Ինչպես հայտնել ենք, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց եւ կասեցրեց «Սպուտնիկ Արմենիայի» վերահեարձակմամբ «Տոսպա» ռադիոընկերության հեռարձակումը առավելագույն ժամկետով՝ 30 օրով:
Ըստ ՀՌՀ-ի արձանագրության, «Սպուտնիկ Արմենիան», վերահեռարձակելով «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը, օրենքով արգելված բռնության կոչեր է տարածել: Հանձնաժողովը նաեւ արձանագրել է, որ թողարկման մեջ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ կան:
Ըստ «Տոսպա» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ֆարմանյանի, դավաճան, շիզոֆրենիկ արտահայտություններ կան, բայց դրանք հայ ժողովրդին չեն ուղղված, այլ՝ անվանական են, վարչապետ Փաշինյանի հասցեին են:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ «Տեսալսողական մեդիայի մասին օրենքով» իրենք ամիսը 5 օր են մշտադիտարկում ամեն մի հեռարձակող ու եթե ամեն օր դա անեին, շատ հնարավոր էր այլ խախտումներ էլ գտնեին. «Մենք հանել էինք 6 հաղորդում, 6-ում էլ կոպտագույն խախտումներ կային, բռնության կոչեր: Օրինակ, սեպտեմբերի 29-ի հաղորդմանն ասում է՝ «Может для начала за уши это бородатое чмо вы вытащите из дома правительства, может для начало вы ему народный суд устройте, Пашиняна, имею я в виду, если кто не понял…»: Սա սպառնալիք չի՞ բռնության: Եկեք խոսենք բացի իրավական լեզվից նաեւ ընդհանուր խախտումների փիլիսոփայության կոնցեպտի մասին: Մենք դատարան չենք, իրավապահ մարմին չենք, կարգավորող մարմին ենք, պարտավոր ենք ապահովել տեղեկատվության անվտանգությունը: Մենք այստեղ լրջագույն սպառնալիք ենք տեսնում»:
Հանձնաժողովի անդամները էմոցիոնալ էին արձագանքում: Տիգրան Հակոբյանն արդարացրեց, որ Քեոսայանի հաղորդման սղագրության երեք էջը կարդալուց հետո բոլորն էլ էմոցիոնալ դառնում. «Բոլորս էմոցիայի մեջ ենք ընկնում եւ խնդիրը վարչապետը չի, ես էլ իրան չեմ սիրում: Խնդիրը էս իշխանությունն է, էս պետությունն է, որին մենք պարտավոր ենք հարգել»:
Փաստաբանն ասաց, որ ՀՌՀ-ի գրությունները ստանալուց հետո, որ վարույթ է հարուցվել, դադարեցրել են այդ հաղորդումների հեռարձակումը: ՀՌՀ նախագահի օգնական Հրանտ Սարկիսովը հարցրեց՝ եթե ըստ ձեզ չկար որեւէ խախտում, ապա ինչո՞ւ հանեցիք տվյալ հաղորդումները, շարունակեիք հեռարձակել: Ֆարմանյանը պատասխանեց. «Դա խմբագրական քաղաքականություն է եղել: Հանձնաժողովը ճաշակ, որակ թելադրող մարմին է մեր համար: Այստեղ պատահական մարդիկ չեն ու իրենց արտահայտած դիրքորոշումը կարող է ինչ-որ տեղ լինել ուսուցողական, դրա մեջ վատ բան չկա: Երբ եղել է հանձնաժողովի կարծիքը, ենթադրում եմ, որ խմբագրության կարծիքն է եղել, որ մեր հասարակությունը սա չպիտի լսի»:
Հանձնաժողովի նիստում միացրեցին ձայնագրությունը Քեոսայանի հաղորդման, որտեղ, ըստ արձանագրության, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող արտահայտություն կար. « 17.11.2023, 11:04, программа “Пятница с Тиграном Кеосаяном”- Все шаги которые предпринимает сейчас Пашинян, мне даже как-то не уютно его называть не по имени, не по фамилии, потому что для меня это – существо. Он переплюнул Иуду для меня, ну переплюнуть Иуду невозможно, это понятно, это фигура речи, но бывает предатель, предатель, который предает память предков, свою кровь и целый народ, который жил испокон веков на своей земле, Нагорном Карабахе, в Арцахе, так это будет правильнее, да, но я не знаю, это конечно…, теперь он предает оставшуюся часть народа, который живет в этом огрызке под названием Восточная Армения…»:
Տիգրան Հակոբյանը այսքանից հետո հորդորեց անջատել ձայնագրությունը՝ մեկնաբանելով. «Մի հատ անբարոյական մարդ խոսում է ՀՀ-ի մասին՝ որպես Արեւելյան Հայաստան անունով կռճոն: Հիմա ես ուզում եմ հարցնել՝ ձեր վստահորդները Արեւելյան Հայաստանին՝ կռճոնին հեռարձակելու համա՞ր է լիցենզիա ստացել, հա՞: Դուք տեսեք անբարոյականությունը, հաղորդման ժամանակ կին է զանգել, որը սիրում է Հայաստանը, ասում է՝ սիրտս ցավում է Հայաստանի համար, մի հատ բացատրի, նա էլ դնում ասում է՝ ինչ է, կռճոն է, դու ի՞նչ ես մտածում: Սա էլ ձեզ ազգային արժեք: Որեւէ նախադասություն չկա, որը կարդարացներ իր գոյությունը Հայաստանի սահմանափակ ռեսուրս օգտագործող հեռարձակման դաշտում: Դա վիրավորանք չի՞ ազգային արժեքների: Միջկառավարական համաձայնագիր կա, որ մենք չպիտի մեկս մյուսին վիրավորենք»:
Սիմոն Ֆարմանյանը պատասխանեց. «Իմ համար էլ է Հայաստանից մնացել կռճոն»:
«Լո՞ւրջ»,- արձագանքեց Սարկիսովը ու թափահարելով փաստաբանի անձնագիրը՝ դժգոհեց,- «Դուք համարում եք, որ դուք հանդիսանում եք Արեւելյան Հայաստան անվամբ կռճոնի քաղաքացի՞: Դուք ո՞ր պետության քաղաքացի եք: Անընդունելի է, որ որեւէ մեկը՝ անկախ սեռից, տարիքից, Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը կարող է կռճոն անվանել»:
Հանձնաժողովում սկսվեց թեժ բանավեճ: Ֆարմանյանն ասաց. «Եթե ձեզ համար հաճելի է, որ այսքան հող ենք կորցրել ու կռճոն չի մնացել»: Տիգրան Հակոբյանը միջամտեց. «Լաաավ, փառք տուր, Սիմոն, մենք կռվել ենք, մեր երեխեքը կռվել են, 25 հատ ընկեր եմ կորցրել 90 թվականին: Ընկերոջ երեխեք, ընկերոջ թոռներ, իմ տարիքը դա է ասում…Եկել ես ստեղ, թե՝ կորցրել եմ: Վե՛րջ տուր: Ի՛»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ