Հայաստանի զավթված լինելու հերթական ապացույցը
Դեկտեմբերի 12-ի մեր հայտարարությամբ խստորեն դատապարտել էինք ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ տարածքում՝ Գյումրիում, 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալելն ու ռուսական ռազմական բազայի տարածք տեղափոխելը։
Նշել էինք, որ ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։
Եվ ահա լուր եկավ, որ ՀՀ իշխող ռեժիմը վերընշված քաղաքացուն ի վերջո որոշել է արտահանձնել Ռուսաստանին՝ փորձելով հերթական անգամ ծառայություն մատուցել ռուսաց թագավորին՝ ի հաշիվ սեփական երկրի ինքնիշխանության։
Այս խայտառակ փաստը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու այն ակնհայտ ճշմարտությունը, որի մասին Ազգային-ժողովրդավարական Բևեռը բազմիցս խոսել է. Հայաստանի Հանրապետությունը զրկված է ինքնիշխանությունից և հանդիսանում է Ռուսաստանի կողմից զավթված և գաղութացված քվազիպետություն, որի բոլոր, այսպես կոչված ղեկավարները, եղել են և առ այսօր հանդիսանում են մետրոպոլիայի շահերը սպասարկող կոլաբորացիոնիստական ադմինիստրացիաներ։
Կարդացեք նաև
Վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, նրա թիմը և նրա շահերը սպասարկող այսպես կոչված արևմտամետ շրջանակները փորձում են մոլորեցնել թե՛ սեփական ժողովրդին և թե՛ Արևմուտքին, Հայաստանի` դեպի Արևմուտք թեքվելու իրենց դատարկ խոսքերով և հայտարարություններով, որոնք, սակայն, չեն հաստատվում գործնական որևէ հստակ քայլերով։
Վստահ ենք, որ թե՛ հայ ժողովրդի և թե՛ արևմտյան մեր գործընկերների համար այս քաղաքական կեղտոտ մանիպուլիացիան այլևս բացահայտված է։
Նիկոլ Փաշինյանի դավաճան իշխանության հեռացումն ու Հայաստանի ազատագրումն այլևս մեր ժողովրդի ազգային արժանապատվության հարցն է։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ