Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մազաթափությանը նպաստող 10 հիմնական գործոնները

Դեկտեմբեր 21,2023 09:30

Մազաթափությունը կամ մազերի որակական փոփոխությունները սոսկ էսթետիկ խնդիրներ չեն․ դրանք կարող են հուշել օրգանիզմում առկա խնդիրների մասին կամ լինել դրանց հետևանքներից մեկը։ Մազերի վրա ազդող գործոնները տարբեր են, դրանց թվում են ժառանգականությունը, հորմոնալ խնդիրները, սթրեսը և այլն։ Econet-ն առանձնացրել է մազաթափություն և մազերի հետ կապված խնդիրներ առաջացնող 10 հիմնական պատճառները։

1. Ժառանգականություն

Մազերի գույնը, երկարությունը, հաստությունը կախված է գենետիկայից․ ինչ-որ մեկի մոտ մազերի աճի փուլն ավելի երկար է տևում, մյուսի մետ՝ ընդհակառակը։ Ժառանգական տիպի ճաղատությունը մազաթափության՝ առավել հաճախակի հանդիպող տեսակներից է։

2. Տարիք

Տարիքի հետ մազերը սպիտակում են՝ կորցնելով պիգմենտը, ինչպես նաև դանդաղում է դրանց աճը օրգանիզմում կենսաքիմիական գործընթացների փոփոխությունների պատճառով։

3․ Օջախային ալոպեցիա կամ տեղային մազաթափություն

Սա աուտոիմունային խնդիր է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ գրոհում է մազերի ֆոլիկուլների բջիջների վրա, և մազերը սկսվում են տեղ-տեղ թափվել։ Կարծիք կա, որ այդ վիճակի զարգացման գործում մեծ դեր է խաղում ժառանգականությունը։ Հարդատենդ, վիտիլիգո, Դաունի համախտանիշ, վահանաձև գեղձի խնդիրներ, ասթմա ունեցող մարդկանց շրջանում ավելի մեծ է օջախային ալոպեցիա առաջանալու հավանականությունը։

4. Սթրես

Սթրեսային իրավիճակներում մազերի մինչև 30 տոկոսը դադարում են աճել՝ հանգստի փուլ մտնելով (սովորական պայմաններում՝ 10 տոկոսը)։

5․ Հորմոնալ խանգարումներ

Հորմոնալ խանգարումները (օրինակ՝ հղիության, դաշտանադադարի շրջանում, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի դեպքում) կարող են ժամանակավոր մազաթափության պատճառ դառնալ։

6. Վահանաձև գեղձի խանգարումներ

Վահանաձև գեղձը կարգավորում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները։ Վահանաձև գեղձի հորմոնների ինչպես պակասը, այնպես էլ ավելցուկը ազդում է մազերի աճի վրա և կարող է խթանել մազաթափությունը։

7.  Սննդանյութերի անբավարարություն

Որոշակի հանքանյութերի և սննդանյութերի  անբավարարությունը կարող է դանդաղեցնել մազերի աճը․ օրինակ՝ երկաթի, ցինկի, բիոտինի, սպիտակուցի, կալցիումի, վիտամին D-ի դեֆիցիտը։

8. Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբեղմնավորիչները, կալցիումական անցուղիների պաշարիչները, ռետինոիդները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, հակադեպրեսանտները կարող են դանդաղեցնել մազերի աճն ու մազաթափություն առաջացնել։

9․ Գլխամաշկի վարակներ

Գլխամաշկի սնկային վարակները ևս մազաթափության պատճառ կարող են դառնալ։ Սնկային վարակները դրսևորվում են քորով, գլխամաշկի որոշակի հատվածների այտուցներով ու կարմրածությամբ։

10. Սանրվածքներ ու մազերի խնամքի միջոցներ

Մազերի երկարացումը, հյուսքերը, մազերն ամուր կապելը, քիմիական որոշ միջոցներն ու բարձր ջերմաստիճանով մազերը հարդարելը ևս կարող են վնասել վարսերն ու խթանել դրանց կորուստը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031