Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիների դժգոհությունները գնալով մեծանում ու շատանում են

Դեկտեմբեր 20,2023 21:33

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը այսօր հրապարակեց «Երեւանցիների ձայնը» ամենամյա հետազոտության շրջանակներում Երեւանի արդի հիմնախնդիրների վերաբերյալ «Ասեք՝ անենք-Ներկենք՝ գանձենք» հարցումների արդյունքները։ Հարցմանը մասնակցել է մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների 800 բնակիչ։

Երեւանի բնակիչները մայրաքաղաքի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրներ ըստ հաջորդականության համարում են հասարակական տրանսպորտը՝ 32,9 %, խցանումներն ու կայանատեղիները՝ 27,6․ այս խնդիրը մոտ վեց անգամ աճ է գրանցել, աղբահանությունը՝ 24,6, բնապահպանություն-էկոլոգիան՝ 19,4, թափառող շները՝ 15,3․ նույնպես մի քանի անգամ աճ կա, եւ ճանապարհների վատ վիճակը՝ 12,9․ երեք անգամյա աճ։

Երեւանցիները վերջին մեկ տարում քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխություն համարում են նոր երթուղիների ներմուծումը, ինչը պայմանավորված է նոր ավտոբուսների ներկրմամբ։

Իսկ թե որ տրանսպորտային միջոցները պետք է զարգացնել, առաջին տեղում դրել են մետրոն, որին հաջորդում են ավտոբուսը, տրոլեյբուսը, տրամվայը եւ ճոպանուղին։ Վերջինի պահանջարկը նույնպես բազմապատկվել է։

Մատուցվող կոմունալ ծառայություններից՝ ջրամատակարարում գազամատակարարում եւ էլեկտրամատակարարում, մայրաքաղաքի բնակիչներն ամենից ավելի դժգոհ են էլեկտրամատակարարումից:

Սոցիոլոգիական հարցման արդյունքներով մայրաքաղաքի բնակիչները ամենից շատ դժգոհ են Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներից, որոնց աշխատանքը 5 բալանոց համակարգով գնահատել են 3,2 բալ։

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից Կենտրոն վարչական շրջանում կարմիր գծերում եւ կայանատեղիներում ավտոմեքենան կայանելու համար 160 հազար դրամ, իսկ մյուս շրջաններում 24 հազար դրամ, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ դեկտեմբերի 1-ից վարձով տրվող բնակարանների համար 10 % եկամտահարկ վճարելուն։

Երեւանցիների դժգոհությունը ավելացել է նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի աշխատանքից։ Եթե 5 բալանոց համակարգով 2022 թվականին Վահե Ղազարյանին տվել էին 2,8 գնահատական, 2023 թվականին այն նվազել է՝ դառնալով 2,5 բալ։

Նույնը վերաբերում է նաեւ ոստիկանության գործունեությանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031