Լրահոս
Օրվա լրահոսը

«Անզեն պատվիրակների» առաքելությունը

Դեկտեմբեր 21,2023 10:00

Այս շաբաթն ինձ համար չափազանց բարեհաջող սկսվեց. Նախ բախտ ունեցա ունկնդրելու Սվետլանա Նավասարդյանին, իսկ հաջորդ օրը՝ Սերգեյ Խաչատրյանին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դա ուրախություն, երջանկություն պարգեւեց այն մի քանի հարյուր հոգուն, որոնք ներկա էին այդ համերգներին: Իսկ հարյուր հազարավոր հայաստանցիներ այդ կարեւոր իրադարձությունների մասին չգիտեին: Եվ ի՞նչ: Կարծում եք, որ չիմացողների, չլսողների վրա դրանք չե՞ն ազդել: Ես վստահ եմ, որ ազդում են: Դա «բանական» մակարդակով դժվար է հասկանալ եւ բացատրել, բայց ժամանակակից գիտությունն ընդունում է, որ տիեզերք ուղարկվող դրական էներգիան վերջին հաշվով հավասարակշռում է բացասականը:

Առերեւույթ բացասականն ավելի շատ է: Երեքշաբթի օրը երեկոյան Հ1-ով դարձյալ ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ինքնարդարացումների հերթական «դոզայով»: Հնչեց հերթական պառակտիչ խոսքը: Հարյուր հազարավոր մարդիկ դրա մասին իմացան, իսկ առավել ամուր նյարդեր ունեցողները՝ նույնիսկ լսեցին: Արդյունքում տիեզերք մղվեց բացասական էներգիայի նոր չափաբաժին: Իշխանության կողմնակիցները հերթական անգամ հրճվեցին վարչապետի «իմաստուն խոսքով» (մասնավորապես, ռուսների հասցեին կսմիթներով), ընդդիմախոսները ցասման նոր պահեր ապրեցին «դավաճանության» եւ «թուրքամետության» կապակցությամբ: Որեւէ դրական իմաստ այդ քննարկումների մեջ ես չեմ տեսնում:

Ջոն Թոլքինի առասպելաբանության մեջ կա մի դրվագ, երբ բարի, լուսավոր ուժերը դարձյալ տեսնում են, որ իրենց ջանքերն առանձնապես արդյունավետ չեն եւ Էնդոր են ուղարկում «ի՛ստարիներին»՝ միաբանության անդամներին, անզեն պատվիրակներին, որոնք կոչված են ոգեւորություն, սեր եւ հույս տարածել:

«Անզենն» այստեղ պետք է հասկանալ նաեւ փոխաբերական իմաստով, որովհետեւ մարդիկ զինվում են ոչ միայն տանկերով եւ ԱԹՍ-ներով, այլեւ ցինիզմով, երեսպաշտությամբ, դեմագոգիայով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ զենքի «առաջին տեսակը» երկրորդի շարունակությունն է ու հետեւանքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031