«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը եւ տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն` պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են նախագահի կողմից: Անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի վարչապետը:
Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:
Ըստ նրա` այդպիսով կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ինչպես նշանակման եւ ազատման կարգի, այնպես էլ կարգավիճակի համապատասխանությունը հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը:
Նշվել է, որ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը եւ տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները` զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք: Ազգային անվտանգության ծառայության առաքելության, գործառույթների եւ նպատակների պատշաճ կյանքի կոչումն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել նաեւ ԱԱԾ տնօրենի կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը` համապատասխան լրացում կատարելով «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է` արդյո՞ք նմանօրինակ փոփոխություններ կլինեն նաեւ վարչապետին ենթակա մյուս կառույցներում:
Ի պատասխան նշվել է, որ առաջիկայում ամենայն հավանականությամբ կկատարվեն այդպիսի փոփոխություններ, քանի որ դա օրենքի պահանջ է:
Անդրադառնալով նախագծերի փաթեթի ընդունման հրատապությանը` Արմենուհի Հարությունյանը փաստել է, որ փոփոխությունների փաթեթի ընդունումը տարբեր պատճառներով քանիցս հետաձգվել է, եւ այս կարգավորումներն օրենսդրական անհրաժեշտություն են:
Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փաստել է, որ մինչեւ այժմ չունենք Սահմանապահ զորքերի հրամանատար: Նա առաջարկել է վերականգնել նախկին կարգավորումը, երբ Սահմանապահ զորքերի հրամանատարը համարվում էր նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր անհամաձայնությունը հայտնելով այս առաջարկի առնչությամբ, փաստել է, որ, այպես կոչված, խառնաշփոթից խուսափելու համար ուժային կառույցներում պետք է հստակ սահմանվեն աստիճանակարգերը, իսկ կոչումները պետք է լինեն հստակեցված` իրենց ֆունկցիոնալության առումով եւ բաշխվածության տեսանկյունից:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Համակողմանի քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Դեկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում նախագծերի փաթեթը կքննարկվի 24-ժամյա ընթացակարգով:
ՀՀ ԱԺ