Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են ներկայացնել, թե մեկ ստորագրությամբ ճակատագրական բան է տեղի ունենալու, թե հայ ժողովուրդը կորցնելու է Արցախը։ Դա սուտ է»

Դեկտեմբեր 21,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։

– Պարոն Սահակյան, մոտենում է հունվարի մեկը, Արցախի նախագահը Արցախը լուծարելու մասին հրամանագիր էր ստորագրել, ի՞նչ է սպասվում հունվարի 1-ից հետո։ Ի վերջո, Արցախի նախագահի ստորագրությամբ կամ ՀՀ իշխանությունների հայտարարություններով հնարավո՞ր է փակել Արցախի հարցը, լուծարել կայացած հանրապետությունը։

– Իհարկե, չի կարող նման բան տեղի ունենալ, դա ոչ միայն անընդունելի է հայ ժողովրդի համար, անընդունելի է նաեւ միջազգային հանրության համար։ Միջազգային հանրությունը միակուռ համակարգ չէ, դա տարբեր պետությունների միավորում է, որոնք խաղում են ինչ-որ կանոններով։ Արեւմտյան խաղի կանոններով՝ նման բան չի կարող տեղի ունենալ, պետությունները մեկ ստորագրությամբ չեն կարող վերանալ, որովհետեւ մեկ ստորագրությամբ չեն առաջացել։ Գործընթաց է տեղի ունեցել, մենք պայքարել ենք, ինքնորոշման իրավունքի հարց ենք բարձրացրել։ Այլ հարց, որ նման քաղաքականություն տարվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնց համար դա ընդունելի է։ Իսկ ընդունելի է այնքանով, որքանով ուժի ազդեցության տակ մարդկանց եւ անգամ պետությունների ղեկավարներին կարող են ստիպել անել այն ամենը, ինչն իրենց ձեռնտու է։ Հիմա այս երկրորդ կողմը մեզ կարողացել է ստիպել, որ մենք նման քայլի գնանք։ Եթե դրան համաձայնություն տանք, դա նախադեպ կլինի, որ այլ տարածաշրջաններում եւս նման դեպքեր լինեն, ինչը ծանրագույն հետեւանքներ կունենա ամբողջ համաշխարհային կարգի վրա։

– Բայց մենք տեսնում ենք, որ նույն Արեւմուտքը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դեմ որեւէ գործողություն չարեց։

– Իսկ ինչո՞ւ պետք է Արեւմուտքը դա աներ, եթե մենք դեմ չէինք։ Դա մեր խնդիրն էր, Արցախը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կարիքն է, մեր շահերից  է բխում, մեր ցավն է։ Եթե մենք դրան դեմ չենք, Արեւմուտքն ինչո՞ւ պետք է դեմ լիներ։ Հիմա նույնը Ուկրաինայի դեպքում է, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն է որոշակի հաջողություններ ունեցել այն ֆոնին, երբ ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններն են որոշակի լարված։ Հիմա ասում են՝ Ամերիկան «գցեց» Ուկրաինային, բայց ես այլ կերպ եմ մեկնաբանում՝ դա նախ եւ առաջ ուկրաինացիների խնդիրն է, իրենք են մտել այդ ամենի մեջ։ Իսկ ԱՄՆ-ին ձեռնտու է, որ ուրիշի ձեռքով շագանակներ հանի կրակից։ Պետք էր Ռուսաստանին թուլացնել, Ուկրաինայի ձեռքերով թուլացնում է։

– Արցախի հարցը լուծված չէ, այդպե՞ս է, ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը։

– Արցախի հարցը փակված չէ։ Արցախի հարցն այժմ անորոշ ու չլուծված վիճակում է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի կողմից, որոնք ընդունել են արտաքին քաղաքականության մի գիծ, որով հրաժարվում են Հայաստանի շահերից, որի մեջ մտնում է նաեւ Արցախը։ Երբ կգա մեկ այլ կառավարություն, որն առանց վախենալու, առանց կաշկանդվելու ու այլ պետությունների շահերն սպասարկելու կհայտարարի, որ Արցախը Հայաստանի ազդեցության գոտի է, այնտեղ էթնիկ հայեր են ապրում, իրավիճակ կփոխվի։ Փորձում են ներկայացնել, թե մեկ ստորագրությամբ ճակատագրական բան է տեղի ունենալու, թե հայ ժողովուրդը կորցնելու է Արցախը, սուտ է այդ ամենը։ Եթե ուժ ու կամք ունեցանք, հետ ենք վերցնելու, եւ վերջ։

-Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին խոստանում են, որ ռեւանշ չի լինելու։ Հայ ժողովուրդն այս ամենն այսպես է թողնելու, թե՞ ռեւանշ լինելու է։

– Օրինակ՝ ցեղասպանությունից հետո նույն բանն էինք ասում, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, հիմա ո՞վ է խոսում ցեղասպանության մասին, ո՞վ է խոսում այն մասին, որ Թուրքիայից տարածքային պահանջներ ունենք, իրավունքներ ունենք այնտեղ։ Շատ հանգիստ հայ ժողովուրդը սա կարող է մոռանալ, եթե չկան հստակ ձեւավորված ժողովրդի իրավունքները, շահերը, սպասարկման մեխանիզմները, որը պետք է պետությունն անի։ Եթե մեր պետությունն այդ շահերը չի սպասարկում, այդպես մոռանալու են գնան։ Հետեւաբար, պետք է այս կառավարող խմբակին փոխել, որպեսզի մենք նույն ճակատագրին չարժանանաք։ Այդպես ապրիորի հնարավոր չէ ասել՝ ռեւանշ լինելու է։ Ո՞նց է լինելու, եթե մենք դրա ուղղությամբ ոչինչ չենք անելու։ Մենք կամք չենք դրսեւորում, չենք բարձրաձայնում մեր շահերի ու իրավունքների մասին, լուռ ու մունջ համակերպվում ենք։ Եթե համակերպվում ենք, աշխարհն էլ է տեսնում, որ հայ ժողովուրդը համակերպվող է։ Կամ մենք՝ որպես ազգ, որպես էթնիկ միավոր, ծերացած ենք, կամ հոգնել ենք, կամ հանձնվել ենք։ Իսկ հիմա աշխարհը պատրաստվում է գլոբալ մեծ պատերազմի։ Այդ պատերազմին պատրաստվելիս նրանց պետք են ուժեղ գործընկերներ։ Օրինակ՝ Ուկրաինան հայտ է ներկայացրել, որ ինքն ուժեղ գործընկեր է, պատրաստ է կռվելու, եւ նրան ֆինանսավորում են, զենք-զինամթերք են տալիս։ Մենք հանձնվել ենք, ուրեմն մենք ոչ մի կողմին պետք չենք, քանի դեռ որոշել ենք, որ մեր իրավունքները հանձնել ենք։ Նրանք ավելի շուտ ու ավելի շատ կհամագործակցեն Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանը ոչ միայն հայտարարում է իր իրավունքների մասին, այլեւ իրական հողի վրա գործարկում է, անընդհատ Հայաստանին ու աշխարհին նոր փաստերի առաջ է կանգնեցնում, նոր իրավիճակներ ու իրողություններ է ստեղծում։

– Ասում եք՝ պետք է իշխանությունը փոխվի, որպեսզի իրավիճակ փոխվի։ Այս հարցին ի պատասխան շատ է հնչում հետեւյալ հարցադրումը՝ իսկ ո՞վ գա իշխանության։ Որտե՞ղ են հայաստանյան քաղաքական ուժերը, ինչո՞ւ չկան այնպիսի ուժեր, որոնք մարդկանց դուրս կբերեն այս թմբիրից կամ անտարբեր վիճակից։

– Երբ մենք դուրս կգանք այդ տրամաբանությունից, քաղաքական ուժերին էլ կհայտնաբերենք, մեր շուրջը կտեսնենք։ Այն քաղաքական համակարգը, որը հիմա գործում է Հայաստանում, դեգրադացնող քաղաքական համակարգ է։ Անընդհատ փոխարինման է գալիս վատից ավելի վատը։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած քաղաքական համակարգի տրամաբանական շարունակությունն է, ինչպես Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Որպեսզի մենք գտնենք այնպիսի կուսակցություն ու առաջնորդներ, որոնք դուրս կլինեն այս ամենից, պետք է նայել ոչ կառավարական շրջանակների մեջ, տեսնել, թե ինչ են առաջարկում նրանք։ Մենք չպետք է մտածենք, որ Ռուսաստանը կամ Ֆրանսիան, կամ ինչ-որ այլ երկիր մեզ կփրկի։ Երասխի մետալուրգիական գործարանը կառուցելիս տարանք այնտեղ ամերիկյան դրոշ դրեցինք, թե հիմա ամերիկացիները մեզ կփրկեն։ Բայց դա դեգեներատ մտածողություն է, դա պարտված, մեռած, ինքնուրույն մտածելու ունակությունից զրկված մարդկանց մտածողություն է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031