Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանով մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»․ քննարկում կառավարությունում

Դեկտեմբեր 21,2023 11:48

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին ընդունված որոշման համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ծնողները հնարավորություն ունեն վերարտադրողական բուժօգնության եւ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ։ «Եվ ուրախությամբ պետք է նշենք, որ արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ։ Այդ երեխաների խնամքն արդյունավետ, պատշաճ կազմակերպելու նպատակով այս նախագծով մենք առաջարկում ենք, որ հնարավորություն տանք դա կազմակերպել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Նախատեսում ենք 104 հազար դրամի սահմանում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները դայակի կամ նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպվեն։ Այս նախագծով հնարավորություն ենք տալիս մինչեւ երեխայի 3 տարին լրանալը խնամքը կազմակերպել ավելի պատշաճ», – ասաց նախարարը՝ հավելելով՝ պայմանն այն է, որ դայակը չպետք է նույն հասցեում գրանցված լինի։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ սկսած 2021 թվականից՝ զոհված զինծառայողների ընտանիքներում պետական աջակցությամբ արդեն ծնվել է 54 երեխա, մնացած շահառուները գտնվում են բուժման փուլում, կան նաեւ հղի կանայք։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարելի է դայակի՝ նույն հասցեում գրանցված չլինելու նախապայմանն այս դեպքում չկիրառել։ «Իմ դիտարկումն այն է, որ մեր շահառուն, որին ուզում ենք աջակցել, ի վերջո՝ ծնված երեխան է։ Այսինքն՝ ինչքան լավ պահեն այդ երեխային, այնքան մեզ համար ավելի լավ։ Մենք ուզում ենք երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծել, եւ եթե հանգամանքն այնպիսին է, որ պետք է երեխայի հարազատներից որեւէ մեկն այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ այս դեպքում։ Գոնե շահառուների այս խմբի համար կարող ենք այս բացառությունն անել, մենք ինչո՞ւ ենք այդ սահմանափակումը դնում։ Օրինակ՝ երիտասարդ ընտանիքում ծնվել է երեխա, երիտասարդ մայրն ուզում է աշխատել։ Երեխայի տատիկը մի տեղ աշխատում է 80 հազար դրամով, ինքն ուզելով օգնել, որպեսզի իր դուստրը կամ հարսն աշխատելու հնարավորություն ունենա, բայց աշխատում է այլ տեղ։ Երբ մենք այս հնարավորությունը տալիս ենք, մարդը կարող է որոշել աշխատանքից դուրս գալ, իր թոռնիկին պահել եւ իր եկամուտն էլ չկորցնել։ Եվ այդ թափուր մնացած աշխատատեղում ուրիշ մարդ կմտնի կաշխատի։ Ի՞նչ չարաշահում կա, երեխային պահում են, թող պահեն։ Սա այն դեպքը չէ, որ պետք է նայենք ու ասենք՝ վայ, մեր դայակների 100 հազար դրամն ի՞նչ եղավ», – ասաց Փաշինյանը։ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ շահառուների այս խմբի համար հնարավոր է այդ բացառությունն անել։ «Իսկ ժողովրդագրական ռազմավարության համատեքստում, երբ ավելի լայն ծրագիր կներդնենք, որը նախատեսվում է, այդ ժամանակ ծրագրի դետալները մանրամասն կքննարկենք»,- ասաց նախարարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Մենք կարող ենք շատ պարզ կարգավորում տալ։ Եթե ՊԵԿ-ով իդենտիֆիկացվում է, որ երկու ծնողն էլ աշխատանք ունեն, բնակվելու վայրի կամ բարեկամական որեւէ սահմանափակում կարող ենք չդնենք»։ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէր այդ առաջարկի հետ։ «Մեր այդ ընկալումը, որ՝ ընտանիքի անդամ է, ուրեմն եկեք դայակի ծառայության համար չվճարենք, ճիշտ չէ։ Այսինքն՝ մենք ընտանիքի անդամի աշխատանքը չենք գնահատում։ Մեր այդ մտածողությունը, որ եթե մեկը քո բարեկամն է, կարող է քեզ համար ձրի աշխատել, դա նորմալ մտածողություն չէ։ Բարեկամի էներգիան էլ արժեք ունի։ Այդ ընկալումը, որ երեխայի տատիկն է, ինչո՞ւ ենք մենք փող տալիս, որ իր թոռնիկին պահի, կներեք, բայց դա կառավարության մոտեցում չէ։ Իմ պրոբլեմն այն է, որ ես գիտեմ, որ հաջորդ մարզային կամ ոչ մարզային որեւէ այցի ժամանակ լայն ժպիտով գնալու եմ ասեմ՝ այդ որոշումից օգտվեցի՞ք, սիրելի շահառուներ, եւ ինձ առանց ժպտալու պատասխանելու են՝ ոչ։ Ասելու են՝ ձեր կարգավորման մեջ մի հատ հնարավորություն կա, 200 հատ սահմանափակում, մենք ներվ չունենք, ոչ էներգիա, ոչ ժամանակ, ոչ փող, ոչ էլ հավես։ Ես երեխա պահելու մեջ չարաշահումը չեմ հասկանում, ո՞րն է։ Եթե չաշխատեն, տատիկին էլ կազատեն աշխատանքից։ Մենք սրանով մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031