Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան․ «Անձնագրային բաժանմունքները հրաժարվում են արցախցիների համար որևէ գործընթաց մեկնարկել՝ պատճառաբանելով, որ հրահանգավորված են այդպես վարվել․ «168 ժամ»

Դեկտեմբեր 21,2023 09:00

Արցախում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում մեծաթիվ խնդիրների առջև են կանգնում: Վերջին շրջանում հատկապես այդ խնդիրներն ավելանում են՝ ՀՀ քաղաքացիություն «չունենալու» ու 070 կոդով անձնագրերը փոխելու վերաբերյալ ներկա իշխանությունների կողմից ներկայացվող պահանջի առումով:

Նախօրեին էլ արցախցի մեր հայրենակիցներից մեկը 168.am-ին հայտնել էր, որ ինքը դեռևս 30 տարի առաջ առաջին անձնագիրը ստացել է ՀՀ-ում, այնուհետև, Արցախ տեղափոխվելուց ու անձնագրի ժամկետը լրանալուց հետո, հենց այնտեղ երկու անգամ վերաթողարկել և  ստացել է 070 կոդով կապույտ անձնագիր:

Արցախյան վերջին իրադարձություններից հետո տեղափոխվել է ՀՀ ու կանգնել փաստի առաջ: Անձնագրայինում նրան հայտնել են, որ ինքը ՀՀ քաղաքացի է, և իրավունք չունի օգտվելու արցախցիների համար նախատեսված կառավարության օժանդակության ծրագրերից, միևնույն ժամանակ հայտնել են, որ պետք է 070 կոդով անձնագիրը փոխելու գործընթաց սկսի:

Քաղաքացին արդարացի հարց էր հնչեցրել. «եթե ՀՀ քաղաքացի է, ինչո՞ւ պետք է փոխի անձնագիրը»:

Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը գնահատեց որպես քաղաքական կամքով ու նպատակահարմարությամբ լուծվող իրավիճակ և հատուկ ուշադրություն հրավիրեց խնդրի վերաբերյալ արցախցիներից ստացած մի շարք ահազանգերի ուղղությամբ.

«Ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության անձնագրային բաժանմունքները հրաժարվում են արցախցիների համար որևէ գործընթաց մեկնարկել՝ պատճառաբանելով, որ հրահանգավորված են այդպես վարվել: Այսինքն, մարդիկ ցանկացել են վարորդական վկայական ստանալ, իրենց ուղղակի չեն տվել՝ փորձելով քաղաքակիրթ ձևով հասկացնել, որ հրահանգ է տրված՝ չանել դա: Որպես եզրահանգում, ստացվում է, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո այստեղ փաստացի հրաժարվել են մարդկանց դե յուրե նախատեսված ծառայությունները մատուցել: Իհարկե, մի կողմից հասկանալի էր, որ յուրօրինակ իրավիճակի առջև էինք կանգնած՝ թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիները, բայց այս սպեցիֆիկ իրավիճակները, բոլորն էլ համակարծիք կլինեն, որ պետք է լուծվեն հօգուտ մարդկանց, քաղաքացիների՝ հաշվի առնելով իրավունքի գերակայության սկզբունքն ու մարդու հիմնարար իրավունքի կոնվենցիոն սկզբունքները»,- ասաց իրավաբանը:

Նազելի ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031