-ի համար քվորում է ապահովում: Եթե մի քանի քվորում չապահովվի, տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Մենք կողմ ենք դրան»,- նշում է Երիցյանը:

Հայկ ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031