«Որեւէ Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի զորքերը, զինված ուժերը գտնվում են մեր տարածքներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա ասաց, որ նախ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան, որ նոր խնդիրները լուծվեն: Դիտարկմանը, որ իրենք հայտարարել են, որ չեն հեռանալու նա հորդորեց Ադրբեջանի նարատիվը չբերել օրակարգ. «Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե Ադրբեջանին դա ձեռնտու չի: Ադրբեջանը հասկանում է, որ դրանից կարող է Հայաստանի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ ապահովել, ճանապարհների ապաշրջափակում: Այդ ամենը շատ լավ նրանք վերլուծում են ու հետեւություններ են անում, ոգեւորված չեն, որ Հայաստանի հեռանկարը այդպիսին լինի: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի բան ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը մենք արդեն տեսել ենք եւ ինչը մենք հաստատ թույլ չենք տալու: Բայց Ադրբեջանի ուզելով չի, կա միջազգային հանրություն, կա Արեւմուտք, կան բազմաթիվ երկրներ, շահագրգռվածություններ, Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշումը մեծ է»:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում դեպքերի ժամանակագրություն նշեց ու դրան նախորդած պաշտոնյաների այցերը՝ Լավրովի այցը եղավ, հետո՝ Սոթք-Խոզնավարի դեպքը, եղավ Խովաեւի այցը, հաջորդեցին սեպտեմբերյան դեպքերը, սա մեղադրա՞նք է ռուսական կողմին, դուք ինչպե՞ս եք դա մեկնաբանում՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես ամբողջությամբ չեմ հասցրել դիտել վարչապետի ելույթը: Իհարկե, վարչապետի ներկայացրած այդ փաստագրական տվյալներն ամբողջապես իրականությանը համապատասխանում են, որոշակի տարօրինակ գործողություններ միշտ եղել են ռուսական կողմից՝ նախքան Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ իրականացնելը: Դա բոլորին ակնհայտ է: Ռուսաստանը թեեւ մի շարք պարտավորություններ ունի ՀՀ անվտանգության մասով, ի վիճակի չի կատարելու իր պարտավորությունը»:
Հարցին՝ ռուսական կողմը հրահրե՞լ է Ադրբեջանին, որ հարձակվի՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա դուք հրահրում եք, որպեսզի խնդիրներ առաջանան ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Հայաստանը ՌԴ-ի հետ կապված է արյունատար անոթներով, մեր կապվածությունը բավականին մեծ է եւ տնտեսական եւ այլ հարցերով: Մենք ձգտելու ենք հարաբերությունների մակարդակը բարձրացնել ամեն առումով, բայց Հայաստանը պետք է ունենա քաղաքական գործիքակազմը, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ