Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, թե մեր հանրային դիսկուրսում նման հարցեր կարող են քննարկվել. «Փաստ»

Դեկտեմբեր 21,2023 10:17

Պետության վարքագիծը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ինչ է մտածում հասարակությունը և ինչ քայլերի է դրդում քաղաքական գործիչներին։ Դրա համար էլ, ընդհանուր առմամբ, քարոզչությունը կարևոր տեղ է զբաղեցնում պետական քաղաքականության համատեքստում։

Այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, որ հանրության մեծ մասը սկսել է նույնիսկ չխոսել, չքննարկել Արցախի հայկական լինելու թեման, դրա փոխարեն ավելի շատ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք արցախցիները կկարողանան վերադառնալ Արցախ։ Ավելին, այսօր հանրային դիսկուրս են մուտք գործել թեմաներ, թե արդյո՞ք «անկլավ» կոչեցյալներն ադրբեջանակա՞ն են, թե՞ հայկական, Ադրբեջանն իրավունք ունի՞ վերցնել, ասենք, Տիգրանաշենը։ Կամ էլ վերլուծությունների առարկա է դարձել այն հարցը, թե արդյո՞ք ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Հայաստան։ Ընդ որում, հասել ենք մի կետի, որ այս ամենը քննարկվում է որպես սովորական մի թեմա, շարքային բանավեճի հարց, այն դեպքում, երբ այստեղ նույնիսկ վիճելու բան չկա:

Ասենք՝ մի 5 տարի առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, թե մեր հանրային դիսկուրսում նման հարցեր կարող են քննարկվել, ու հանրությունը կարող է համակերպվել Արցախի կորստի հետ կամ կասկածի տակ դնել Արցախի հայկականությունը։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ հասանք այսպիսի հանգրվանի։ Դեռևս տարիներ շարունակ որոշ ուժերի, այդ թվում՝ նաև այսօրվա իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչների ու նրանց իշխանության բերած «կենտրոնների» աջակցությամբ «կաթիլ-կաթիլ» այնպիսի քարոզչություն է տարվել, թե՝ Արցախը պահել չենք կարող, Արցախը բեռ է, պիտի հանձնենք, որ բարեկեցիկ ու խաղաղ կյանքով կարողանանք ապրել և այլն, և այլն։ Այդ ամենը ժամանակին սվիններով էր ընդունվում հանրության կողմից, այդ ամենը դիտարկվում էր որպես արտառոց մի բան: Սակայն, որքան էլ ցավալի է, այս քարոզչությունը քիչ-քիչ իր սերմերը տվեց հանրային մտածողության մեջ։

Հիմա իշխող ուժի ներկայացուցիչներն առավել ևս շարունակում են նույնատիպ քարոզչությունը՝ նախ՝ արդարացնելու իրենց բերած փորձանքները, ապա և կեղծ թեզերը ամրապնդելու, թե արտաքին ուժերն Արցախի թեման օգտագործել են որպես լծակ կամ մահակ Հայաստանի վրա ազդելու համար և այդ թեման խաղարկելու միջոցով էլ թույլ չեն տվել, որ Հայաստանը զարգանա։ Այլ կերպ ասած՝ պետք է համակերպվել Արցախի կորստի հետ, եթե ցանկանում ենք, որ արտաքին ուժերն Արցախի հարցը կրկին լծակ չդարձնեն Հայաստանի վրա ազդելու ու զարգացում թույլ չտալու համար։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031