Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ հանցանքի համար է դատվում Միքայել Արզումանյանը, նա ըստ ՀՀ իշխանությունների՝ չի հանդիսանում ՀՀ քաղաքացի»․ Նարե Սիմոնյան

Դեկտեմբեր 20,2023 20:30

«Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցները, որոնք արդեն ծառայում են ՀՀ զինված ուժերում, այդ մարդկանց ստիպում են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Իսկ ովքեր ցանկություն ունեն ծառայությունը շարունակել այստեղ, նրանց առաջարկում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, որպեսզի ընդունեն ծառայության»,- այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով ժամանակ ասաց արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը։ Նրա խոսքով՝ սրան զուգահեռ ՀՀ դատարաններում եւ նախաքննական մարմիններում քննվում են Արցախի Հանրապետության «070» կոդով անձնագրեր ունեցող զինվորականների գործեր։ Նրանց մեղադրանքներ են առաջադրված, որ ենթադրյալ հանցանքներ են կատարել Արցախի Հանրապետության տարածքում։

«Այստեղ հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ Արցախի Հանրապետության «070» կոդով անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չեն, ապա ինչպե՞ս են նրանք հանդիսանում այդ հանցագործությունների սուբյեկտ։ Այսինքն՝ այստեղ այսպիսի հակասական հարց է առաջանում։ Եթե ասում են, որ ՀՀ քաղաքացի չեք, ապա միանշանակ պետք է այդ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվեն Արցախի «070» կոդը կրող քաղաքացիների նկատմամբ, այլապես սա աբսուրդ է։ Կարծում եմ՝ սրանով պանդորայի արկղն են բացել, դեռեւս շատ նման խնդիրներ են առաջանալու։ Եվ մարդիկ թե բարոյական, թե գույքային փոխհատուցման համար են դիմելու՝ իրենց անօրինական դատապարտելու համար»,- ասաց փաստաբանը։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի անդամ Նարե Սիմոնյանն էլ, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Շատ պաշտոնյաներ՝ ԱԺ խոսնակը, վարչապետը, ՀՀ նախագահն ասել են, որ Հայաստանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Այդ դեպքում ի՞նչ հանցանքի համար է դատվում Միքայել Արզումանյանը, որը, ըստ ՀՀ իշխանությունների, չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ գործունեություն է իրականացրել ՀՀ-ից դուրս։ Միքայել Արզումանյանի օրինակով եմ ասում, բայց կան տասնյակ զինվորականներ։ Եթե այդ տարածքն Ադրբեջանի Հանրապետություն է, իրենց բառամթերքով եմ ասում, եւ այդ քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չեն, ի՞նչ հանցակազմով ու հիմքով են դատվում վերոնշյալ զինվորականները»։

Նարե Սիմոնյանը հարցադրում արեց՝ արդյոք ՀՀ քաղաքացի համարվո՞ւմ է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, ե՞րբ է նա դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Ստիպում եք ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիներին գնալ եւ դիմել քաղաքացիության համար, արդյոք Արմեն Գրիգորյանը, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը դիմե՞լ են ՀՀ քաղաքացիության համար եւ ե՞րբ են դիմել։ Եվ եթե չեն դիմել, այլ ուղղակի դիմել են եւ ստացել այլ անձնագիր՝ այլ ստորաբաժանման կոդով, ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը եւ Էդուարդ Ասրյանը կարող են դա անել, սակայն որեւէ այլ շարքային արցախցի հիմա դա չի կարող անել։ Եթե կառավարության որոշումն իրոք իրավաչափ է, թող այս հարցերի պատասխանը տան»,- հավելեց Նարե Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031