Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին ես էլ եմ ձկնորսությամբ զբաղվել. Նորատուսից ընտրված ՔՊ-ական պատգամավորը բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել

Դեկտեմբեր 20,2023 18:25

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ի պաշտպանություն ձերբակալված 26 ձկնորսների նորատուսցիների կազմակերպած բողոքի ակցիային միացել էր նաեւ Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Ժողովրդիս կողքին կանգնած եմ այս պահին, իրենց հարցերով զբաղվում եմ: Ինչ կա իրավական տեսանկյունից, իրավական գործընթացները իրավաբանները կանեն, մենք էլ որպես ժողովրդի ընտրյալ կանենք այն, ինչ պահանջ կամ խնդրանք կա: Մենք էլ մեր մասով կխնդրենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակից նորատուսցիները նաեւ պահանջում են վերացնել ձկնորսության արգելքը:

Պատգամավորը, անդրադառնալով ձերբակալված նորատուսցիներին, ասաց, որ քննարկումներ են գնում բարձրաստիճան իրավապահների հետ, մնացած հարցերի պատասխանները ընթացքը ցույց կտա. «Հիմա այս պրոցեսի մեջ եմ, թողեք ժողովրդի հետ հասկանանք՝ ինչ է կատարվում»:

Հարցին,թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը, պատգամավորը պատասխանեց.  «Ինչը օրինական պահանջ է՝ օրինական է, ինչը ժողովրդի ապրելու միջոցի պահանջ է՝ դա էլ պետք է հաշվի առնել։ Մնացած հարցերը ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու, բոլոր հարթակներում՝ Ազգային պարկում, նախարարություն, կառավարություն եւ այլն…Մենք գտնելու ենք լուծում, ոչ մի բան անլուծում չի մնալու: Մինչեւ այս պահը որոշակի լուծումների, փոխզիջումների գնացել ենք՝ սկսած քվոտաներից, ձկան օրինական արտահանումից եւ այլն: Այս պահին վերջնական արդյունք չկա, որ ասեմ…»:

Պատգամավորը նաեւ ասաց, որ երեկ ձկնորսների ու պարեկների միջև տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված նորատուսցիների հետ չի հանդիպել, մանրամասներին տեղյակ չէ, տեղեկանա՝ կհրապարակի:

Հարցին, թե ձկնորսությամբ զբաղվե՞լ է, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց՝ այո. ժամանակին ինքը ևս ձկնորսությամբ է զբաղվել. «Նորտուսցի չկա, որը ձկնորսությամբ չզբաղվի»։ Հարցին՝ լա՞վ էր նախկին իշխանության ժամանակ թույլատրում էին ձկնորսությունը, պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում էլ է  ձկնորսության արգելք եղել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները հատուկ գործողություններ իրականացնելու արդյունքում Նորատուսցի 26 ձկնորսի են ձերբակալել: Ձկնորսները նախօրեին ոստիկանների հետ միջադեպ են ունեցել ձկնորսության արգելքի պատճառով: ՔԿ-ն միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.40-ին, Գեղարքունիքի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031