Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը աղավաղում է Արցախի վերաբերյալ իր կուսակցության խոստումները. «ՍիվիլՆեթ»

Դեկտեմբեր 20,2023 23:40

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում հայտնել է, թե 2021-ի նախընտրական ծրագրով իրենք նախատեսում էին ոչ թե Հադրութի և Շուշիի վերադարձ, այլ հայկական բնակչության՝ այնտեղ ապրելու հնարավորություն։

 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրել է Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը և պարզել, որ վարչապետն աղավաղում է իր իսկ կուսակցության խոստումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում պնդել է, թե 2021-ին կուսակցության նախընտրական ծրագրում իրենք նախատեսում էին ոչ թե Հադրութի և Շուշիի վերադարձ, այլ այդ բնակավայրեր տեղահանված անձանց վերադարձ։

Ղազարյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ եթե իշխանությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ի նպաստ հայության լուծելու որևէ հնարավորություն չի եղել դեռ 90-ականներից, ապա ինչու նախընտրական խոստումների մեջ ներառվել են Շուշին և Հադրութը հետ բերելու թեզերը։

«2021-ի ընտրությունների ժամանակ խոսքը եղել է այդ բնակավայրերում եղած հայկական բնակչության՝ այնտեղ ապրելու հնարավորության մասին»,- պատասխանեց Փաշինյանը։

Ի՞նչ էր իրականում գրված ՔՊ նախընտրական ծրագրում

2021-ի հունիսին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին Քաղաքացիական պայմանագրի (ՔՊ) ներկայացրած նախընտրական ծրագրում Արցախի հիմնախնդիր առանձին բաժին կար։

Դրանում, մասնավորապես, նշվում էր.

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից»։

ՔՊ ծրագրում նաև արձանագրվում էր, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշվում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։

Իսկ վերջին կետում նշված էր.

«Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»։

Այսինքն՝ ծրագրում նախատեսվում էր առաջնահերթ հասնել այդ տարածքների դեօկուպացիային, վերադարձնել դրանք Արցախի վերահսկողության ներքո, ինչից հետո միայն հնարավորություն կլիներ տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ։

Բացի այդ, նույն ծրագրում, ինչպես նշվեց, հստակ արձանագրվում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Այսինքն՝ տրամաբանական չէր նույն փաստաթղթով նախատեսել տեղահանված անձանց վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրեր։

ԼՂ հարցը 1996-ից իսկապե՞ս փակ էր

Փաշինյանն անդրադարձավ նաև նախընտրական ծրագրում ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին արձանագրմանը։ Նա նշեց, թե նախընտրական ծրագրի այդ դրույթի հետևից գնալով նորից վերանայել, վերաքննարկել են, այդ թվում՝ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովը։

«Բա մենք ինքնորոշման իրավունքի հետևից գնում էինք, որ… ինչու ասացինք, որ նշաձողը պետք է իջեցնել, որովհետև մենք ուզում էինք ինքնորոշման մասին մեր պատկերացումները համապատասխանեցնել ինքնորոշման մասին միջազգային հանրության պատկերացումներին։ Որտե՞ղ են միջազգային հանրության պատկերացումները ԼՂ ինքնորոշման մասին, դա՝ 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովի պատկերացումներն են»,- ասաց Փաշինյանը։

1996-ի դեկտեմբերի 2-3-ը տեղի ունեցած Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագրի 20-րդ կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: Դրանում ԼՂ կարգավորման հարցում ներկայացվեց երեքկետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը: Եզրափակիչ փաստաթղթի մեջ, սակայն, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածի վրա վետո դրեց Հայաստանի նախագահը, և այն տեղ չգտավ ընդունված տեքստի մեջ: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտին հանդես եկավ հայտարարությամբ, որը որպես հավելված կցվել է եզրափակիչ փաստաթղթին:

Կարևոր է ընդգծել, որ 1996-ից հետո միջազգային դերակատարների կողմից ներկայացվել են կարգավորման այնպիսի տարբերակներ, որոնք «Լիսաբոնի գագաթնաժողովի պատկերացումներից» անդին են։

Օրինակ, 2001-ի Քի Վեսթի համաձայնագրով, որը ներկայացվել էր ԵԱՀԿ համանախագահների կողմից, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացում։

Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում էր Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն էր ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս էին գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր յոթ շրջաններից՝ բացի 20 կիլոմետրանոց միջանցքը:

Հարցազրույցում Փաշինյանը պնդեց, որ Մադրիդյան սկզբունքներով արձանագրված դրույթները ևս մեծապես բխում էին Ադրբեջանի շահերից։ Այս հայտարարության մանիպուլյատիվ լինելուն ՍիվիլՆեթը բազմիցս անդրադարձել է։ Լեռնային Ղարաբաղը, առնվազն տեսականորեն, Ադրբեջանից դուրս կարգավիճակի հնարավորություն էր ստանում Մադրիդյան սկզբունքներով ամրագրված ռեֆերենդումի միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031