Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականների ու բալասանյանականների միջև անհաշտություն եղել է նաև ցածր աշխատավարձի պատճառով

Դեկտեմբեր 20,2023 19:35

Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի միակողմանի դադարեցումը մեկնաբանեց նրանով, որ երկու ուժերի կառավարման մոդելները տարբեր են։

Ըստ նրա, Գյումրուն առնչվող խնդիրները իրենք ռեֆորմների ճանապարհով էին լուծում․ գնում էին լուրջ փոփոխությունների, իսկ « Բալասանյան դաշինքը» քաղաքը կառավարում էր իներցիոն։

«Մեր՝ հեղափոխական թիմի համար իներցիոն կառավարումն անընդունելի է, մենք եկել էինք մեր նպատակներով, որ քաղաքն էլ ավելի արագ զարգացնեինք, էլ ավելի լուրջ ռեֆորմներ անեինք։ Այս պարագայում մեր միջև առաջանում էին շատ լուրջ տարաձայնություններ։

Գլոբալ խնդիրը կառավարման համակարգի փոփոխությունն էր, քաղաքի տեսլականի հանդեպ փոփոխությունն էր։ Մեզ համար անընդունելի է, երբ որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը Հայաստանում վերջից երկրորդ կամ երրորդ տեղում է, եթե ոչ առաջին, բայց քաղաքապետարանում միաժամանակ աշխատում էին 270-280 մարդ՝ ստանալով ամենացածր աշխատավարձը՝ բերելով ոչ արդյունավետ կառավարման։ Մենք բազմիցս բարձրացրել ենք աշխատավարձերի բարձրացման հարցը։

Մեր համար անընդունելի է, երբ որ քաղաքացիները դիմում են քաղաքապետարան և մի տարի սպասում են դիմումի պատասխանին։ Մեզ համար անընդունելի է փողոցային առևտուրը, ինչքան էլ որ հասկանում ենք՝ այդտեղ կա նաև սոցիալական խնդիր։

Նմանատիպ օրինակները շատ չբերեմ, գլոբալ առումով կառավարման ձևի տարբերությունն էր և կարևոր դրույթներից մեկն այն էր, որ մենք մեր ընտրողներին նախընտրական ծրագիր էինք ցույց տվել և խնդրել էինք այդ ծրագիրն իրականացնելու համար քվե։

Մեր ընտրողները տվել էին քվեն, որպեսզի մենք մեր նախընտրական ծրագիրը կատարենք, տանենք այն փոփոխություններին, ինչն անհրաժեշտ է Գյումրուն, մենք մեր տեսլականն էինք ցույց տվել ընտրողներին, դրա համար ձայն էինք ստացել։

Փաստացի համատեղ կառավարման հուշագրով մենք դե յուրե ունեինք իշխանություն, կառավարման մաս էինք կազմում, բայց դե ֆակտո մենք չունեինք այդ կառավարման մաս կազմելու հնարավորությունը, որովհետև մեր նախընտրական ծրագիրը չէր իրագործվում, մենք չէինք կարողանում, օրինակ՝ շների հետ կապված խնդիրն առաջ տանել, չէինք կարողանում շատ այլ հարցեր լուծել։

Եվ այսօր լրագրողները և շատերը հարց են առաջ քաշում, թե դուք էլ էիք իշխանության մաս, ինչո՞ւ չկարողացաք այս կամ այն խնդրին լուծում տալ, բայց եկեք չմոռանանք, որ քաղաքը կառավարվում է բուրգաձև․ կա քաղաքապետ, կան տեղակալներ և կան բաժնի պետեր։ Եվ որևիցե բան անելուց առաջ չեկար համաձայանության, այդ հարցը չի լուծվելու,որովհետև վերջնական ստորագրությունը քաղաքապետինն է, փոխքաղաքապետերը վերջնական ստորագրություն դնելու հնարավորություն չունեն»,- ասաց Դավիթ Առուշանյանը։

Aravot.am-ը նրանից նաև ճշտեց՝ փաստաթղթերը հասնում էին քաղաքապետին ու ձեր ասած ստվերային կառավարի՞չն էր արդեն որոշում նրա փոխարեն։ Մենք խնդրեցինք գաղտնազերծել ստվերային կառավարչի անունը։

«Ստվերայինը մի քիչ շատ շահարկվեց, բայց տեսեք խնդիրն ինչ է, ստվերային կառավարում ասելով՝ ինչու ենք գնում անձերի, գուցե անձերը չեն, այլ համակա՞րգն է ստվերային կառավարման և ինչո՞ւ է այդ տպավորությունը ստեղծվել մեր մոտ․ ընդհանուր կառավարման մոդելի մեջ կա քաղաքապետ, կան երկու փոխքաղաքապետեր և ավագանու անդամներ։

Այսինքն որևիցե բան փոփոխելու համար մեր պատկերացմամբ պետք է որոշեին քաղաքապետը, փոխքաղաքապետերը, դրանից հետո այդ նախագիծը մտներ օրակարգ, ավագանիները տային իրենց դրական կամ բացասական եզրակացությունը, քվեարկեին նախագծին կամ կողմ կամ դեմ, բայց գալիս, ինչ-որ մի պահի էր հասնում, երբ որ դու համաձայնությունը ձեռք ես բերում, նստում ես, բանակցություններ ես վարում խնդրի լուծման շուրջ, բանավեճ ես ունենում ու երեքով հասկանում՝ ինչ-որ բան այս ձևով պիտի անել ու։ Այսինքն այդ մոդելը որ ես ասում եմ, ՏԻՄ կառավարման մոդելն է, նոր բան չենք հորինում մենք։

Հանձնարարում ենք մեր բաժնի պետերին, նրանք սկսում են գործընթաց մեր ընդհանուր որոշման, սկսում ենք քաղաքում X ոլորտի փոփոխություններ, գործընթացը հասնում է կեսին կամ անցնում է կեսից ավելին, ու դրանից հետո քաղաքապետը փոխում է իր որոշումը, բայց չէ՞ որ մենք այդ որոշմանը եկել ենք համատեղ, իսկ որոշումը փոխելուց հետո լուրջ խնդիրներ են առաջանում, ճամփի կեսն անցել ենք արդեն», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031