Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչներն այսօր բողոքի ցույցի են դուրս եկել: Նրանք պահանջում են թույլ տալ ձկնորսությամբ զբաղվել եւ դատապարտում են իրենց համայնքից 26 անձի ձերբակալումը:
«Ինչ պիտի եղած, էդ կարմիր բերետավորները եկած, մուֆթա տեղը մարդկանց ծեծած, տարած»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ցույցի մասնակիցներից մի տարեց տղամարդ:
Հարցին՝ ինչու են ծեծել, տղամարդը պատասխանեց՝ ոստիկանները կիմանան. «Մարդկանց խաբած, ասած՝ գնացեք ծով, էնտեղ ծեծած, խեղդուկ արած, բռնած, մարդկանց ու լոդկեքը տարած»:
Ցուցարարներից մի տղամարդ էլ շարունակեց. «Էս հայ ժողովուրդը ինչով ապրեն, չենք հասկանում: 90-ական թվականներից էս մարդիկ ապրած Սեւանա ծովով: Հայ ու թո՞ւրք են, չենք հասկանում: Էս մարդիկ ապրուստի միջոց չունեն, չեն թողնում աշխատեն, ապրեն: Իրենց համար ստեղ կանգնած, կարմիր բերետավորները եկած ջարդած, տարած, ինչի՞ համար: Մարդկանց երեխեքը սահմանին են, պիտի՞ մի 5000 դրամ հայթայթեն, որ իրենց երեխեքին հաց տանեն, սահմաններում հաց տալի՞ս են, ի՞նչ են տալիս, սաղ էլ բողոքավոր են: Ջահել տղերք են ամեն պատերազմի մասնակից եղած, որ շատերը ընդեղ պախկված եղած, մեր հերոս ախպերները ընդեղ կռիվ են տված, էսօր ջարդած, տարած»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները հատուկ գործողություններ իրականացնելու արդյունքում նորատուսցի 26 ձկնորսի են ձերբակալել: Ձկնորսները նախօրեին ոստիկանների հետ միջադեպ են ունեցել ձկնորսության արգելքի պատճառով: ՔԿ-ն միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.40-ին, Գեղարքունիքի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ