Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախքան ՀՀ կառավարության որոշումը արցախցիները լիարժեք օգտվում էին ՀՀ քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներից»․ Արցախցի փաստաբան

Դեկտեմբեր 20,2023 18:45

«Արցախցիները, որոնք ունեն ՀՀ անձնագիր եւ որոնց քաղաքացիություն այսօր դրվել է կասկածի տակ, զրկվել են իրենց իրավունքներից»,- այս մասին այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը՝ անդրադառնալով արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու որոշմանը։ Նրա խոսքով՝ հիմա ՀՀ անձնագիր ունեցող արցախցիների կարգավիճակը կարող ենք դիտարկել նախքան ՀՀ կառավարության վիճահարույց որոշման ընդունումը, որով արցախցիներին փախստականի կարգավիճակ է տրվել, եւ դրանից հետո։ «Նախքան այդ որոշման ընդունումն արցախցիները լիարժեք օգտվում էին ՀՀ քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներից, մասնավորապես, առանց որեւէ խոչընդոտի կարող էին Հայաստանում անցնել հանրային ծառայության, մասնակցել ընտրություններին, եթե ունեին հաշվառում ՀՀ-ում, իսկ եթե չունեին, ապա ընտրության վայրում ժամանակավոր հաշվառում անցնելով՝ կարող էին մասնակցել ընտրություններին։

Սակայն այս որոշումից հետո այդ իրավունքներից մարդիկ զրկվեցին։ Բայց զրկվելու իրավական հիմքեր չկան, որովհետեւ քաղաքացու անձնագիրը հանդիսանում է քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթը։ Անձնագիրն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով եւ հիմքերով անվավեր չի ճանաչվել։ Իսկ արցախցիների անձնագրերը, այսպես ասած «070» կոդով անձնագրերը որեւէ պետական մարմնի կամ ստորաբաժանման կողմից ուժը կորցրած չեն ճանաչվել։ Այսինքն՝ դրանք ունեն իրավաբանական ուժ։ Իսկ իրավաբանական ուժը հետեւյալն է՝ տվյալ անձնագիրը կրող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի»,- ասաց փաստաբանը։

Ռաֆայել Ջհանգիրյանն անդրադարձավ հարցին, թե Արցախում ի՞նչ ընթացակարգով էին տրվում անձնագրերը։ Նրա խոսքով՝ «070» կոդը Արցախի անձնագրերի եւ վիզաների ստորաբաժանման համարն էր, որը տրվել է Արցախին ՀՀ պետական մարմնի կողմից։ «Այդ ստորաբաժանմանը ՀՀ համապատասխան մարմնի կողմից հատկացվում էին անձնագրերի ձեւանմուշներ, սերիաներ։ Եվ այդ ստորաբաժանումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության որոշումներով եւ անձնագրի մասին օրենքով, արցախաբնակ հայերին տրամադրում էր ՀՀ քաղաքացու անձնագիր։ Կարող է հարց առաջանալ՝ եթե Արցախն անկախ պետություն է, ինչո՞ւ էին ստանում ՀՀ անձնագիր։ Պարզաբանեմ՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի սահմանադրությունները չեն արգելում ունենալ երկու քաղաքացիություն։ Այսինքն՝ երկքաղաքացիությունը երկու երկրների դեպքում էլ թույլատրելի է։ Անձնագիր ստացած անձինք ընդգրկվում էին ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, նրանց անձնագրի սերիաները ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից էին տրամադրվում, եւ այդ անձինք հաշվառվում էին ընդհանուր անձնագրային համակարգում։ Այդ անձնագրերով կարող էին հանգիստ ճամփորդել, մեկնել այլ երկիր ու վերադառնալ։ Նաեւ այդ անձնագերով անցնում էին զինվորական ծառայություն, որովհետեւ ծառայությունն անցնում էին ՀՀ զինված ուժերում, երդումը տալիս էին Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա։

Իշխանությունները ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացիներ՝ երկու հիմնավորում ներկայացնելով։ Մեկն այն է, որ այդ անձնագիրը չեն ստացել ՀՀ իրավասու մարմնի կողմից։ Սա քննադատությանը չդիմացող հիմնավորում է, ասում է փաստաբանը, որովհետեւ, ՀՀ համապատասխան մարմինն է Արցախի ստորաբաժանմանը տվել «070» կոդը։ Երկրորդ հիմնավորումն այն է, որ այդ անձնագրերը տրվել են արցախցիներին՝ որպես ճամփորդական փաստաթուղթ։ «Այդ տեսակետը եւս քննադատության չի դիմանում, որովհետեւ եթե ուզում էիք տալ ճամփորդական փաստաթուղթ, ապա պետք է տայիք ճամփորդական փաստաթուղթ, ժամանակավոր ինչ-որ կարգավիճակ, այդ կարգավիճակով մարդիկ կարող էին ճամփորդել։ Եթե որոշել եք տալ անձնագիր, դրանով իսկ ճանաչել եք արցախցիների քաղաքացիությունը։ Առանց քաղաքացիությունից զրկելու իրավական հիմքի ըստ էության արցախցիների ունեցած անձնագրերը կասկածի տակ եք դրել, կասկածի տակ եք դրել արցախցիների՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը»,- հավելեց փաստաբանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031