Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պարզել ՀՀ իշխանությունների նպատակը, բոլոր հարցերը կքննարկվեն քրեական վարույթների շրջանակներում»․ արցախցի փաստաբան

Դեկտեմբեր 20,2023 19:15

ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիները հանդիսացել են եւ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Այս մասին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով ժամանակ ասաց արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը։

«ՀՀ կառավարության որոշումն անհիմն է, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել։ Մասնավորապես, մարդիկ այս խնդիրներին, որոնցով կառավարության որոշմամբ իբր փորձում են լուծում տալ, սկսել են բախվել այն պահից, երբ ՀՀ գործող իշխանությունները հայտարարել են, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ»,- ասաց նա։ Ըստ փաստաբանի՝ խնդիրները, մասնավորապես, կապված են կենսաթոշակների, զինվորական թոշակների, նպաստների ստացման, ինչպես նաեւ պետական ոլորտում աշխատանքի ընդունվելու հարցերի հետ։ Ըստ փաստաբանի՝ այս խնդիրներն առաջացել են ՀՀ  կառավարության անդամների հայտարարություններից հետո, ըստ որի՝ արցախցիներն այլեւս ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում։

«Միանշանակ է, որ ընդունված որոշումներով հարցերին համապարփակ լուծում չի տրվել եւ չի տրվում։ Եվ դրա վկայությունն է նաեւ այն, որ այսօր բռնի տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցներ ունեն մի շարք խնդիրներ՝ սկսած անձնագրային բաժանմունքներում ժամանակավոր հաշվառվելուց, մինչեւ հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքի ընդունվելը։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ արցախահայեր ծառայում էին բանակում, նրանք կադրային զինվորականներ են, այսօր կարող էին ընդունվել ծառայության ՀՀ Զինված ուժերում, բայց զրկված են դրանից։ Ինչ վերաբերում է կառավարության որոշման մեջ տեղ գտած եզրույթներին, դրանցից մի քանիսին ես կուզեի անդրադառնալ, մասնավորապես, օգտագործվում են «Լեռնային Ղարաբաղ», «ԼՂ տարածք», «ԼՂ բնակչության» ռեգիստր եզրույթները։

Ի վերջո, հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղ։ Այսինքն՝ կառավարության որոշումներով ի՞նչ նկատի ունեն, դա աշխարհագրական տերմի՞ն է, վարչատարածքային միավո՞ր է, դա Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախանշված տարածքնե՞րն են, որոնք մտնում են Արցախի Հանրապետության տարածքի մեջ, թե՞ ոչ։ Լեռնային Ղարաբաղում բնակչության ռեգիստր չի վարվել, Արցախի բնակչությունը հաշվառված է եղել ՀՀ բնակչության ռեգիստրում, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մենք բոլորս մեր անձնագրերն ստանում էինք ՀՀ անձնագրերի ու վիզաների վարչությունից։ 2023 թվականին Արցախում ընդունվել է բնակչության ռեգիստրի մասին օրենք, բայց այդպես էլ այդ ռեգիստրը չի ստեղծվել, մենք բոլոր հաշվառված ենք եղել ՀՀ բնակչության ռեգիստրում»,- նշեց փաստաբանը։

Գագիկ Թավադյանն ասաց, որ այս օրերին այն, ինչ կատարվում է ՀՀ անձնագրային բաժանմունքներում, ահավոր է։ Թոշակներ ու նպաստներ ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք ժամանակավոր հաշվառում պետք է անցնեն, եւ հաշվառման համար օրերով ու ամիսներով հերթեր են կանգնում։ Մարդիկ չեն էլ կարողանում հերթագրվել, որովհետեւ ստորաբաժանումներն օրական սահմանափակ թվով անձանց են սպասարկում՝ յուրաքանչյուր ստորաբաժանում մոտ 30-40 անձի։ Ըստ փաստաբանի՝ կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ուզում են հերթագրվել, որպեսզի ժամանակավոր հաշվառվեն, բայց չեն կարողանում։ Ստեղծված իրավիճակի հետեւանքով մարդիկ ամիսներով կարող են թոշակ ու նպաստ չստանալ, քանի որ ժամանակավոր հաշվառում ստանալուց հետո են միայն կարողանալու միասնական համակարգում գրանցվել թոշակ ու նպաստ ստանալու համար։

Փախստականի կարգավիճակ ստանալու եւ հաշվառվելու համար բռնի տեղահանված արցախցիներին անձնագրային բաժանմունքներում ստիպում են ստորագրել դիմումներ։ «Ամենահասարակ հաշվառման համար անգամ մարդկանց տրամադրում են տպագիր օրինակելի ձեւեր եւ ասում են, որ պետք է ստորագրեք այդ դիմումները։ Իսկ այդ դիմումներում նշված է, որ «որեւէ պետության քաղաքացի չեմ հանդիսանում»։ Այսինքն՝ այս ամենի ամբողջ նպատակը դա է։ Որեւէ նորմատիվ իրավական ակտ չկա, որով սահմանված կլինի, որ փաստացի հաշվառման համար դիմումները պետք է լինեն սահմանված ձեւով։ Թե ներքին կարգով ով կամ ինչու է այդ հրահանգն հնչեցրել, այդ հանգամանքները հետագայում պարզաբանվելու են։ Ես խնդրում եմ մեր անձնագրային ծառայության աշխատակիցներին, որ չկատարեն այդ ապօրինի հրահանգները։

Իսկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղակի խնդրում եմ ուշադիր լինեն, ընթերցեն ստորագրման ենթակա դիմումների բովանդակությունը, կամ ձեռագիր դիմում գրեն, որ ցանկանում են այս կամ այն հասցեում ժամանակավոր հաշվառվել, կամ էլ ներկայացված դիմումի տակ ուղղակի ձեռագիր գրեն՝ ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի, խնդրում եմ հաշվառել այսինչ հասցեով։ Այս բոլոր խնդիրներն արհեստական են ստեղծում։ Ես համոզված եմ, որ այս վնասի համար, որը շարունակում են հասցնել բոլորիս, Հայաստանի Հանրապետությանն ընդհանրապես, դրանց կանդրադառնանք նախաձեռնվելիք քրեական վարույթների շրջանակներում։ Ես համոզված եմ, որ դա լինելու է, պետք է պարզենք նպատակներն ու հասցրած վնասները»,- ասաց Թավադյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031