Միջազգային համագործակցության ընդլայնում, սփյուռքի ծրագրերի լավարկում, երիտասարդության ոլորտի ակտիվացում. 2023 թ. ամփոփիչ ասուլիս
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է միջազգային, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություններին, երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Կարդացեք նաև
Միջազգային կապեր, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություն
«Պետք է ընդգծել, որ տարին բավականին արդյունավետ էր հատկապես միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից: Մենք ընդլայնել ենք համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր երկրների հետ»,- ասել է նախարարի տեղակալը:
Նրա տեղեկացմամբ՝ ստորագրվել են շուրջ 14 փաստաթղթեր, որոնցից 9-ը գործընկեր երկրների, 5-ը՝ միջազգային տարբեր կառույցների հետ։ Նա առանձնակի շեշտադրել է կրթության միջազգային գործընկերության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև ԵՄ-ի և «Թումոյի» համագործակցությամբ նոր կոնվերգացիոն կենտրոնի աշխատանքների կարևորությունը: Նշվել է, որ ներկայում մշակվում են շուրջ չորս տասնյակ միջազգային համագործակցության փաստաթղթեր, շարունակվել է համագործակցությունը ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերով։
Մշակվել է օտարերկրյա քաղաքացիների ընդունելության էլեկտրոնային հարթակը
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողներին: ՀՀ բուհերում սովորում է 8333 օտարերկրացի, որից` 4229-ը սփյուռքահայ, նրանցից 330-ը՝ պետական պատվերով․ (աճ՝ 8.4%):
«Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագրով թիրախ ենք սահմանել կրկնապատկել Հայաստանում սովորող օտարերկրյա ուսանողների թիվը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ փոխնախարարի՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2023-2024 ուսումնական տարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայերին տրամադրվել է 70 անվճար տեղ՝ մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով:
ՀՀ ուսումնական հաստատություններում ընդհանուր առմամբ սովորում է 4248 սփյուռքահայ՝ 37 երկրից, որոնցից 330-ն անվճար՝ հայագիտական, մանկավարժական և արվեստի ոլորտների մասնագիտություններով:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը։
Միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ 2023/24 ուստարում օտարերկրյա բուհերում ուսանելու է մեկնել 264 ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ բուհերում ուսանելու համար դիմել է 76 օտարերկրյա քաղաքացի։
Ցանցային հայագիտական համալսարան
Ներկայացնելով այդ ոլորտում վերջին զարգացումները՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ անցյալ տարի համաձայնագիր է կնքվել Վիետնամի հետ, իսկ այս տարի՝ Հունգարիայի:
2012 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետության 15 կառույցում: Ներկայում աշխատանքներ են իրականացվում Ղազախստանի Լ․ Գումիլյովի անվան ազգային համալսարանում հայկական կենտրոնի հիմնման ուղղությամբ:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. նոյեմբերի 30-ի N 56-Լ հրամանով հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը», որով սահմանվում են ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող համագործակցության քայլերի շրջանակը և զարգացման ապահովման սկզբունքները։
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում և դասագրքերի տրամադրում
Անդրադառնալով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է. «2023 թ. հուլիսի 3-ից մինչև հուլիսի 28-ն անցկացվել է «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագիրը, որի իրականացման համար ՀՀ 2023 թ. պետական բյուջեից տրամադրվել է 39500000 դրամ: 2023 թ. ծրագրին մասնակցության հայտադիմում են ուղարկել շուրջ 167 ուսուցիչ և տնօրեն, որոնցից ընտրվել է 69 մասնակից՝ 18 երկրից: Դասընթացն անցկացվել է նախարարության կողմից հաստատված 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ: Դասագրքերի և ուսումնական նյութերի տրամադրման վերաբերյալ բանախոսը տեղեկացրել է՝ 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին:
2023 թվականին ձեռք է բերվել 20964 կտոր գրականություն, բավարարվել են 23 երկրի 220 կրթօջախի հայտեր (որոնցից 122-ը Վրաստանում գործող հայկական կրթօջախներ են): Ընդհանուր առմամբ՝ տրամադրվել է 38570 կտոր գրականություն, որից 9500 կտոր գրականությունը տրամադրվել է Վրաստանում գործող հայկական դպրոցներին:
Այսպիսով, 2023թ. Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտն ամբողջությամբ բավարարվել է:
Մի շարք այլ երկրների կրթօջախներին դասագրքերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին:
Որպես կարևոր ձեռքբերում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ հիմնվել է սփյուռքում կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը՝ https://lib.armedu.am/category/67, որը հրատարակչությունների հետ սոցիալական գործընկերության շնորհիվ աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և ուսումնաօժանդակ էլեկտրոնային նյութերով։
Երիտասարդություն
«Երիտասարդական պետական քաղաքականությունը ՀՀ պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որի իրականացման համար 2023 թվականին պետական ֆինանսավորմամբ իրագործվել են մի շարք ծրագրեր,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել,-2023 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել է 25 երիտասարդական ծրագիր՝ 1 807 144 180 դրամ ֆինանսավորմամբ»։
Երիտասարդության ոլորտում որպես առաջնահերթություն՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքների կարևորությունը. «Օրենքը կսահմանի ՀՀ-ում երիտասարդության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները և նպատակները, կկարգավորի երիտասարդների, երիտասարդ ընտանիքների, երիտասարդական աշխատողների, երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդական խորհրդատվական մարմինների և պետության փոխհարաբերությունները: Այս նպատակով ուսումնասիրվել է եվրոպական և հետխորհրդային մի շարք երկրների փորձը։ Ակնկալվում է, որ օրենքը, համաձայն ՀՀ կառավարության գործունեության 2021-2026 թթ․ գործողությունների ծրագրով սահմանված ժամկետների, մինչև 2024 թ․ ապրիլի 3-րդ տասնօրյակ կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը»։
Երիտասարդական ազգային ինդեքսի մշակում
Նախատեսվում է նաև երիտասարդական ազգային ինդեքսի մշակում: «Այն գործիք է, որը կօգնի արդյունավետ պետական քաղաքականության մշակմանը՝ միջնաժամկետ կտրվածքով մշտադիտարկելով և գնահատելով երիտասարդությանը բնութագրող տվյալները։ Երիտասարդության ինդեքսը չափելու և գնահատելու է ՀՀ երիտասարդների առաջընթացը նրանց բարեկեցության վրա ազդող հիմնական 6 ոլորտներում՝ առողջություն, կրթություն, զբաղվածություն, գենդերային հավասարություն, անվտանգություն և պաշտպանություն, մասնակցայնություն։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ երիտասարդության ազգային ինդեքսը կներդրվի մինչև 2024 թ․-ի տարեվերջ»,- իրազեկել է Արթուր Մարտիրոսյանը։
«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնակարգի փոփոխություն
Ըստ փոխնախարարի՝ կիրականացվի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնակարգի փոփոխություն: Մրցույթի իրականացման կանոնակարգում փոփոխությունը բխել է հանրային մասնակցության կշռի բարձրացման անհրաժեշտությունից: «Կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկությունը հանդիսանում էր երկրորդային և դիտարկվում էր բացառապես փորձագիտական գնահատման արդյունքների հանրագումարով հավասար միավորների պարագայում։ Ներկայիս իրավակարգավորումներով քաղաքների հայտերի գնահատումն իրականացվում է 3 բաղադրիչի հաշվառմամբ՝ համայնքի/քաղաքի կարողությունների փորձագիտական գնահատում, հայտի ծրագրի փորձագիտական գնահատում և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն։ Մշակվել է բանաձև, որտեղ յուրաքանչյուր քաղաքի մասով վերջնական գնահատականը ձևավորելիս համայնքի/քաղաքի կարողությունների գնահատման կշիռը սահմանված է 33%, հայտի ծրագրի գնահատման կշիռը՝ 33% և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության կշիռը՝ 34%»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը և նշել, որ մրցույթի հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է. այս տարի հայտ էր ներկայացրել 5 քաղաք, որոնցից «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը նվաճել է Գավառը:
Նշյալ միջոցառումը մաս է կազմում «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ» տարածաշրջանային միջոցառմանը։ Այս առումով հատկանշական է, որ ԱՊՀ գործադիր մարմնի նիստի որոշմամբ Հայաստանի 2020-2021 թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Կապանը ճանաչվել է 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։
Այս համատեքստում նշվել է՝ «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդների նորարարական գաղափարների մրցույթն էլ մաս է կազմում «100 գաղափար ԱՊՀ-ի համար» տարածաշրջանային մրցույթի։ Կարևորվել է, որ 2023թ․-ի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին Հայաստանի կողմից ներկայացված 2021 և 2022 թվականներին առավելագույն միավորներ հավաքած գաղափարներից մեկն «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում ճանաչվել է հաղթող:
Երիտասարդական կենտրոնների ստեղծում
Անդրադառնալով երիտասարդական կենտրոնների ստեղծմանը՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մինչև 2023 թվականի տարեվերջ Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կստեղծվեն ևս երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում։ Կենտրոնների նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը։ Ծրագրի շրջանակում կնքվել են երկու պայմանագրեր համապատասխանաբար՝ 25 718 000 և 24 000 000 ՀՀ դրամ արժողությամբ: Երկու կենտրոններում էլ ավարտվել են շինարարական աշխատանքները. դրանց գործունեությունը կսկսվի 2024 թվականի հունվարից: Մինչ այդ՝ 2022 թ․ Տավուշ մարզի Իջևան և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում ևս ստեղծվել էին և ներկայում ակտիվ գործունեություն են ծավալում նմանօրինակ կենտրոններ։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն»:
Երիտասարդական ծրագրեր
Ծրագրեր են իրականացվել նաև՝ ուղղված երիտասարդների շրջանում կարողությունների զարգացմանն ու իրազեկության բարձրացմանը: Մարզերից և Երևանից 1165 երիտասարդի մասնակցությամբ իրականացվել են քաղաքացիական կրթության, հայրենաճանաչության, մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, առաջին օգնության, առողջ ապրելակերպի, երիտասարդական աշխատանքի, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական ձեռներեցության, կամավորության խթանման վերաբերյալ ծրագրեր: Նախորդ տարվա համեմատ գրանցվել է մասնակցության 23 % աճ:
2023թ․-ի ընթացքում իրականացվել են 2 դրամաշնորհային, 5 գնման մրցույթներ, այդ թվում՝ երկու իրազեկման կայքերի՝ erit.am երիտասարդական պորտալի և antitrafficing.am-ի, ինչպես նաև ավիատոմսի ծախսի փոխհատուցման ծրագիր՝ ընդհանուր 37.415.370 ՀՀ դրամ գումարով: ՀՀ մարզերից և Երևանից 2497 երիտասարդներ մասնակցել են երիտասարդների համար իրականցվող պետական ծրագրերի, նորարարական գաղափարների ներկայացման, հայրենաճանաչության, ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, թրաֆիքինգի կանխարգելմանը, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվության բարձրացմանն ուղղված միջոցառումների:
Արթուր Մարտիրոսյանն առանձնակի կարևորել է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթը: Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը, որի համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 2,777,000 ՀՀ դրամ:
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
Երիտասարդության ոլորտում իրականացվող առանցքային ծրագրերից ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին: Նա կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից, որը համագործակցում է 15 բանկերի և 8 վարկային կազմակերպությունների հետ։
Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է ծրագրին դիմելու պայմանները: Օրինակ՝ շահառուներ կարող են լինել երիտասարդ ընտանիքներ, որոնց տարիքային գումարը առավելագույնը պետք է լինի 70-ը ներառյալ (ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի), միայնակ ծնողներ (երեխա ունեցող միայնակ ծնող՝ մինչև 35 տարեկան ներառյալ) և այլն:
2023թ. 12 ամսվա ընթացքում բնակարանային պայմանների բարելավման համար 733 ընտանիք դարձել է ծրագրի շահառու՝ օգտվելով պետական սուբսիդավորումից և ձեռք բերելով բնակարան/բնակելի տուն երկրորդային շուկայից, ընդ որում՝ 179-ը Երևանից, 554-ը՝ ՀՀ մարզերից։
Նշենք, որ ասուլիսի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության և բարձրագույն կրթության ոլորտում իրականացված աշխատանքներին:
Ընդունվում են Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգային առաջարկներ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. ամփոփիչ ասուլիս
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով:
Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության միավորմամբ ստեղծված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը։
Բանախոսը, մասնավորապես, անդրադարձել է գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման, գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերին, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի նախագծին վերաբերող հարցերին։
20 դրամաշնորհային մրցույթ
Տարվա նշանակալի ձեռքբերումներից Սարգիս Հայոցյանն ընդգծել է 2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ 4.2 մլրդ ՀՀ դրամի հատկացումը, որն ուղղված է կապիտալ բնույթի ծախսերի, մասնավորապես՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով և սարքավորումներով վերազինելուն։ Կոմիտեի նախագահը նշել է, որ դեռևս 2021 թվականից այդ նպատակով դրամաշնորհների տեսքով զգալի ծավալի ֆինանսավորում է հատկացվել կազմակերպություններին, սակայն այս տարի պետությունը կապիտալ ծախսերի շրջանակում գնել և կազմակերպություններին է փոխանցել խոշոր սարքեր և սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է նախորդ տարիներին այդ նպատակով հատկացված միջոցների գումարը։
Առանձին անդրադարձ է կատարվել կոմիտեի կողմից ռեկորդային թվով՝ 20 դրամաշնորհային մրցույթների իրականացմանը, ինչը հնարավոր է դարձել հայտերի ընդունման ողջ գործընթացն ամբողջովին էլեկտրոնային՝ grants.hesc.am համակարգի միջոցով կազմակերպելու շնորհիվ։
150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրեր գիտնականների համար
Դրամաշնորհային ծրագրերի շարքում առավել հատկանշական են շուրջ 150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրերը, որոնք ուղղված են արտերկրյա գիտնականների՝ ՀՀ գիտական համայնքին ինտեգրմանը և հեռավար լաբորատորիաների հիմնադրմանը, ինչպես նաև երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելուն ուղղված ասպիրանտների աջակցության ծրագրերը։
Գիտնականների ատեստավորման չափանիշների մասին
Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ատեստավորման արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի նորմավորմանը և մինչև 2025թ. ամենամյա աստիճանական բարձրացման գործընթացին, որի արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերը կհասնեն պետական համակարգի աշխատողների վարձատրությանը համադրելի չափերի և միաժամանակ համեմատելի կլինեն նաև Արևելյան Եվրոպայի իրենց գործընկերների վարձատրության չափերին։ Լրագրողների այն հարցին, թե ինչ չափանիշներով է իրականացվում ատեստավորումը, Սարգիս Հայոցյանը պատասխանել է. «Քանի որ գիտության ոլորտն ուղղված է նոր գիտելիքի ստեղծմանը, համապատասխան հանձնաժողովները քննում են գիտնականի արդյունավետությունը, վերջին հինգ տարիների ընթացքում հեղինակի գիտական հոդվածների, մենագրությունների քանակը և այլ ցուցանիշներ, սակայն գործող կարգն արդեն քսան տարի է՝ չի լրամշակվել։ Ներկա պահին Կառավարության քննարկմանն է ներկայացվել գիտնականների ատեստավորման նոր լրամշակված կարգը, որում ներդրվել են չափման քանակական և որակական առավել շոշափելի ցուցանիշներ»։
Կոմիտեի նախագահը հավելել է, որ 2023թ. ամփոփվել են նախորդ տարվա քանակական ցուցանիշները, համաձայն որոնց՝ 2022թ. առաջին անգամ երկար տարիների ընթացքում գրանցվել է գիտաշխատողների թվի ավելացում, որը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է բազային աշխատավարձի բարձրացմամբ։
Լրագրողների այն հարցին, թե ինչ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում տարեց գիտնականների համար, Սարգիս Հայոցյանը պարզաբանել է, որ ներկայում շրջանառվում է կենսաթոշակային տարիքի հասած անձանց գիտական աստիճանի համար տրվող հավելավճարի ավելացմանը վերաբերող նախագիծը, իսկ շրջանառվող ատեստավորման կարգում նախատեսված է երկու նոր տարակարգ՝ պատվավոր գիտաշխատողների համար։
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին, որոնցից մեկի շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ԼՂ բուհերի շուրջ 1900 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: ՀՀ կառավարության որոշման երկրորդ նախագիծն այժմ շրջանառության մեջ է. նախատեսվում է աջակցություն ՀՀ բուհերում սովորող, ԼՂ բնակիչ հանդիսացող և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 860 ուսանողների համար։
Ըստ Սարգիս Հայոցյանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներն իրենց կրթության շարունակականության իրավունքն իրացնելու որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունեն. նույնիսկ եթե եղել է մասնագիտությունների անհամապատասխանության հարց, ապա կազմակերպվել է հարակից մասնագիտություններով ուսումնառությունը շարունակելու հեշտացված գործընթաց: Նրա խոսքով՝ դասախոսներին և գիտաշխատողներին նույնպես հնարավորության շրջանակում օգնություն է ցուցաբերվել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում աշխատանքի անցնելու հարցում։
Ակադեմիական քաղաքում կգործարկվեն կլաստերներ
Բանախոսը ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվի և կգործի այդ հաստատությունների մեծ մասը: ԿԳՄՍՆ-ն հրապարակային հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ։ Հայեցակարգային առաջարկներն ընդունվելու են մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Մինչև 2030թ. Ակադեմիական քաղաքում նախատեսվում է գործարկել կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով. հաջորդիվ Ակադեմիական քաղաքում կներառվեն նաև դասական և բժշկական կլաստերները։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ կլաստերների ձևավորման հարցը դեռևս բաց է քննարկման համար և վերջնականապես կամրագրվի միայն գիտական համայնքի հետ կոնսենսուսի ձեռքբերման արդյունքում։
Նոր ենթակառուցվածքների ստեղծում
Բացի ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծումից՝ նախատեսվում է նաև իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապեր հաստատել յուրաքանչյուր ոլորտում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և Ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Կոմիտեն այս տարի ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը երկրորդ ուժեղագույն բուհն է իր ոլորտում, և այժմ նախնական համաձայնություն է ձեռք բերվել աշխարհի լավագույն 50 տեխնիկական բուհերից մեկը հանդիսացող Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է տնօրինվելու Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի և կազմակերպությունների գույքը, Սարգիս Հայոցյանը պատասխանել է, որ գույքը փոխանցվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ առավել արդյունավետ օգտագործման և օգտագործումից ստացված շահույթը՝ ի նպաստ Ակադեմիական քաղաքի կարիքներին ուղղելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ հաճախ շահարկվող այն դրույթը, որ այդ շենքերը վերածվելու են հյուրանոցների կամ ժամանցի այլ վայրերի, իրականությանը չի համապատասխանում։ Սահմանվելու է այդ շենքերն ու շինություններն օգտագործելու առավել նպատակահարմար ձև, օրինակ՝ մտավոր գործունեության որևէ տեսակի իրականացման համար գրասենյակային տարածք, ստարտափերի ինկուբատորների տեղակայման վայր, գիտաժողովների կազմակերպման վայր և այլն։
Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ Ակադեմիական քաղաքում կացարանով ապահովվելու և մարզաբնակ ուսանողների երթևեկությունը կազմակերպելու հարցերին, Սարգիս Հայոցյանը նշել է՝ հայեցակարգի առանցքային կետերից է նաև Ակադեմիական քաղաքում կամպուսային միջավայրի ապահովումը, որը թույլ կտա ուսանողներին կենցաղի կազմակերպման հարցերի փոխարեն կենտրոնանալ կրթական և ստեղծարար գործունեության վրա։ Նախագծի վրա աշխատող ճարտարապետների թիմը մեծ ուշադրություն է դարձնում նաև կառուցվող քաղաքի տրանսպորտային ցանցի ներդաշնակեցմանը՝ ապահովելով կապը թե՛ Երևան քաղաքի, թե՛ մարզերի, թե՛ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, ինչպես նաև տվյալ տարածքում ներկայում գործող բեռնատար երկաթգծի վերագործարկմանը՝ որպես մարդատարի։
Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի և գիտության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս և մի շարք այլ հարցեր ենթակա են ամրագրման ներկայում շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ