Լրահոս
Օրվա լրահոսը

Նման կորուստներով ո՞նց եղավ, որ թշնամին կարողացավ առաջ գալ, ուղղակիորեն ասում են՝ հարցրեք այն մարդկանց, որոնք կազմակերպեցին Լելե-Թեփե օպերացիան

Դեկտեմբեր 20,2023 14:55

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հաջորդ տարի՝ հունվարին: Այս գործով հարցաքննված վերջին վկան Ջրականի զորամասի իրային ծառայության պահեստապետն է եղել՝ Ալբերտ Քարամյանը, որը գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ է հայտնել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Aravot.am-ին հայտնեց, որ զորամասի պահեստապետը դատարանում հայտնել է, որ ինքը Հադրութի ճանապարհին գտել էր Վահանյանի ռադիոկապը: Նա պատմել էր, որ Վահանյանն իր հետ տարել էր մարտը ղեկավարելու համար մնացած հրամանատարական մյուս կազմի հետ կապվելու միակ միջոց ռադիոկապը. «Այդ կապի միջոցն այն կապի միջոցն է եղել, որով կապվել են վերադաս հրամանատարական կազմի հետ»:

Պահեստապետը, նյութատեխնիկական ապահովման մասով, ըստ փաստաբանի, ոչ արժանահավատ ցուցմունք է տվել. «Արժանահավատ չէր ցուցմունքը, որովհետեւ բազմաթիվ՝ մի քանի տասնյակի հասնող ցուցմունքներ ունենք, որոնցով զինվորների կողմից նշվել է, որ հագուստի, խրամատները փորելու բահերի եւ տեխնիկական այլ խնդիրներ են ունեցել, իսկ վկան հայտնում էր, որ ամեն ինչ նորմալ է եղել, հատկացումները նորմալ են կատարվել, ինչ պահանջներ ներկայացրել են, Ստեփանակերտից բերվել ու տրամադրվել է, վերջում էլ ասաց, որ «Մոսկվիչով» են տարել: Թե «Մոսկվիչով« քանի հոգու հագուստ կամ միջոց կարող էին տանել, դա էլ բոլորին պարզ է»:

Գործով անցնող այլ վկաներին բերման ենթարկելու որոշում է դատարանի կողմից կայացվել:

Փաստաբանը, ամփոփելով այս տարվա դատաքննության փուլը, արձանագրեց. «Իմ գնահատմամբ՝ Իշխան Վահանյանի մասով մեղավորությունը 100 տոկոսով հիմնավորվում է, մենք դատաքննությունից բացի՝ տուժողների կողմից արդեն 4 հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել՝ այլ հանցագործությունների կատարման հետ կապված: Դրանից առաջ դեպքեր են եղել զորամասում, որ ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով զինվորի աչք է դուրս եկել, երբ արկ է ընկել, մանրամասները հիմա չեմ կարող ներկայացնել, որովհետեւ վարույթը պետք է լինի, նոր, բայց կազմակերպչական աշխատանքների թերացումներ կան նաեւ ռմբակոծության ժամանակ մեքենաներով տեղափոխելու, տեղակայման, նյութատեխնիկական բազայի հետ կապված, որոնք ինքնին հանցանքներ են: Հաղորդումները տրված են, միջնորդություններն արվել են, մի հաղորդման հիմքով էլ քրեական առանձին վարույթ կա նախաձեռնված»:

Փաստաբանի խոսքով, գործով բազմաթիվ ցուցմունքներ կան, որ ադրբեջանական կողմից ճեղքումը եղել է Ջրականի ուղղությամբ, առաջին անգամ այս դատական նիստով խոսվեց, որ կուտակումները եղել են 2020 թվականի սեպտեմբերի 20-ից, որի դիտարկումներն արել են սկզբում զինվորները, հետո ներկայացվել է հրամանատարական կազմին: Սեպտեմբերի 25-ին ԱԹՍ-ով են նկարել թշնամու կուտակումները եւ հրամանատարական կազմի պնդմամբ՝ զեկուցվել է մինչեւ Երեւան, սակայն մինչեւ սեպտեմբերի 27-ը ոչինչ չի ձեռնարկվել:

Փաստաբանի խոսքով, միայն սեպտեմբերի 26-ին տագնապ է եղել. «Եթե ԱԺ-ում հանձնաժողով կա, որը քննում է հանգամանքները, այս քրեական վարույթի մանրամասները վերցնեն ու հարցաքննեն բարձրաստիճան վկաների, եթե դավաճան են ման գալիս, դավաճանին կգտնեն: Ամեն ինչ զեկուցվել է հրամանատարական կազմին, բայց սեպտեմբերի 27-ից պահպանությունից նույնիսկ պաշտպանության զորամասը չի անցել: Չնայած այդ պարագայում էլ ցուցմունքներ կան, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը հակառակորդը մեծ կորուստներ է ունեցել՝ 5000 սպանված, վիրավորների քանակ ու 60 տանկ ու զրահատեխնիկա: Իսկ հարցին՝ ոնց եք պատկերացնում նման կորուստներով ո՞նց եղավ, որ թշնամին կարողացավ առաջ գալ, բազմաթիվ ձայնագրառումներ կան, դրա համար վստահ ասում եմ՝ ուղղակիորեն ասում են՝ հարցրեք այն մարդկանց, որոնք կազմակերպեցին Լելե-Թեփե օպերացիան: Սա ամենակարեւոր հանգամանքն է, որին դեռեւս ոչ ոք ուշադրություն չի դարձնում, նույնիսկ չի էլ լուսաբանվում»:

Հիշեցնենք, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը Խուռհատ սարի վրա միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ նահանջելով՝ զոհվել կամ գերեվարվել է։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am–ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031