«Անցյալ տարի եւս զուգահեռ իրականություն էին ստեղծել, Արցախը այս ժամանակաշրջանում շրջափակված էր, մարդիկ չէին կարողանում ելումուտ անել, իսկ Հայաստանում շրջափակողները, ցեղասպանները տոնախմբություն էին կատարում: Այս տարի էլ նույնն է: Նրանք կարողացան հասնել իրենց ուզածին, Արցախը հայաթափելուն, հայերի ցեղասպանությանը Արցախում, իրենց ամենակարեւոր նպատակներից մեկն իրագործել են, ուստի պետք է հրավառություն անեն: Տոնում են իրենց արածը, ինչպես Ադրբեջանում: Ադրբեջանն էլ նպատակ ուներ Արցախը հայաթափելու, հայաթափել է, հիմա տոնում է»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի հրավառությանը եւ գլխավոր տոնածառի լույսերը վառելուն:
Նրա խոսքով. «Այստեղ հարցն այլ է՝ իսկ մենք ո՞նց պետք է արձագանքենք այս ամենին… Նայում եմ՝ նույն կերպ են արձագանքները, նույն ձեւով մեղադրանքներ ժողովրդին, մինչդեռ բոլորս գիտեինք, որ այսպես է լինելու… Ամառվանից կամ երկու ամիս առաջ, երբ Արցախը հանձնվեց, բոլորս գիտեինք, որ սրանք դավաճան են, որ գալու է պահը, տոնածառ են դնելու, հրավառություն ու տոնախմբություն են անելու… Ինչպես նաեւ կօգտագործեն որոշ արցախցիների, կտանեն իրենց հետ, կլուսանկարվեն, որ ժողովրդի մի մասն ասի՝ էս չէ՞ին ձեր արցախցիները: Իրենք հասկանալով հանրային տրամադրությունները՝ իրենց գործողություններն անում են… Իսկ մենք սպասում ենք՝ ինչ-որ բան անեն, որ սկսենք արձագանքել»:
Հովհաննես Իշխանյանը հավելում է. «Ի՞նչ կարելի էր անել դրա փոխարեն: Կարելի էր բազմաթիվ բաներ անել՝ նկատի ունենալով, որ սա տեղի է ունենալու, եւ ոչ թե նստել ու քննադատել ժողովրդին: Այսպես թե այնպես, եթե պետական ապարատը աշխատում է տոնածառ դնելու վրա, իքս քանակության մարդ միեւնույն է գնալու է այդ տոնակատարությունը նշելու: Բնականաբար, լրատվամիջոցներից մեկը հանդիպելու է մի ծնողի, որը կասի նույն, ծեծված բանը՝ մեր երեխաները ինչ կապ ունեն, պետք է ուրախանան, նույն խոսքերը հնչելու են, մարդիկ նյարդայնանալու են, ու հաջորդ տարի նույն բանն է լինելու:
Ո՞վ է շահում, բնականաբար դավաճանները: Ինչո՞ւ, որովհետեւ մի կողմից ժողովրդի մի մասին լարում են մյուսի դեմ. մի մասն ուզում է սգալ, մյուս մասն ասում է՝ դե մեր երեխաները պետք է ուրախանան, սկսում են իրար հետ կռվել, շահում է դավաճանը: Բոլորիս ցանկություն է, որ մեր ազգը լինի աշխարհի ամենաուրախ ազգը, սակայն կատարված ցեղասպանության պատճառով չենք կարող լինել աշխարհի ամենաուրախ ազգը, բայց կարող ենք հասկանալ, որ այս դավաճանների եւ Ադրբեջանի ցանկությունը մեզ անընդհատ դեպրեսիայի մեջ պահելն է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ