Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել «Արցախը տանք և հանգիստ ապրենք» թեզի պաշտպանությամբ. դրա ապացույցը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից նրա հակաարցախյան ձևակերպումներն էին։ Երբ ասում է, թե «Մեր ռեսուրսների 70-80%-ը ԼՂ-ի վրա ենք դրել, հաշվի չենք առել, որ Ադրբեջանի մաս է», դրանով նա քաղաքացիներին ասում է՝ աշխատել և ձեր գումարներն ուղղել եք փուչ բանի վրա, իսկ երբ կգա Սյունիքի, Վայոց ձորի հարցը, հավանաբար, այն ժամանակ ևս հարցազրույց կտա և կասի՝ իսկ արդյո՞ք մեզ պետք են այս կոնֆրոնտացիոն մարզերը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի ասելիքին, նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ընդգծելով.
«Բանալի բառեր է տալիս մարդկանց, որպեսզի իր տխահռչակ քաղաքականությունն արդարացնողներ լինեն։ Ինքն իր աթոռն ու իշխանությունն է ուզում։ Առանց աչքը թարթելու՝ հրաժեշտ կտա 3-րդ Հանրապետությանը, անկախ Հայաստանի գաղափարին և դրա համար արդարացումներ էլ կգտնի, որովհետև նրա հետ աշխատում են մասնագիտացված կառույցներ»,– ասաց Սողոմոնյանը։
«Եթե մտածում են, որ դա հնարավոր էր առանց Արցախի, ապա Արցախը, որը եկավ Նախիջևանից հետո, վերջը չի, Արցախին հաջորդելու է մեր հայրենիքի մյուս մասը։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մարդը մարդուն գայլ է, բոլորի պատերազմն է բոլորի դեմ, իսկ նման հանձնվելու օրակարգով, խաչմերուկ դառնալու օրակարգով մենք դառնում ենք մատաղացու գառ»,- ասաց Սողոմոնյանը՝ ընդգծելով՝ հենց այս պարտվողական օրակարգն է փորձում Փաշինյանը թղթով ամրագրել և Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի, քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի մոտեցել ավարտին, ինչի պարագայում դա Փաշինյանի մոտ հեշտությամբ չի ստացվի։
Կարդացեք նաև
«Փաշինյանը շտապում է Հայաստանի կապիտուլյացիան ստորագրելու և Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու հարցում։ Փաշինյանն ուզում է թղթով և գրչով ապահովել Հայաստանի կապիտուլյացիան»,- ասաց Սողոմոնյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում