Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սիրուշո փրոդաքշըն»-ի կալանքը կվերացվի, կվերացվի նաեւ Սիրանույշ Քոչարյանի բանկային հաշիվների կալանքը. դատախազությունը դեմ չէ

Դեկտեմբեր 20,2023 20:55

Դատախազությունում դեմ չեն, որ հայտնի երգչուհի Սիրուշոյին՝ Սիրանույշ Քոչարյանին, պատկանող «Սիրուշո փրոդաքըշն» ընկերության վրայից վերացվի 100 տոկոս արգելանքը՝ բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերադարձվի, վերացվի նաեւ նրա բանկային հաշիվների կալանքը:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի գնահատված գույքը բռնագանձելու գործով նիստը:

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ էր կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

  • 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.
  • Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
  • Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
  • Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

Պաշտպանական կողմն այսօր մի շարք միջնորդություններ ներկայացրեց՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների նկատմամբ կիրառված հայցի նախնական ապահովման միջոցները վերացնելու մասին, այն հիմնավորմամբ, որ  դատախազության պահանջը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ուստի արգելանք դնել նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող գույքի եւ նրանց բանկային հաշիվների վրա, տրամաբանական չէ:

Մեղադրող դատախազը հստակեցրեց դատախազության մոտեցումն՝ ասելով, որ օրենքի իմաստով, տվյալ գույքերը եւ դրամանակ միջոցները կարող են պատկանել Ռոբերտ Քոչարյանին՝ ապօրինի ձեռք բերված գույքի շրջանակներում, իսկ դա դատաքննության պարզելու խնդիր է: Դատախազն օրինակ բերեց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որի եկամուտների մի մասի օրինականությունը հիմնավորվել է, մի մասինը՝ ոչ:

Ի դեպ, այս ընկերության բաժնետեր է նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Այս մասով, Լեւոն Քոչարյանի կողմից գույքի տնօրինումը եւ եկամուտները համարվել է օրինական եւ դատախազությունը դեմ չէ կալանքը վերացնելուն: Երկար քննարկվեց նաեւ Լեւոն Քոչարյանին պատկանող դրամական միջոցներից արգելանքը հանելու հարցը. նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ Լեւոն Քոչարյանի կողմից տնօրինվող գույքը տնօրինվում է հենց նրա կողմից, եկամուտներն էլ օրինական են:

Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ անտրամաբանական է համարում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելն այն պարագայում, երբ դատախազության պահանջը բացառապես Ռոբերտ Քոչարյանից է:  Նրա դիտարկմամբ, այս դեպքում գործ ունենք մարդու իրավունքի կոպիտ սահմանափակման հետ, զուտ այն պատճառաբանությամբ, որ դատախազությունում կարծում են, թե հնարավոր է այդ գույքը կամ դրամանակ միջոցները պատկանում են Ռոբերտ Քոչարյանին՝ առանց հիմնավոր ապացույցների:

Դատախազության ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատախազությունը մեղմացրել է իր դիրքորոշումը եւ այն մասով, որ մասով որ ապացուցվել է եկամուտների օրինականությունը, դեմ չեն հայցի նախնական ապահովման միջոցը վերացնել, բայց դեմ են պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը՝ հայցի նախնական ապահովման միջոցն ամբողջությամբ վերացնելու մասին: Պաշտպանների եւ դատավորի հարցերին՝ դատախազն այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե ո՞ր գույքը եւ դրամական հաշիվներն են օրենքի իմաստով համարվում Ռոբերտ Քոչարյանին պատկանող: Դատախազության ներկայացրած ցանկում էլ հստակեցված չէ այդ կետը: Այդ է պատճառը, որ ըստ, մեղադրող դատախազի, իրենք դեմ չեն միջանկյալ տարբերակ կիրառելուն՝ եւ տարբերակված կարգով հանել հայցի նախնական ապահովման միջոցը:

«Նաիրի ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ ընկերության դեմ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին, քանի որ դրանց արդյունքում ընկերությունը չի կարողացել կատարել որոշակի պարտավորություններ՝ կրելով, այդ թվում նաեւ հսկայական ֆինանսական կորուստներ: Դատախազության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց՝ ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` համացանցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031