Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Սիմոնյան ջան, մարդուդ ասա՝ բերանը լակած չբացի, պետություն ենք… Մենք քոչվոր ենք, чудовище ենք, Հուդա ենք ընտրել, բայց մենք ի վերջո ազգ ենք, չէ՞». Տիգրան Հակոբյան

Դեկտեմբեր 20,2023 19:25

Ինչպես հայտնել ենք, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց կասեցնել «Սպուտնիկ Արմենիայի» վերահեռարձակմամբ «Տոսպա» ռադիոընկերության հեռարձակումը առավելագույն ժամկետով՝ 30 օրով: Ըստ ՀՌՀ-ի արձանագրության, «Սպուտնիկ Արմենիան», վերահեռարձակելով «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը, օրենքով արգելված բռնության կոչեր է տարածել:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ վարույթի նյութերում է կցված «Տոսպա» ընկերության տնօրենի նամակը՝ ուղղված գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին. «Ես ռուսական կրթություն ունեմ, հաշվեցի՝ 15 քերականական սխալ կա, 9 ոճական եւ 3 փաստական: Ես կարծում եմ, նաեւ կռճոնի պատիվն է նորմալ նամակներ ուղարկեք, որ մեզ անգրագետ ցեղի տեղ չդնեն»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովն արձանագրել էր, որ վերահեռարձակված  հաղորդման մեջ Քեոսայանը Հայաստանն անվանում է «огрызке под названием Восточная Армения…», այսինքն՝ կռճոն՝ Արեւելյան Հայաստան անունով:

Տիգրան Հակոբյանը տարակուսած էր, որ փոխանակ ՀՌՀ-ին նամակ գրեին, խախտման համար ներողություն խնդրեին, «պատրոնին» են նամակ գրել, այն էլ՝ մոտավորապես այնպես, որ մի հատ վատ հանձնաժողով կա, որպեսզի մենք պրոբլեմ չունենանք, հետո մեզ չանջատեն, ընկել են հետեւներիցս, եկեք միառժամանակ հաղորդումը չհեռարձակենք. «Չկա ոչ մի պահանջ, որ մենք ՀՀ քաղաքացի ենք, որ դա անընդունելի է, պարզապես՝ մի բան անենք, հանձնաժողովին խաբենք:

Իրական պատճառը այս հաղորդումները հանելու միայն վախն է, որ նրանք կզրկվեն հեռարձակումից, այլ պատճառ չկա: Նամակ չկա, որ տիկին Սիմոնյան ջան, մարդուդ ասա՝ բերանը լակած չբացի, պետություն ենք, ժողովուրդ ենք: Մեզ թվում էր, որ կվիրավորվեն, որ մեզ կռճոն են ասում: Հլը վարչապետի մասը հանում եմ, 90%-ը վարչապետի մասին չի, «յան» վերջավորությունով ինչ-որ տականքներ, բան…Սա մեր ժողովրդի մասին է, պարո՛ն Ֆարմանյան: Ես հասկանում եմ, որ դուք գործ եք կատարում, բայց սա մեր համար շատ ավելի կարեւոր է, քան իրավաբանական բաները: Նամակից երեւում է, ցավոք, որ նրանք էլ են մտածում, որ մենք կռճոն ենք, որ Ռուսաստանի գուբերնիա պիտի լինենք, 4 ամիս «Տոսպայի» ամեն հաղորդման մեջ Հայաստանի մասին վիրավորանքներ կան, չեմ հասկանում, խմբագրությունում որեւէ մեկը չի՞ նկատել, ասի՝ ոնց որ թե պրոբլեմ ունենք, կարող է իրավական պրոբլեմ չունենք, բայց մենք արժանապատվություն ունենք: Մենք վատ ազգ ենք, քոչվոր ենք, чудовище ենք, Հուդա ենք ընտրել, բայց մենք ի վերջո ազգ ենք, չէ՞, որ արժանապատվություն ունենք, որոնք պարտվել գիտեն եւ տանել գիտեն»:

«Տոսպա» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ֆարմանյանը հորդորեց հանձնաժողովին այնպիսի որոշում կայացնեն, որ խոցելի չլինի, որոշումն ապրի, որ վաղը Պողոսը, Իվան Իվանովը չգա ու վիճարկի դատարանում, ասի՝ ո՞ր օրենքի խախտում է ու որտե՞ղ է այստեղ բռնության կոչ:

Հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսն արձագանքեց. «Դուք արդեն սպառնում եք, որ ռուս կբերեք մեր գլխին»:

Հանձնաժողովը միաձայն քվեարկեց ու կասեցրեց 30 օրով հեռարձակումը, որոշում կայացվեց նաեւ խիստ մոնիտորինգ իրականացնել՝ նոր խախտումներ թույլ տալու դեպքում արդեն լիցենզիան կասեցնելու սպառնալիքով:

Տիգրան Հակոբյանը, ամփոփելով նիստը, ասաց, որ Քեոսայանի որեւէ հաղորդում չկա, որ Հայաստանի մասին մի կեղտոտ բան չասի. «Ասում է՝ այնտեղ дерьмо-ներ են ապրում: Խմբագրությունը դա չի կանգնացրել ու պահանջ չի դրել, որ չպետք է հեռարձակվի: Մարգարիտա Սիմոնյանին ուղղված նամակում զղջում չկար: Օրինակ, խանութը ստանում է թունավորված կոլա եւ գալիս է հսկող սանիտարական էպիդկայանը բռնում է, փոխանակ ասեն՝ կներեք, հանրությունից ներողություն խնդրեն, նրանք ապրանքը բերողին ասում են՝ մեզ բռնել են, արի մի քանի ամիս էս թունավորված կոլան մի բեր: Ոչ մի զղջում չկա իրենց կատարածի համար: Մենք ոչ թե խմբագրության քաղաքական տեսակետի մասին ենք խոսում, մենք խոսում ենք հեռարձակողի վարվող քաղաքականության մասին: Թշնամանքն ու քննադատությունը շատ տարբեր բաներ են: Մենք որեւէ խնդիր չունենք «Սպուտնիկի» հետ, իր պետության մեջ անում է, ինչ ուզում է, չենք խառնվում իրենց  ներքին գործերի մեջ: Մենք խոսում ենք տեղական հեռարձակողի հետ, որը ստացել է արտոնագիր, որ սպասարկի այստեղի հանրային շահը: 2017-ին, երբ այս իշխանությունը չկար, ես «Տոսպային» շատ ցածր թվանշան դրեցի, որովհետեւ ես տեսնում էի ապագա ինտրիգները, կոնֆլիկտները: Պետությունները պետք է  կոնֆլիկտներից խուսափեն: Այսօր բարեկամ ես, կարող է վաղը թշնամանաս ու իրեն եթեր չպիտի տաս»:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ գտնում է, որ լրջագույն հանցանք է թույլ տվել հեռարձակողը. «Եթե առաջ ավելի մեղմ պատժի մասին էինք մտածում, հիմա գտնում ենք ու առաջարկում ենք կասեցնել «Տոսպա» ընկերության հեռարձակումը հնարավոր մաքսիմալ ժամկետով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031