Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ գերակա շահ է դառնում զոռբայությունը, սեփականատիրոջը «քցելը»

Դեկտեմբեր 20,2023 14:30

ՀՀ կառավարության 2018թ. մարտի 22-ի թիվ 332-Ն որոշման համաձայն՝ Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Երեւան քաղաքի Հանրապետության նրբանցքի տուն 8 ա հասցեն, ուր ապրում է Սաֆարյանների բազմանդամ ընտանիքը, նույնպես ընդգրկված էր որոշմամբ սահմանված օտարման ենթակա գույքերի ցանկում: Որոշման թիվ 1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նրբանցքի տուն 8ա հասցեի ձեռքբերող էր «նշանակվել» «Սիթի սենթր դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Այս տարվա հունիսի 20-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանը բավարարել էր ՓԲԸ հայցապահանջը: Դատարանը վճռել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 620 770 000 ՀՀ դրամ գումարով Հանրապետության նրբանցքի տուն 8 ա հասցեոււմ գտնվող անշարժ գույքը օտարել «Սիթի սենթր դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը, պարտավորեցնելով «Սիթի սենթր դիվելոփմենթ» ՓԲ ընկերությանը տվյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից յոթ օրվա ընթացքում դատարանի դեպոզիտ հաշին փոխանցել լրացուցիչ 151 340 000 ՀՀ դրամ: Նշված գումարը դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո, երկամսյա ժամկետում պարտավորեցվել է սեփականատեր, պատասխանող Վարյա Միսակի Սաֆարյանին Հանրապետության նրբանցքի տուն 8 ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարված սեփականության իրավունքը «Հանձնման-ընդունման» ակտով հանձնել «Սիթի սենթր դիվելոփմենթ» ՓԲ ընկերությանը, ճանաչելով այդ ընկերության սեփականության իրավունքը: Սաֆարյան գերդաստանին պարտավորեցվել է նաեւ ազատել անցյալ դարի 60-ականներից իրենց սեփականությունը՝ 8 ա եռահարկ տունը:

Դատավոր Մուրադ Հովակիմյանի վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն առանց բողոքաբեր կողմին լսելու հրապարակման օր է նշանակել դեկտեմբերի 22-ը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում էր կայացրել գործը գրավոր ընթացակարգով լսելու մասին:

Վարյա Սաֆարյանի (որը հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությանը,) որդին՝ Ռաֆայել Սաֆարյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե իրենց ընտանիքը դատարաններում ունի 11 հայց, իսկ Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի գործերով առհասարակ առկա է մոտ 30 հայց. «Գերակա շահի» որոշման տակ ընկած 420 սեփականատերերից մնացել են 30-ը, որոնք ներգրավված են 40 գույքի մեջ:

Սաֆարյանների դատական գործի նախապատմությունը սկսվել է 2021թ. դեկտեմբերի 29-ին, երբ դատավոր Ս. Իսկանդարյանը վարույթ ընդունեց «Սիթի սենթր դիվելոփմենթ» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Վարյա, Անահիտ, Անի, Արմինե, Դավիթ, Իսրայել, Շուրա, Սոնիկ, Վարդիշաղ Սաֆարյանների, Գայանե եւ Լուսինե Սողբաթյանների՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման պարտավորեցման, պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման եւ անշարժ գույքը հայցվորին հանձնելու պահանջների մասին հայցապահանջը: Նկատենք, որ մինչ վարույթ ընդունելու որոշումը, դատարանը դեկտեմբերի 2-ին արդեն իսկ որոշում էր կայացրել՝ արգելանք դրել պատասխանողների տան՝ անշարժ գույքի վրա: Այս դատավորի լիազորությունները դադարեցվեցին 2022թ. ապրիլի 21-ին, գործը մակագրվեց դատավոր Մուրադ Հովակիմյանին: Ապրիլի 27-ի որոշմամբ դատավորն այն ընդունեց վարույթ:

2022թ. սեպտեմբերի 15-ին վարույթը կասեցվեց, քանի որ պատասխանողների ներկայացուցիչը միջնորդություն արեց դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին: Օրեր հետո՝ սեպտեմբերի 26-ին դատարան մուտքագրվեց «Գրանթ Թորոնթոն Քնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Գուրգեն Հակոբյանի գրությունն այն մասին, որ «ընկերությունն արդեն ծանրաբեռնված է ընթացիկ աշխատանքների կատարմամբ, 26.09.2022թ. դրությամբ ընկերությունն ունի մեկ աշխատող, ով գտնվում է երկարատեւ գործուղման մեջ, արդյունքում հնարավորություն չունեն իրականացնել գործող ստանդարտներին համապատասխան որակավորում ունեցող մասնագետի մասնակցությամբ տեղազննություն, ինչպես նաեւ, անհրաժեշտության առաջացման դեպքում, դատարանում ապահովել նրա ներկայությունը: Վերոգրյալը հաշվի առնելով՝ դատարանի կողմից նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարումը «Գրանթ Թորոնթոն Քնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից առաջիկա առնվազն մեկ տարվա (հնարավոր է նաեւ ավելի տեւական ժամանակահատված) ընթացքում հնարավոր չէ»: Ըստ գործի նյութերի, հոկտեմբերի 13-ին դատարանն անդրադարձավ 2022թ. սեպտեմբերի 15-ի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը քննության առնելու եւ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման հարցին, այս անգամ փորձագետ նշանակելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Բնականաբար, կրկին կասեցվեց վարույթը, իսկ այս տարվա մարտի 14-ին վերսկսվեցին դատական գործընթացները: Ռաֆայել Սաֆարյանը տեղեկացրեց, որ դատարանը վճռել է հօգուտ պետական փորձագիտական կենտրոնի իրենցից բռնագանձել 180 000 ՀՀ դրամ…

Անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Սաֆարյաններին պատկանող անշարժ գույքը բաղկացած է 0.0815 հա մակերեսով հողամասից, որի վրա գտնվում են 364.2 քմ մակերեսով բնակելի տունը եւ օժանդակ շինություններ, այդ թվում՝ ավտոտնակ 74.73 քմ մակերեսով, պահեստներ, ընդհանուր շինությունների մակերեսը կազմել է 447.63 քմ: Պատասխանող կողմին էր պատկանում նաեւ նշյալ գույքին հարակից եւ պատասխանողի կողմից տասնամյակներ շարունակ փաստացի օգտագործվող 244.50քմ հողատարածք՝ ըստ 1928 թվականի գույքաթերթի հիման վրա տրված 1952-1953թթ. հատակագծի, 1993 թվականի սեփականության վկայականի: Ամենի համար մարդիկ բարեխղճորեն տասնամյակներ շարունակ գույքահարկ են վճարել: Նշված անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեն 16 անձ: Փորձագիտական եզրակացության հետ համաձայն չեն Սաֆարյանները:

Դատարանը լսել է նաեւ փորձագետ Վահան Ղազարյանին, ում դեմ նույնպես իրենք դատական հայցով դիմել են դատարան, ասում է Ռաֆայել Սաֆարյանը: Ըստ այս փորձագետի. «Որպես ելակետային տվյալներ հիմք է ընդունել Կենտրոն վարչական շրջանում գտնվող Մհեր Մկրտչյան, Թումանյան, Ֆրիկ, Նալդանդյան փողոցներում վաճառվող նմանատիպ հողամասերի եւ բնակելի շենքերի անշարժ գույքում առկա գները՝ վերցված պաշտոնական ինտերնետային կայքէջերից: Մասնավորապես. փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ ստացված արդյունքները փորձաքննությանն առաջադրված 2021թ. նոյեմբերի 30-ի դրությամբ անցում կատարելու համար հիմք է հանդիսացել պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ պայմանագրային գների եւ վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության (փորձաքննության կատարման պահին հրապարակված վերջին վերլուծություն) արդյունքները, ըստ որի՝ 2023թ. հունվար (830100 ՀՀ դրամ/քմ) ամսից մինչեւ փորձաքննությանն առաջադրված ժամանակահատված՝ 2021թ. նոյեմբեր (680100 ՀՀ դրամ/քմ) ամիս՝ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (որպես առավել ակտիվ հանդես եկող գույքի տեսակ) առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձեւավորված՝ մեկ քմ մակերեսի միջինացված շուկայական գների նվազումը՝ արտահայտված տոկոսային հարաբերությամբ, կազմում է մոտ՝ 18.07 տոկոս»:

Ռաֆայել Սաֆարյանն ասում է. «Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ 131 միլիոն դրամի տարբերություն է տվել գնահատումը: Նույն փորձագետը, որ ինձ ներկայացավ, թե տասնհինգ տարվա փորձագետ է, տեղեկություններ էր տվել դատարանում, հետեւյալ օրինակները ներկայացրել: Նայեք, ինչ է կատարվել: Երեւան քաղաքի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցում 2000 քմ հողատարածքի վաճառքի գինը՝ 4000000 ԱՄՆ դոլար, Երեւան քաղաքի կենտրոնում բնակելի շինությունների համար 2150 քմ հողատարածքի վաճառքի գինը՝ 3000000 ԱՄՆ դոլար, Երեւան քաղաքի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցում բնակելի շինության համար 200քմ հողատարածքի վաճառքի գինը՝ 1200000 ԱՄՆ դոլար, Երեւան քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոցում երկու հարկանի 177քմ. մակերեսով քարե տան վաճառքի գինը՝ 470000 ԱՄՆ դոլար, Երեւան քաղաքի կենտրոնում՝ Ֆրիկի փողոցում երեք հարկանի 273քմ մակերեսով քարե տան վաճառքի գինը՝ 770000 ԱՄՆ դոլար, Երեւան քաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան փողոցում երկու հարկանի 104 քմ մակերեսով քարե տան վաճառքի գինը՝ 470000 ԱՄՆ դոլար»:

Ըստ էության, Սաֆարյանների գործով առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ կառուցապատողի։ Այդ հասցեում ապրողների միջեւ, եթե գումարը բաժանեն, անհնար կդառնա փոքր Կենտրոնում բնակարան գնել:

«Սիթի սենթր դիվելոփմենթ»-ը կադաստրային արժեքից չորս անգամ ցածր գին է առաջարկում սեփականատիրոջը։ Նրանց սեփականությունը մոտ 1000 քմ է, որից 770 քմ-ն՝ շինություններ։ Կառուցապատողն առաջարկում է ընդամենը 38 միլիոն դրամ, իսկ 1000 քմ տարածքի համար առաջարկում է 1 քմ-ի դիմաց ընդամենը 700-800 դոլար:

Ռ.Սաֆարյանն ասում է, որ դիմել են քաղաքապետարան, ԱԺ, վարչապետին, հակակոռուպցիոն դատարան, քննչական կոմիտե, ՄԻՊ, դատախազություն, արդարադատության նախարարություն. «Տեղ չկա, որ բողոքած չլինենք»:

Նա հիշեցնում է Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ դատավոր Մուրադ Հովակիմյանի դեմ իրենց բողոքի ցույցերի մասին, որով բնակիչները պահանջել էին կարգապահական վարույթ հարուցել քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ոտնահարած դատավորի նկատմամբ, դադարեցնել նրա լիազորությունները:

«Երբ հանդիպեցինք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ Կենտրոնի տարբեր հասցեների՝ Տիգրան Մեծ, Հանրապետության փողոցի, Խանջյանի, Ֆիրդուսի բնակիչներս (նա էր հրավիրել մեզ), բոլորն իրենց խնդիրները ներկայացրեցին, տարբեր մասնագետներ խոսեցին, փոխվարչապետն ասաց՝ «դատական կարգով վիճարկեք»: Ես անմիջապես ներկայացրեցի իմ դատական գործը, դատարանի վճիռը, հարցրեցի նրան՝ դուք լիազորություններ ունե՞ք ԾԻԳ -ի վրա, քաղաքապետարանի վրա, դատարանի, պատասխանեց՝ ոչ, բայց չէ՞ որ ես նրանցից եմ բողոքում, ասացի: Ես ներկայացրեցի, որ սխալ գնահատում է տրվել մեր բոլորիս տների համար, իմ սիրտը ցավում է, երբ 300-ից ավելի հարեւաններիս անօրինական են տներից հանել, ասաց՝ քո գործերից խոսի… ես դուրս եկա նրա մոտից: Երեք ամիս է անցել, նույն դատական պրոցեսները շարունակվում են, շինարարությունը գնում է, այդ գործընթացները չեն կասեցվում: Մինչեւ մենք մեր դատական հարցերով զբաղվենք, շենքերը կբարձրանան: Ոչ մեկը գերակա շահի օրենքով չի պաշտպանվում, դատավորը տեղյակ չի, որ գերակա շահ է ճանաչվել»,-ասում է Ռ. Սաֆարյանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ուշադրությունը բողոքաբեր Սաֆարյանները հրավիրել են մի ծանրակշիռ հանգամանքի վրա: Տարածքի կառուցապատող «Սիթի սենթր դիվելոփմենթ»-ը, երբ դատի էր տալիս սեփականատիրոջը՝ պահանջելով լքել տարածքը, Սաֆարյաններն էլ դատարանին պաշտոնական տվյալ էին հայտնում, որ այս ընկերության գործունեությունը սահմանափակված է, սակայն Երեւան քաղաքի դատարանը ոչ միայն գնահատական չտվեց, այլեւ «չնկատեց»: Հիշեցնեմ, որ 33-րդ թաղամասը 2006 թվականից ճանաչվել է գերակա շահ, տարածքի կառուցապատող ընկերությունը՝ «Սիթի սենթր դիվելոփմենթն» այս տարիների ընթացքում կառուցապատում չի իրականացրել, ընկերությունն արգելանքի տակ է, գործունեությունն էլ սահմանափակված է, իսկ տարածքում կառուցապատումն իրականացնում են ընկերության սեփականատիրոջ ստեղծած տասից ավելի նորաստեղծ ընկերությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031