Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշ է մնում, թե կոնկրետ քանի օր կունենա անձը դատական ակտը ստանալուց հետո բողոքարկելու համար

Դեկտեմբեր 20,2023 13:30

Սահմանադրական դատարանն օրեր առաջ՝ դեկտեմբերի 12-ին աշխատակարգային որոշմամբ անդրադարձավ եւ մերժեց քննության ընդունել մի գործ, որը հանրային դժգոհության առիթ է դառնում հաճախ: Խոսքը դատական ակտը հրապարակումից հետո պատշաճ եղանակով ստանալու մասին է: Կողմերն ամսիներով սպասում են, թե երբ պիտի ստանան վճիռը, որպեսզի ծանոթանան, բողոքարկեն, իսկ դատարանները լցվում են բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին խնդրահայցերով:

Ներկայացնելով թիվ ԵԴ/5882/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմող Արամ Մանուկյանը նշել էր, որ օրենսդիրը որոշակիորեն չի երաշխավորել դատարանի իրավունքը, տվյալ պարագայում՝ վճռաբեկ բողոք բերելու իր իրավունքը: Ըստ դիմողի՝ «Օրենքով սահմանված կարգավորումները չեն երաշխավորում վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար սահմանված մեկամսյա ժամկետը, քանի որ դատական ակտը հրապարակվելուց հետո այն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով անմիջապես չի տրամադրվում, ավելին՝ կարող է օրեր անց միայն հասնել հասցեատիրոջը»: Իսկ հասցեատիրոջը դատական ակտի հասնելու ժամկետը հնարավոր չէ կանխատեսել կամ հաշվարկել, քանի որ դա իր հերթին կախված է տարբեր ծառայությունների՝ դատարանի գրասենյակ, փոստային ծառայություն, աշխատանքի արագությունից եւ ժամկետներից: Դիմողի պնդմամբ, այդ իրավակարգավորման շրջանակում անորոշ է մնում, թե կոնկրետ քանի օր կունենա անձը դատական ակտը ստանալուց հետո բողոքարկելու համար, իսկ վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետը չպետք է որեւէ կերպ նվազեցվի՝ «կախված անորոշ եւ անկանխատեսելի հանգամանքներից», որոնք անկախ են բողոք բերողի կամքից, այլ պետք է սահմանվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բողոքարկման մեկամսյա ժամկետը տվյալ դատական ակտը ստանալու պահից: Այսինքն, դիմողը ըստ էության վիճարկում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2 եւ 3-րդ մասերի, 387-րդ հոդվածի 1-ին մասի եւ 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Եզրափակիչ դատական ակտի դեմ բերված եւ դատական նիստում քննված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը հրապարակվում է բողոքի քննությունն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում», 3-րդ մասի՝ «Որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել» դրույթը, 387-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո» դրույթը եւ 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը …» դրույթները եւ/կամ դրանցում առկա օրենսդրական բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր այնքանով, որքանով չի երաշխավորվում արդյունավետ կառուցակարգ դատարանի իրավունքի, արդար դատաքննության իրավունքի պիտանի, պատշաճ եւ իրավական որոշակիության եւ կանխատեսելիության սկզբունքներին համապատասխան: Կամ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով եւ 391-րդ հոդվածի 1-ին մասով սահմանած կարգավորումներին դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել հակասող ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով հնարավորություն են ընձեռում կիրառելու այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հնարավոր է նվազեցնել շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով, խնդիրներով պայմանավորված: Արամ Մանուկյանի գնահատմամբ, հենց այդ նշված հոդվածների խախտման է տանում անորոշությունը:

Սահմանադրական դատարանն ակնհայտ անհիմն համարեց այս դիմումը, դիմողի պահանջը, մերժեց այն, արձանագրելով. «Դիմողը չի հիմնավորել վիճարկվող դրույթների դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականությունը»: Դեռ մի բան էլ, դիմողին «մեղադրեց», թե՝ «Փոխարենը՝ դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության եւ նման խախտման ընդհանրությունը, դրանց միջեւ անմիջական պատճառահետեւանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների եւ առանձնահատկությունների հաշվառմամբ»: Մեկամսյա ժամկետի հետ կապված ՍԴ-ն արձանագրել էր, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսել է համապատասխան ընթացակարգ՝ ուղղված այն բոլոր դեպքերում անձի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնական իրավունքների պատշաճ երաշխավորմանը, երբ տվյալ անձն իր կամքից անկախ հանգամանքներում, հիմնավոր պատճառաբանությամբ բաց է թողնում օրենքով հստակ սահմանված դատավարական ժամկետը: Այս առումով օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն, որպես անձի վերոնշյալ հիմնական իրավունքների պատշաճ ապահովման երաշխիք: ՍԴ-ն հղում էր կատարել 2021 թվականի փետրվարի 2-ի ՍԴՈ-1575 որոշմանը, նշելով, որ այդ որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Օրենսգրքով վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ է դիտարկվում դատական ակտի հրապարակման պահը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031