Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կարծիքով, դու եթիմ ապուշ ես … կարծես թե դու բեղավոր հիմար լինես». Թեժ քննարկում ՀՌՀ-ում, Տիգրան Քեոսայանի ասածները վերահեռարձակելու համար պատժեցին

Դեկտեմբեր 20,2023 17:18

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր որոշեց կասեցնել «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության (վերահեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա») հեռարձակումը՝ առավելագույն ժամկետով՝ 30 օրով:

Ըստ ՀՌՀ-ի արձանագրության, «Սպուտնիկ Արմենիան» վերահեռարձակել է այնպիսի հաղորդում, որտեղ օրենքով արգելված կոչեր են եղել՝ ռուսերեն տեքստով: Խոսքը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման մասին է, որտեղ, ըստ հանձնաժողովի մոնիտորինգի, օրեր շարունակ հնչել են վիրավորական արտահայտություններ Հայաստանի, հայ ժողովրդի, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:

«Տոսպա» ընկերությունից, ի պատասխան ՀՌՀ-ի, հայտնել են, որ այդ բովանդակությունն իրենց չի պատկանում, պարտավորվել են հետայսու բացառել նման դեպքերը: ՀՌՀ-ն գտնում է, որ էական չէ՝ բովանդակությունն իրե՞նցն է, թե՞ վերահեռարձակել են, որովհետեւ օրենքով արգելված կոչերի տարածումն է պատասխանատվություն առաջացնում:

Ահա թե մասնավորապես ինչ էր ասել Քեոսայանը. «Ես մտածում եմ, որ Փաշինյանը եւս ունի աչքեր, ականջներ, բայց ինձ թվում է, որ այդ տականքը, այդ արարածը վարում է թիրախավորված քաղաքականություն: Նա կատարում է որոշակի առաջադրանք, որովհետեւ որեւէ այլ կերպ ես չգիտեմ ինչպես դա բացատրել ո՛չ մարդկայնորեն, ո՛չ քաղաքականորեն, ո՛չ աշխարհագրորեն: Ուղղակի եսասիրության տեսանկյունից անգամ ես չեմ կարող հասկանալ»:

«Տոսպա» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ֆարմանյանն ասաց. «Մարդը՝ Տիգրան Քեոսայանը, արտահայտում է կարծիք, կոչ չի անում, բռնության կոչ չտեսա, ո՞ր բառն է բռնություն»:

Հաղորդման շարունակության մեջ Քեոսայանն ասում է. «Նա լրջորեն մտածում է, որ կարող է փրկե՞լ, նա կանի՞ ավելի լավ իր ժողովրդի համար, դուք իսկապե՞ս այդպես եք մտածում, ես վստահ եմ, որ ոչ: Դե կամ նա շիզոֆրենիկ է, որը նույնպես, իմիջիայլոց, հավանական է, երեւում է, որ նա դավաճան է, սորոսական, ամեն տեսակ ոչ առեւտրային կազմակերպություններին վաճառված… Մի՞թե նա մտածում է, որ ողջ կմնա այդ ամեն ինչից հետո, ինչպես իրեն թվում է՝ ինչ-որ տեղ Կանադայում, խուլ անտառներում կամ ինչ-որ տեղ Ամազոնի անտառներում նա կնոջ եւ երեխաների հետ կթաքնվի, ուստի հնարավոր է նա խելագար է, բայց դրանից հայ ժողովրդի համար միանշանակ ամեն բան ավելի հեշտ չի դառնում»:

Փաստաբանը հարցրեց՝ ո՞ր օրենքով են արգելված նմանատիպ կոչերը, բռնության կոչի մասին խոսք լինել չի կարող:

Հանձնաժողովից մատնանշեցին՝ Քեոսայանն ասում է՝ «մի՞թե Փաշինյանը մտածում է, որ ողջ կմնա այդ ամեն ինչից հետո»: Ֆարմանյանն արձագանքեց, որ պատերազմ գնալուց էլ են ասում՝չգիտենք հետ կգա՞, ողջ կմնա՞, թե՞ չէ, քաղաքականությունն էլ է պատերազմ, հետեւաբար դա բռնության կոչ չի, եթե իրավական խախտումներ կան, այստեղ ավելի շատ վիրավորանքի, զրպարտության օրենքը պետք է գործի, ոչ թե «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:

Հանձնաժողովի նորընտիր անդամ Նունե Հախվերդյանը հարցրեց՝ ի՞նչ նպատակահարմարություն է ունեցել դա հեռարձակելը, գո՞ւյն է տալիս՝ փաստաբանը պատասխանեց, որ խմբագրության քաղաքականությունն է Պողոս Պողոսյանի կարծիքը կարեւորել:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն արձագանքեց, որ Պողոս Պողոսյանը ունի կոնկրետ անուն՝ Տիգրան Քեոսայան, որը ՀՀ քաղաքացի չէ, սա փորձ է նաեւ դրսի կողմից միջամտել մեր ներքին քաղաքականությանը:

Ըստ Սիմոն Ֆարմանյանի, տարբերություն չկա ՀՀ քաղաքացի կլինի, ԱՄՆ, թե ՌԴ, համանման կարծիքներ այստեղ էլ են հնչում:

Հանձնաժողովի անդամ, ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն ասաց. «Վիրավորական է, որ կոնկրետ այդ «Պողոս Պողոսյանը» Հայաստանի Հանրապետություն ասելու փոխարեն ասում է ուրիշ բան: Եթե ես օրինակ Պողոս Պողոսյանին ասեմ՝ դու ապուշ ես, կամ հարցականով ասեմ՝ դու ապո՞ւշ ես, երկուսն էլ կլինի՞ վիրավորական: Կամ ասեմ՝ իմ կարծիքով, դու եթիմ ապուշ ես, կամ՝ կարծես թե դու բեղավոր հիմար լինես, էդ կարգի բաներ, դա մանիպուլյացիա՞ է, թե՞ չէ: 47 րոպե անցավ ժողովից, դուք անմեղ աչքերով ասում եք՝ հայ ժողովուրդը մի՞թե չի հասկանում, որ մարդը կարծիք է հայտնել: Ինչ-որ մեկին, որ հայ ժողովուրդն ընտրել է, կարող է դուք սիրեք, կարող է չսիրեք, դա «ռամաշկա» չի, որ любишь не любишь անեն, հասկանո՞ւմ եք, կարող եք ձեր տանը գործածել ձեր ճաշակը, հաճելիության ձեր սահմանները: ՀՀ-ում տեղի է ունեցել ընտրություն, հայ ժողովուրդն ընտրել է ինչ-որ մեկին, որի մասին «Պողոս Պողոսյանն» ասում է՝ չե՞ք կարծում, որ էս մարդը պետք է չհասցնի փախնել մինչեւ Կանադա կամ Ամազոնի անտառները: Դուք 45 րոպե է՝ մեզ ասում եք՝ դա մարդու կարծիք է: Չե՞ք ամաչում: Գլուխ ա, չէ՞, ականջ ա, չէ՞, 45 րոպե է՝ դա եք ասում»:

Սիմոն Ֆարմանյանն ի պատասխան բացարկ հայտնեց Արթուր Մանուկյանին եւ որոշ ժամանակով նրան արգելվեց խոսել նիստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից․ Տիգրան Քեոսայանը արձագանքել է «Սպուտնիկ Արմենիայի» եթերազրկմանը․ «Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031