Բռնի տեղահանությունից հետո արցախցիները բազմաթիվ հարցերով են դիմում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Այս մասին այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ Արցախի ՄԻՊ-ը ՀՀ-ում չունի այն լծակները, որոնք ուներ Արցախում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար։
Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու որոշմանը՝ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այդ որոշումից բխող տարբեր խնդիրներ կան, որոնց ամեն օր բախվում են արցախցիները։ «Խոսքն անձնագրային բաժանմունքներում հերթերի մասին է, դա մի աննկարագրելի բան է։ Կոնկրետ մի քանի տեղամասերի անձնագրային բաժիններում արված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ ինքնակազմակերպված հերթեր են կազմում, առավոտյան գալիս են, իրենք իրենց ցուցակներ են կազմում։ Կոնկրետ Երեւանի մասին կարող եմ ասել, որ յուրաքանչյուր անձնագրային բաժին օրվա մեջ 30 հոգի է կարողանում սպասարկել։
Այս խնդիրը բարձրաձայնվել է, այս խնդրի մասին խոսել ենք, որ եթե այսպես շարունակվի, ամիսներ են պահանջվելու 100 հազարից ավելի մարդուն հաշվառելու համար։ Բայց այդ առումով դեռեւս փոփոխություն չկա, իրավիճակը շարունակվում է։ Եվ սա օբյեկտիվորեն այլ խնդիրներ է առաջացնում։ Սեպտեմբերից նպաստ եւ թոշակ չստացող քաղաքացիները, հատկապես խոսքը թոշակառուների մասին է, որոնք նաեւ աշխատանք չեն կարողանում գտնել, այդ մարդիկ, եթե այս տեմպերով շարունակվի, մինչեւ մարտ, ապրիլ, մայիս ամիսներ ուղղակի չեն ստանալու թոշակ ու չեն ունենալու եկամուտ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով այս իրավիճակը՝ միգուցե պետք է առաջնահերթություններ սահմանել, օրինակ, բնակչության խոցելի խմբերի համար։
Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ պետք է նաեւ խոսել այն մասին, որ որպես ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձ կամ որպես փախստական՝ արցախցիները չեն կարող որեւէ գործարք իրականացնել՝ առանց հաշվառման։ «Այսինքն՝ այդ հաշվառումը օդի եւ ջրի նման պետք է Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կարողանաս ցանկացած գործարք իրականացնել։ Խնդիր է այն, որ ոչ բոլոր տան տերերն են կողմ, որ արցախցիները գրանցվեն իրենց հասցեներով։ Եվ այդ պարագայում անձինք ոչ թե կոնկրետ բնակարանի կամ տան վրա են գրանցվում, այլ ինչ-որ շենքի, անորոշ հասցեի վրա են գրանցվում։ Մեկ այլ կարեւոր հարց է այն, որին պետք է պատասխան տրվի՝ ժողովուրդն ուզում է հստակ հասկանալ եւ լսել՝ արդյոք հաշվառվելու պարագայում զրկվելո՞ւ է աջակցության ծրագրերից, թե՞ ոչ։ Ինձ ուղղված ամենաշատ հարցը դա է, բոլորը դա են հարցնում՝ հիմա ի՞նչ եք խորհուրդ տալիս՝ հաշվառվենք, թե՞ ոչ, արդյոք դա մեզ զրկելո՞ւ է աջակցությունից։ Նույնը վերաբերում է քաղաքացիություն ստանալուն։ Կոնկրետություն չկա, թե արդյոք տեղահանված արցախցիները գույքային, նյութական որեւէ փոխհատուցում ստանալո՞ւ են, թե՞ չէ։ Մարդիկ շատ հաճախ կանգնում են երկընտրանքի առաջ՝ հաշվառվել, թե՞ չհաշվառվել, որովհետեւ մտածում են, որ հաշվառվելու դեպքում վաղը-մյուս օրը իրենք զրկվելու են գույքային փոխհատուցումից»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ կան նաեւ դեպքեր, երբ անձը, որն իր անձնագիրն ստացել է ՀՀ-ում, այնուհետեւ 25 տարի ապրել է Արցախում, այսօր դիմում է փախստականի կարգավիճակ ստանալու համար, եւ նրան ասում են՝ դու փախստական չես, ՀՀ քաղաքացի ես։ «Սա մեկ կամ երկու դեպք, չէ, բազմաթիվ դեպքեր կան։ Կան նաեւ դեպքեր, որ ոչ միայն այդ անձն է խնդրի առաջ կանգնում, այլ այդ անձի զավակներն են այդ խնդրի առաջ կանգնում։ Ասում են՝ քանի որ քո ծնողն իր անձնագիրն առաջին անգամ ստացել է ՀՀ-ում, դու էլ համարվում ես ՀՀ քաղաքացու զավակ, ըստ այդմ՝ դու փախստական համարվել չես կարող։ Կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք, որոնք հանդիսանում են եւ Արցախի, եւ, օրինակ, ՌԴ քաղաքացի, հիմա այդ անձինք չեն ստանում փախստականի կարգավիճակ, որովհետեւ նրանց ասում են՝ դու այլ երկրի քաղաքացի ես։ Իսկ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող համարվել փախստական։ Բացի դա, այդ անձին ասում են՝ ՀՀ-ում մնալու համար քեզ 50 օր ժամկետ է մնացել, դրանից հետո պետք է դուրս գաս ՀՀ-ից, հետո ներս մտնես որպես ՌԴ քաղաքացի։ Ես ՌԴ վրա օրինակը բերեցի, բայց կան նաեւ ալ երկրների հետ երկքաղաքացիության նման դեպքեր։ Ես մարդ գիտեմ, ով ամեն օր զանգում ու ասում եմ՝ խնդրում եմ օգնեք, այս իրավիճակում ես ինչպե՞ս վարվեմ։ Եվ այդ հարցին պատասխան ես էլ չեմ կարող տալ։ Դա էլ ասեմ, որ մարդիկ չեն ուզում իրենց «070» կոդով անձնագրից հրաժարվել։ Շատ քիչ մարդիկ կան, որ մինչ այժմ դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգով։ Մարդկանց չդիմելու հիմնական պատճառն այն է, որ զրկվելու են անհրաժեշտ, իրենց համար կենսական նշանակություն ունեցող աջակցություններից եւ հնարավոր վերադարձի դեպքում զրկվելու են Արցախ մտնելու հնարավորությունից։ Մարդ կա, կոնկրետ այդ հարցն է դնում՝ կարո՞ղ է ես ստանամ ՀՀ անձնագիր, վաղը որ վերադարձի խնդիր լինի, ինձ ասեն՝ չես կարող գնալ»,- հավելեց նա։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ անորոշությունները շատ են, եւ պատասխանները պետք է տան այս որոշումները կայացրած անձինք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ