«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բաց նամակ էր հղել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որտեղ եւս մեկ անգամ ահազանգել էր «Օրրանի» շահառուների կյանքը վտանգող շինարարության մասին։
«Պարոն Ավինյան, ինչո՞ւ չեք արձագանքում, քանի որ քաղաքապետարանը անօրինական շինթույլտվություն է տվել՝ շինություն կառուցել արդեն գոյություն ունեցող շենքից 2.5 մետր հեռավորության վրա: Ինչո՞ւ հարցեր չեք ուղղում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաններին՝ հասկանալու անօրինականության պատճառը և վերացնելու այն: Զավեշտալի չէ՞, երբ քաղաքապետարանի համապատասխան մարմինը, փոխանակ անդրադառնա «Օրրան»-ի նամակներում բարձրացված բուն հարցին, այն է՝ արդյո՞ք պահպանվել է համապատասխան օրենքի 6 մետր պահանջը, գրում է, որ «կառուցապատողն ունի շինթույլտվություն»։ Քաղաքապետարանում չկա՞ն կադրեր, որոնք գիտեն՝ ինչպե՞ս կարդալ պարզ դիմումը և պատշաճ պատասխանել դրան, թե՞ գիտեն, բայց ինչ-որ պատճառով չեն ուզում հասկանալ»,-տարակուսանք էր հայտնել տիկին Հովհաննիսյանը:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետարանից, որտեղից փոխանցեցին, որ մինչեւ քաղաքապետարանի հետ համաձայնեցնելը՝ Եկմալյան 6/3 հասցեի նախագիծը նախապես համաձայնեցվել է տեսչական մարմնի հետ. «Նախագծերում առկա է տեսչական մարմնի դրական եզրակացությունը, բոլոր էջերի վրա կա նրանց կնիքը, որ նախագիծը հակահրդեհային նորմերին համապատասխանում է: «Օրրան» կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը համաձայնություն է տվել այդ հասցեում երկհարկանի շինություն կառուցելուն՝ առանց սահմաններ նշելու: Գլխավոր հատակագծով, որը համաձայնեցվել է, նախատեսվող հասարակական շինությունն «Օրրան»-ի շենքից 2.2 մետր հեռավորության վրա է տեղակայված։ Ներկայացված է գեոդեզիա, որ կառուցապատողն իր սահմաններում, իր տարածքի մեջ ճիշտ նիշերով տեղադրել է սյուները, և շինարարական աշխատանքներն անցկացնում են շինթույլտվությանը համապատասխան:
Անհրաժեշտություն է առաջացել գեոդեզիա անել, եւ, ըստ դրա, ճիշտ տեղում են՝ իրենց հողի տարածքում, որը լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացվել է մեզ որպես եզրակացություն: «Օրրանը» 2.2 մետր հեռավորության մասով համաձայնություն է տվել։ Շատ հնարավոր է, որ իրենց շենքն էլ տեղադիրքի խնդիր ունի: Միանշանակ է, որ մի օբյեկտից չեն գալիս այդ խնդիրները: Այս պահին համայնքը այդ մասով որևէ լուծում չունի։ Իրենք պետք է հասկանան, որ, եթե 2.2 մետր հեռավորության մասով իրենց համաձայնությունը տվել են, կառուցապատողն էլ իր հողի տարածքում է այդ գործունեությունն իրականացնում: Պետք է իրենք գտնեն այդ լուծումները, եթե ոչ, թող դատական սկզբունքով այդ հարցը կարգավորեն։ Համայնքն անելու բան չունի, մենք այդտեղ քանդելու բան չունենք, անվավեր ճանաչելու որոշում չունենք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հանրային ռադիոյի