Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոկոմոտիվ» ՖԱ տնօրեն․ «Եթե ՀՖՖ-ն համաձայն չէ իմ հնչեցրած մեղադրանքներին, կարող է դիմել դատարան, որտեղ ես պատրաստ եմ պաշտպանել եւ ապացուցել իմ ներկայացրած մեղադրանքները»

Դեկտեմբեր 21,2023 00:12

Երեւանի «Լոկոմոտիվ» ՖԱ տնօրեն Արմեն Քանանյանը դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունից առաջ խոսել է ՀՖՖ նախագահի թեկնածու, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի ղեկավարման չորս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլին հասցված վնասների մասին։

Երեւանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը 2002 թվականից ՀՖՖ անդամ է, բայց 2022-ին ֆեդերացիայի որոշման հետեւանքով հեռացվել է։ «Սակայն այդ որոշումը օրինական ուժի մեջ մտած չէ, քանի որ ներկա պահին այն Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում գտնվում է դատաքննության փուլում»,-ասաց Ա․ Քանանյանը՝ հավելելով, որ դեռ 2021 թվականին Լոզանի դատարանը բավարարել է իրենց առաջին հայցն ընդդեմ ՀՖՖ-ի եւ ֆեդերացիային պարտադրել վերացնել «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառված բոլոր ապօրինի պատժամիջոցները։ «Մենք պարտավորեցնելու ենք փոխհատուցել բոլոր ֆինանսական կորուստները, որ առաջացել են մեր դեմ ֆեդերացիայի կայացրած անօրինական որոշումից։ Երկրորդ հայցը վերաբերում է մեր հեռացման որոշմանը, որպեսզի վերականգնվի մեր անդամությունը ՀՖՖ-ին»։

Ա․ Քանանյանը հանրությանը իրազեկելու նպատակով հիշեցրել է ֆեդերացիա-ակումբ հակասությունների նախապատմությունը եւ նշել, որ այդ ամենի պատճառը եղել է այն, որ իրենք 2018 թվականին ՀՖՖ նախագահի ընտրության ժամանակ չեն պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։

Այնուհետեւ, ակումբի տնօրենը կոնկրետ օրինակներով ներկայացրել է գրեթե բոլոր ոլորտներում օրենքների, ֆեդերացիայի կանոնադրության եւ կանոնակարգային բազմաթիվ խախտումները, որ իրականացվել եւ իրականացվում են ներկայիս ղեկավարի, նրա թիմի կողմից եւ հայտարարել, որ եթե ֆեդերացիան համաձայն չէ իր հնչեցրած մեղադրանքներին, կարող է դիմել ինչպես Լոզանի, այնպես էլ առաջին ատյանի դատարաններ, որտեղ ինքը պատրաստ է պաշտպանել եւ ապացուցել իր ներկայացրած մեղադրանքները։

Արմեն Քանանյանը նաեւ նշեց, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը տիրապետում է մանիպուլյացիայի վարպետությանը եւ իրեն վերագրում բաներ, որոնք սկսել են կատարվել մինչեւ իրենց գալը։ Մասնավորապես, նա անդրադարձավ պարզ տիպի խաղադաշտերի կառուցմանը, ինչը այսօրվա ՀՖՖ ղեկավարությունը ներկայացնում է որպես իր ձեռքբերում։

«Արմեն Մելիքբեկյանը շարունակաբար կրկնում է, թե իրենք փոքր մարզադաշտեր են կառուցում ու երեք տարի խոսում է դրա մասին։ Բայց ուզում եմ նշել, որ փոքր մարզադաշտերը կառուցվել են ոչ թե իրենց նախաձեռնությամբ եւ ոչ իրենց միջոցներով, այլ ֆուտբոլի մասսայականացման ՈՒԵՖԱ-ի հատուկ ծրագրով եւ ամբողջ գումարը նպատակային տրամադրել է ՈՒԵՖԱ-ն։ Այսինքն, իրենք ուղղակիորեն կատարել են ՈՒԵՖԱ-ի տված հանձնարարությունը։ Եվ դա որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը ծիծաղելի է։

Այդ մարզադաշտերի կառուցումը եւ վերանորոգումը սկսվել է դեռ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին եւ այդ մարզադաշտերի կառուցման աշխատանքների 70-ից 80 ու ավելի տոկոսն արդեն իրականացվել էր։ Իսկ մնացած աշխատանքը սրանք կատարել են չորս տարվա ընթացքում։ Վստահաբար ասում եմ, որ պարոն Հայրապետյանի ղեկավարման պարագայում դա ավելի արագ կլիներ։ Ներկայումս ֆուտբոլին տրված ակադեմիաները, ենթակառուցվածքների 95 ու ավելի տոկոսը իրենք ժառանգել են պարոն Հայրապետյանի կառավարման տարիներից»,-ասաց Արմեն Քանանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031