Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքն ու գործն իրար հակասում են: Խոսքի եւ գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած. Սեյրան Օհանյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2023 10:46

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույց տվեց եւ, ինչպես միշտ, բավականին վիճելի հայտարարություններ արեց, որոնց մասին է մեր զրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, օրինակ. «2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ այն, որ 7 շրջանները պետք է հանձնել, ԼՂ կարգավիճակը զրոյացնել, իսկ ԼՂում պետք է հաստատել հայադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂում լինեն մեծամասնություն»: Սա ասում է նույն այն Փաշինյանը, ով 2019 թվականի ամռանը Ստեփանակերտում հայտարարում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», նրա նախարարն ասում էր` «Նոր պատերազմ, նոր տարածքներ», եւ նա հայտարարում էր, որ ինքն է այդ կարգախոսի հեղինակը, իսկ 2020-ի տավուշյան մարտերից հետո շուրջ 100 զինվորականի մեդալներ շնորհեց եւ փառաբանում էր հայկական անհաղթ բանակին….

– Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, մեկնաբանությունները ես շատ վաղուց չեմ լսում, որովհետեւ խոսքի եւ գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած: Նրա խոսքն ու գործն իրար պարզապես հակասում են: Նրանից պետք է հարցնել՝ իսկ եթե ամեն բան այդպես էր, ինչո՞ւ էիր 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ հիմա ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ասում ես` «Ղարաբաղն Ադրբեջան է»: Դա կարող է մի բան նշանակել, դու ինքդ ողջախոհ քաղաքական գործիչ չես ու շատ հեռու ես պետական կառավարման համակարգից, որովհետեւ նախքան քեզ` Արցախի հակամարտության բանակցությունների շրջանում բանակցություններ էին վարում Արցախի ինքնորոշման համար, որովհետեւ Արցախն ինքնորոշվել էր խորհրդային օրենքներին համաձայն: Հիմքեր կային Արցախի եւ Հայաստանի ինտեգրված ամուր միասնականության համար: Բայց փաստացի Փաշինյանի օրոք բանակցային ողջ գործընթացը, կարելի է ասել, տապալվեց, որովհետեւ ինքը ողջախոհ քաղաքական գործիչ չէ: Նրա իրարամերժ հայտարարությունները հարցականի տակ դրեցին բոլոր նրանց, ովքեր Արցախի հարցով զբաղվում էին, այդ թվում՝ Ալիեւին, Մինսկի խմբի համանախագահներին, Փաշինյանը նաեւ խարխլեց բանակի կառավարման սկզբունքը, մարտունակության հիմքերը, կարգապահությունը: Իսկ եթե ավելի ընդհանրական խոսենք, նա ընդհանրապես չհասկանալով պետական կառավարման համակարգից, պետությունը պատերազմական իրավիճակից հանելու համար ոչինչ չարեց, որպեսզի բանակի համար թիկունք հանդիսանա, որպեսզի բանակը մեր հայրենիքի համար մարտնչի, դեռ մի բան էլ` պատերազմից հետո ոչինչ չարվեց մեր սահմաններն ամրապնդելու համար: Ինչ էլ անում են, շատ ուշացած են անում: Փոխարենը այդ մարդն ամրապնդեց իր աթոռը: Ժողովրդավարության անվան տակ նա կեղծեց ՏԻՄ ընտրությունները, զավթեց դատաիրավական համակարգը, հետապնդումներ իրականացրեց արժեհամակարգերի, ինչպես նաեւ արժեք ներկայացնող անձանց դեմ, դրա համար էլ մենք տեսանք, թե ինչ բերվեց հայ ժողովրդի գլխին, արդյունքում կորցրինք Արցախը: Նրա բոլոր խոսքերը, մանիպուլյատիվ են ու իրարամերժ, հանրությանը շփոթության մեջ գցող:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ
ոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031