Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում այսօր ձկնորսության արգելքի դեմ բողոքող նորատուսցիները պնդում էին, որ որսի արգելքը սովամահա է անելու համայնքի բնակիչներին:
«Սաղ մարզը սրանով ա ապրում, ուզում են ժողովրդին խեղդեն, սովամահ անեն, ոնց Ղարաբաղը տվին, նենց էլ Սեւանը տան…մեզ պետք չէ սենց կառավարություն»,- լրագրողների հետ զրույցում դժգոհում էին նորատուսցիները: Եղան բողոքի ցույցի մասնակիցներ, որոնք մտաբերեցին 2021-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը իրենց համայնք, որի ժամանակ վարչապետը վստահեցրել էր. «Էլի եմ ասում, թեեւ վստահ եմ, որ դուք 100 տոկոսով գիտեք, ձկնաշարի պաշտպանության առումով ինչ պետությունն անում է, էլի ձեզ համար է անում: Մեկ ա ձերն է: Որեւէ մեկը ուրիշ տեղից, փառք Աստծո, չի գալիս ո՛չ կառավարությունից, ո՛չ իշխանությունից քիթը խոթի էդտեղ, որ ուրիշի հացը փախցնի»: Վարչապետն իր թիմակիցների հետ ավելի վաղ Նորատուսում վանկարկել էր՝ ապագա կա Նորատուսում:
Ձկնորսության արգելքից դժգոհ նորատուսցիներն այսօր ելքը տեսնում էին ՀՀ-ն լքելու մեջ: «Ճիշտն էդ ա, ստեղ մնալու ապագա չունենք»,- ասաց նորատուսցիներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները հատուկ գործողություններ իրականացնելու արդյունքում Նորատուսցի 26 ձկնորսի են ձերբակալել: Ձկնորսները նախօրեին ոստիկանների հետ միջադեպ են ունեցել ձկնորսության արգելքի պատճառով: ՔԿ-ն միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.40-ին, Գեղարքունիքի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարդացեք նաև
Նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ