Լրահոս
Օրվա լրահոսը

«Նունե Բադալյան եւ ընկերներ»

Դեկտեմբեր 21,2023 13:00

ՀՀ վաստակավոր արտիստը 25 տարի օպերային բեմում է

Հանրային դեմքերի, այս դեպքում՝ արտիստների, ծննդյան օրերն ու հոբելյանները նշելու առիթով կան բազմաթիվ գրված եւ չգրված օրենքներ, կարճ ասած՝ դրանք նշվում են տարբեր ձեւաչափերով։ Ընդ որում, ծննդյան օրերի նշման կարգը ամրագրված է Աստվածաշնչից սկսած՝ մինչեւ տարբեր երկրների կառավարությունների որոշումներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրենքներում։ Մեր երկրում ընդունված է պետության կողմից դրամաշնորհի ձեւով մշակութային օջախներին տրամադրվող ֆինանսական աջակցություն՝ տարվա ընթացքում արտիստների ծննդյան օրերն ու հոբելյանները նշելու համար։ Անցնող տարում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը տարբեր ձեւաչափերով նշեց իր անվանի արվեստագետների հիշարժան տարելիցները։ Այսպես. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ցուցադրությունը նվիրվեց օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալիս Հեքիմբաշյանի ծննդյան օրվան, Վերդիի «Տրավիատան»՝ երգչուհի Նադեժդա Պապայանի 155-ամյակին։ Շարա Տալյանի 130-ամյա հոբելյանի առիթով բեմում «Անուշ» օպերան էր, Հայկանուշ Դանիելյանի 130-ամյակին էլ նվիրված էր Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», Բիզեի «Կարմենը»՝ Գոհար Գալաչյանի 100-ամյակին։

Հոբելյան նշելու այլ ձեւաչափ էր ընտրված սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանի քառորդ դարյա բեմական գործունեության առիթով օրերս կայացած «Նունե Բադալյան եւ ընկերներ» խորագրով երեկոն։ Բեմում էին օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը եւ Նունե Բադալյանի գործընկերները՝ ճանաչված երգիչներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Հովհաննես Անդրեասյանը։ Դիրիժորական վահանակի մոտ էին ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը եւ Հարություն Արզումանյանը։ Հնչեցին սիրված երգեր, նաեւ մեներգեր, դուետներ, տերցետներ համաշխարհային օպերային գրականությունից, ինչպես նաեւ նվագախմբային ստեղծագործություններ։

Նունե Բադալյանին առանձնահատուկ ներկայացնելու կարիք չկա. երգչուհին հանդես է եկել ոչ միայն օպերային դերերգերով, այլեւ համագործակցել է հայաստանյան եւ արտասահմանյան տարբեր նվագախմբերի հետ, մի շարք համերգներ է ունեցել, այդ թվում՝ փառատոնային, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Ժնեւում, Աթենքում, Կիպրոսում, Լիբանանում եւ այլուր։ Նա Բիզեի «Կարմենում»՝ Միքաելլայի դերերգով, հիացրել է Ֆրանսիայի Կայն-սյուր-Մեղ քաղաքի օպերասեր հանդիսատեսին, իսկ Բելինիի «Նորմա» օպերայում Ադալջիզայի դերերգով՝ Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի հանդիսատեսին, որտեղ ներկայացել է հարազատ թատրոնի հետ։ Նրա ականջահաճո սոպրանոն մի այլ գույն է հաղորդել Մոցարտի Ռեքվիեմի, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Բրամսի Ռեքվիեմի, Հենդելի Մեսսիայի, Դվորժակի Ռեքվիեմի եւ այլ մեծակտավ ստեղծագործությունների կատարումներին։ Ժամանակին սոպրանոյի մենահամերգներին անդրադարձել են Համբուրգի, Նյու Յորքի, Բոստոնի, Վաշինգտոնի, Լոս Անջելեսի, Սան Դիեգոյի մասնագիտական պարբերականները։ Տարիներ շարունակ մեր հանդիսատեսը վայելել է երգչուհու կողմից բարձրարվեստ ներկայացվող գլխավոր դերերգերը Վերդիի «Տրավիատա», Մոցարտի «Կախարդական սրինգ», Չայկովսկու «Իոլանտա», Տիգրանյանի «Անուշ», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերաներում։ Նա մասնակցել է նաեւ Պուչինիի «Թիկնոցը» օպերայի ձայնագրությանը՝ կատարելով Ջորջետտայի դերերգը։

Վերեւում նշեցինք, որ ծննդյան օրերն ու հոբելյանները նշելու առիթով կան բազմաթիվ գրված ու չգրված օրենքներ։ Օրինակ, մարդկանց մի մասը հոբելյան է համարում 0-ով վերջացող տարեթվերը՝ 20, 30, 40…, մյուս մասը՝ 5-ով՝ 25, 35, 45… Սովորաբար նշվում է երկու «ամյակ» միասին՝ ծննդյան եւ բեմական գործունեության։ Թատերական աշխարհում ընդունված են բենեֆիսները, որտեղ արտիստը ներկայանում է իր տարբեր ներկայացումներից հատվածներով, բնականաբար՝ գործընկերների ընկերակցությամբ։ Այդ ձեւաչափը, չգիտես ինչու, վաղուց չի իրականացվում մեզ մոտ։

Իհարկե, հանրային հնչեղություն ստացող հոբելյան նշելը, արտիստի վաստակը ներկայացնելը եւ իսկապես տոն պարգեւելը թե հոբելյարին եւ թե հանդիսատեսին, դժվար է։ Անդրադառնալով Նունե Բադալյանի հոբելյանին, փաստենք, որ տոնը ստացվեց։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարների հավաքածուն Նունե Բադալյանի հոբելյանական երեկոյից է։

«Առավոտ» օրաթերթ
20.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031