Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութապահպան» վանդալիզմ: Ադրբեջանի մշակութակործան իշխանությունը խոսում է «մշակութապահպանության» մասին. հայտարարություն

Դեկտեմբեր 20,2023 15:30

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին:

«Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար կազմակերպում է մշակույթային ժառանգության պահպանությանը նվիրված միջոցառումներ, պանելային քննարկումներ։ Օրերս տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են մի շարք պանելային քննարկումներ՝ նվիրված նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և արդի մարտահրավերների խնդրին։

Թվում է, թե ասվածը խնդրահարույց չէ, սակայն խնդրահարույց և նույնիսկ զավեշտալի է դառնում, երբ «մշակութային ժառանգության պահպանության» կողքին հատ առ հատ դնենք հայկական մշակույթի այն նմուշները, որոնք անցած տասնամյակների ընթացքում պարբերական և հետևողական, համակարգային կերպով ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատվերով։

Մշակույթի պահպանության մասին անհանգստացող ադրբեջանական իշխանությունները կարո՞ղ են արդյոք պատասխանել այն պարզ հարցին, թե որտեղ են Հին Ջուղայի հազարավոր խաչքարերը, և արդյոք բարոյական է գերեզմանատան տեղում հրաձգարան կառուցելը, արդյոք բարոյական է Բաքվի հայկական եկեղեցին ֆիզիկապես պահպանելը, բայց որպես պահեստ օգտագործելը, արդյոք բարոյական է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին, ըստ «ճարտարապետական հարմարության» վերակառուցման ենթարկելը կամ գերեզմանատան միջով ճանապարհ անցկացնելը, արդյո՞ք մշակութապահպան քայլ է Բաքվի հայկական ճարտարապետության յուրացումը և հայկականության առհասարակ մերժումը, որը եթե ինչ-որ ժամանակ արվում էր լուռ և քողարկված, ապա այժմ արվում է բացահայտ` առանց պատժելիության վախի, ինչն առաջացնում է երևույթի շարունակականության աճող սպառնալիք։

Սրանք պարզագույն հարցեր են, որոնց պատասխանը գտնելը մեծ ջանքեր չի պահանջում․ սա կրոնական և էթնիկ խտրականության վառ դրսևորում է, երբ խոսվում է մեկ մշակույթի պահպանության մասին, բայց գործնականում իրականացվում է մեկ այլ մշակույթի տեղային ամբողջական ոչնչացում։

Ստացվում է, որ մշակութակործան իշխանությունը խոսում է «մշակութապահպանության» մասին։ Սա «մշակութապահպան» վանդալիզմ է, որը ժամանակակից աշխարհում նախադեպային սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը և ժողովրդավարացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031