Լրահոս
Օրվա լրահոսը

Անցում կյանքով. Նարեկ Կոսմոսի «անց 48» ժողովածուն

Դեկտեմբեր 21,2023 12:30

Ժամանակը կարողանում է խմբագրել մարդուն ու իր ստեղծած տողը։ Ժամանակը նաև թելադրում է գրական ներկապնակի գույները։ Այս համատեքստում անդրադառնանք  երիտասարդ բանաստեղծ, երգահան, հեղինակ-կատարող Նարեկ Կոսմոսի վերջերս լույս տեսած «անց 48» բանաստեղծությունների ժողովածուին։ Ժողովածուի յուրաքանչյուր ստեղծագործություն մարդկային էությունն «ընթերցելու» քայլ է։

Նարեկ Կոսմոսի ռիթմիկ պոեզիան կապի միջոց է հանդիսանում մարդու եւ առարկաների, երեւույթների ու զգացումների միջեւ։ Կյանքը՝ կյանքից դուրս, ներսը՝ ներսուդուրս անելիս. բանաստեղծությամբ հեղինակը փոխակերպվում է, կենդանություն հաղորդում անշունչ առարկաներին, երբեմն ընդզվում ինքն իր դեմ։

Ես այնքան եմ ուզում
լինել միակ պատահականությունը
քո գծված կյանքում…
ուզում եմ լինել միակ գնացքը,
որ իր ռիլսերը
կփոխի դիմագծերիդ հետ,
որ դիմագծերովդ կգնա հեռու՝
ժպիտիդ կանգառներն անգիր արած…

Ոչ մի խճճված պահ։ Նարեկի բանաստեղծությունը հոսում է պարզ ու խորը, առօրեական։ Հեղինակի պոեզիայում ցայտուն  մերկացված է իրականությունն իր բոլոր շերտերով, խավերով, բնավորություններով։

Բանաստեղծական արթնացում. այսպես կարող ենք բնորոշել ժողովածուի առաջին մի քանի բանաստեղծությունները, որոնց մեջ հեղինակը փնտրում է մե՛կ ինքն իրեն, մե՛կ՝ աշխարհն ու շրջապատող մարդկանց, մարդկային ես-ը, փոխհարաբերությունների խնդրի բուն էության հետեւից է գնում ու ենթագիտակցականն է փոքր-ինչ շոշափում։

Ինձ պետք են մեծ քաղաքներ,
որ կարողանամ արտահայտել
փոքր մտքերս…

Մի խոսքով
ինձ պետք են մեծ քաղաքներ,
որ արտահայտեմ
երկրիս բյուջեի չափ մտքեր
շատ փոքր մտքեր,
շատ փոքր մտքեր…

***

Ես չեղա քո հանդերձարանը,
դու չփոխվեցիր իմ մեջ…
ու բնավորությունս մրսեց չլինելուցդ,
չերեւալուցդ…
ու ամեն գիշեր հորինեցի տունս,
հորինեցի քեզ իմ անկողնում,
հորինեցի հորինվելս քո մտքում…
բայց իրականությունն
ու բանաստեղծությունը
այլ դասարանից են…

Քաղաքը, շենքը, այդ քաղաքում ու այդ շենքում ապրող մարդն իր ամբողջ բնույթով ու բնավորությամբ հեղինակի բանաստեղծական հետաքրքրությունների սահմանում է։ Բանաստեղծը երբեմն փիլիսոփայական զուգորդումներով է ընթացքավորում տողը։

Գիտեմ, մամ,
գիտեմ,
որ քո ցավի կտորներից
պատրաստված մի բան եմ…

Կամ՝

Մենք, որ ծնվել ենք ինչ-որ անհայտ գիտակցմամբ,
ու մենք, որ նման ենք Աստծո դիտողությանը մեր ծնողներին…

***

Ես մանրամասն տխրում եմ,
երբ ուրիշի տխրությունը
համբուրում է կիսատությունս…

Կամ՝

եւ հետո,
երբ քունս որոշի տանել,
կտանի ինձ ջութակի նորից,
եւ ես նորից կվճռեմ
նվագելու փոխարեն հաշվել երաժշտականիս ցուրտ սենյակները,
նավթի կաթկթոցը վառարանին,
երբեմն գետնին…
ու Շոստակովիչի հայացքը,
որ սաստում էր ինձ, երբ վճռում էի, գլեն միլեր նվագել…

Զգացմունքը հեղինակը լակոնիկ է արտահայտում։ Անկախ սյուժետային զարգացումներից՝ «անց 48» ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները ընթերցողի համար զրուցակից են դառնում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի արդեն երգեր դարձած տողերը, որոնք ամփոփված են գրքի վերջին բաժնում։

Նարեկի պոեզիայում իրադարձությունները ձեւավորված են բնավորությունների հիմքով։ Ինքն է գլխավոր հերոսը՝ երբեմն իրեն կորցնում է մեծ ու փոքր քաղաքներում, Գյումրիում՝ իրենց տանը, կիթառի լարերի արանքում, իր ստեղծած երգի մեջ, մարդկանց աչքերում ու ականջներում։ Ի՞նչ է ուզում այս պայմանական-իրական ռոմանտիկ եւ անհատականացնող-խորհրդանշող պոետը. կիմանաք «անց 48» ժողովածուն ընթերցելուց հետո։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Ափսոս շատ թույլ էին գործերը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031