Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյան. «17 ոսկի, 8 արծաթ, 11 բրոնզ. փոքր միջազգային մրցումներն էլ չենք հաշվում»

Դեկտեմբեր 20,2023 17:22

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում ամփոփելով 2023 մրցաշրջանը՝ նշեց, որ տարին հաջող էր, թեեւ պլանավորված ամեն բան չիրականացավ: Նա նկատի ուներ աշխարհի առաջնությունը, որտեղից նույնպես մեդալ էր ակնկալում: Այդուհանդերձ, Հայաստանի մարմնամարզիկները, ընդհանուր առմամբ, նվաճել են 36 մեդալ, որոնցից 17-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե եւ 11-ը՝ բրոնզե:

«Փոքր միջազգային մրցաշարերի մեդալները հաշվելու կարիք չկա: Մենք ինքներս մեր առջեւ դրած նշաձողն այնքան ենք բարձրացրել, որ ցանկացած մրցման մեկնում ենք ոսկե մեդալ նվաճելու համար»,-ասաց Հակոբ Սերոբյանը՝ լրացնելով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի պատասխանը Aravot.am-ի հարցին, թե 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում որն է լինելու նրա նշաձողը:

Հակոբ Սերոբյանը այս տարի ինչ-որ տեղ անակնկալ, բայց շատ կարեւոր բացահայտում է արել աշխարհի երիտասարդական առաջնությունում: «Մենք թիմով չէինք գնացել, բայց տեսա, որ զարմանալիորեն գրավել ենք թիմային 4-րդ տեղը: Ու սկսեցինք թիմայինի վրա էլ ուշադրություն դարձնել: Նույնը եղավ Անթալիայում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում»,- ասաց գլխավոր մարզիչը: Նա նշեց նաեւ, որ բացի Արթուր Դավթյանից՝ մեր հավաքականի անդամներից եւս մեկը կարող է օլիմպիական ուղեգիր նվաճել 2024 թվականին կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով, անցնող տարվա արդյունքները ցույց են տալիս, որ հավաքականում լավ են աշխատում եւ ճիշտ ուղղությամբ են գնում, չնայած դեռեւս կան դժվարություններ, որոնք հաղթահարվում են: «Մենք մի ընտանիք ենք, բոլորս միասին ու տղաներն էլ ջանք չեն խնայում լավ արդյունքներ ցույց տալու համար»:

Արթուր Դավթյանը խոսեց վնասվածքների մասին, որոնց մի մասից արդեն ապաքինվել է, մյուսները դեռ բուժում է: «Հիմա մրցումներ չկան, դրա համար մարզիչների հանձնարարությամբ անցել եմ լիովին բուժվելու, որպեսզի օլիմպիական խաղերի ժամանակ խանգարող բան չլինի: Ցանկացած մարզիկի երազանքը օլիմպիական խաղերի ոսկի նվաճելն է: Ես էլ եմ ուզում Փարիզից ոսկե մեդալով վերադառնալ ու դրա համար ամեն ինչ անելու եմ»,- ասաց տիտղոսակիր մարզիկը:

Իսկ երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, որն ըստ էության, մեծ սպորտում առաջին հաջող քայլերն է անում, շնորհակալություն հայտնեց մարզիչներին, առանց որոնց հնարավոր չէր լինի առաջին ձեռքբերումներն արձանագրել: Նա նշեց, որ դժվարությունները հիմնականում մարզումների ընթացքում են լինում: Իսկ, ընդհանուր առմամբ, իր մրցելույթների մասին Համլետն ասաց. «Թերություններ կան եւ դրանք վերացնելու համար պիտի մարզիչների հետ միասին աշխատենք, եթե ցանկանում ենք հասնել նոր արդյունքի եւ բարձր պարզենք մեր երկրի դրոշը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031