Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդկությունը ճիշտ ընկալի սիրո գաղափարի իմաստը, կավարտվեն մարդկային չարչարանքները… ինչու ոչ՝ նաեւ պատերազմները»

Դեկտեմբեր 20,2023 12:30

Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Արթուր Դուրգարյանի հետ

– Հարգարժան Արթուր, մասնագետների որակմամբ՝ ձեր զգացմունքային, ցնցող, ինչու ոչ՝ միստիկ աշխատանքները, մեծ հաշվով, ներկայացնում են սիրո տարբեր հոգեվիճակներ։ Մի առիթով էլ ասել եք, թե ձեր արվեստը պտտվում է մեկ յուրահատուկ բանի շուրջ՝ սիրո։

– Այո, այդպես է։ Իմ ստեղծագործությունները հիմնականում ոչ միայն զգացմունքների շարք են, այլ՝ կոնկրետ սեր։  Եթե նույնիսկ կան գործեր, որոնք առաջին հայացքից չեն համապատասխանում իմ տեսակետին, ապա դրանց թեման, միեւնույն է, սիրո գերբնական ուժի քարոզի համատեքստում է։ Այն Աստծո, տիեզերքի կողմից մարդուն տրված լավագույն շնորհն է։ Եթե մարդկությունը ճիշտ ընկալի սիրո գաղափարի իմաստը, կավարտվեն մարդկային չարչարանքները… ինչու ոչ՝ նաեւ պատերազմները, ի վերջո մարդն է ընտրում՝ որն է ճշմարտությունը, լավատեսությունը, սերը։ Ես, իհարկե, պոետ չեմ, բայց իմ ասելիքը արտահայտում եմ աշխատանքներիս միջոցով։ Լինում են դեպքեր, երբ ինձանից են հարցնում, թե ինչ եմ պատկերել։ Մեր ոլորտում խոսքը ճիշտ չէ, այսինքն՝ այն պոեզիա չէ, պարզապես պետք է տեսնել, նայել։ Եթե գործը քեզ հոգեհարազատ է, ուրեմն տեսել ես, զգացել ես նկարչի հոգեվիճակը կամ, ինչու ոչ՝ գուցե այդ աշխատանքներում ինքդ քեզ ես տեսել։ Նկարչությունը հայելի է. եթե հայելու մեջ տեսնում ես քո արտացոլանքը, քո հոգին, դա է կարեւորը, կարեւորը՝ դու ինչ ես զգում։

– Օրերս Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում ձեր անհատական ցուցահանդեսն էր, որտեղ հանդես էիք եկել գրաֆիկական աշխատանքներով։ Անցնող տարվա ընթացքում, մեր դիտարկմամբ՝ դա երրորդն էր՝ Իտալիայում եւ այստեղ՝ Նկարիչների միությունում հանդես գալուց հետո։ Նկատենք, որ ներկայացված աշխատանքները միայն գրաֆիկական էին։ Ինչո՞ւ։

– Գրաֆիկական աշխատանքներ կարող ես իրականացնել նույնիսկ յուղաներկով, դա տեխնիկայի խնդիր է։ Նման գործերը կարող են լինել նաեւ մատիտով կամ, ինչպես ասվում է՝ գրաֆիկական նյութերով՝ տպագրական ներկեր, պաստել եւ այլն։ Ինձ հարազատ է նկարչությունը, գրաֆիկան։ Ես ստեղծագործում եմ,  նկարում քանդակագործի պես։ Իմ ընկերները բազմիցս ասել են այդ մասին, ինչին ես համակարծիք եմ։ Այո, նկարչությանս մեջ իմ մոտեցումն այլ է կամ, ավելի ճիշտ՝ իմը քանդակագործի նկարչություն է, քան գեղանկարչի։ Կարեւորն իմ աշխատանքում ազատությունն է։ Ազատության պարագայում, շատ դեպքերում, շատ էքսպերիմենտալ բաներ եմ անում։ Դրանք տարբեր են իրենց հոգեվիճակներով։ Տեսեք, շատ նկարիչներ գտել են իրենց ձեռագիրը։ Ես տարբեր ձեւով եմ արտահայտում իմ ներաշխարհը՝ չկրկնվող…

– Ձեր գործընկերները հավաստիացնում են, որ ոգեշնչվում եք այնպիսի հեղինակների ստեղծագործություններով, ինչպիսիք են Բուլգակովը, Իոնեսկոն, Տարկովսկին…

– Իսկապես ոգեշնչվում եմ ձեր թվարկած, եւ ոչ միայն, մեծանուն հեղինակների արտասովոր ու գրական կերպարներով։ Այդ հեղինակները քարոզել են մարդասիրություն, կարեկցանք, պայքարել են անարդարության դեմ, ինչը միանշանակ սիրո պակասից է գալիս։ Չեմ պատկերացնում՝ հնարավո՞ր է, որ մարդ չունենա այդ զգացմունքը։

– Սիրո հոգեվիճակները ոչ միայն մաժոր լադում են, այլեւ մինորում…

– Ինչքան էլ ստեղծագործելու պահին հոգումս լինի սիրո տխուր պատմություն, ձգտում եմ կտավիս պոզիտիվ տրամադրություն հաղորդել։ Հնչեցրինք մեծանուն գրողների անուններ։ Նրանք իրենց սիրո պատմությունը, մարդկային հարաբերություններն այնքան ճիշտ են պատկերում, որ որոշ դրվագներ ինքդ ասոցացնում ես քո պատմության հետ։ Թող տարօրինակ չհնչի, բայց նման գրողներն էլ են նկարիչներ։ Անկեղծ ասած՝ հուսով եմ, որ իմ գործերն էլ են ոգեշնչում։ Ոչ միայն նկարիչներս, այլեւ այլ ոլորտի արվեստագետներ ջանում են գեղեցիկը ներկայացնել։ Համոզված եմ, որ դրա շնորհիվ մարդկությունը կարող է նույնիսկ դարձի գալ։ Ուղիղ ասած՝ մենք՝ արվեստագետներս, սեր ենք  քարոզում։ Պարզապես պետք է հնարավորինս շատ շփվել արվեստի հետ։ Պատկերացրեք, որ Ֆելինին կամ Տարկովսկին իրենց համար նկարահանեին, կամ Պիկասոյի գործերը երբեք չցուցադրվեր…

– Ինչ խոսք, արվեստը պետք է ներկայացվի, այլ կերպ ասած՝ հասանելի լինի հանրությանը։ Մեր ժամանակներում, ասենք՝ 30 տարի, ընդ որում՝ ճիշտ այնքան, որքան դուք պրոֆեսիոնալ դաշտում եք, մեր երկիրը քաղաքականապես խառը ժամանակներ է ապրում, էլ չխոսենք պատերազմների մասին… Ի վերջո, մշակութային օջախներ այցելելը ուղիղ կապված է տրամադրության, հնարավորության հետ…

– Ես մի բան կարող եմ ասել. եթե մարդը շատ է ցանկանում այս ֆիլմը, ներկայացումը դիտել կամ որեւէ նկար ունենալ, դա կիրականացնի, գումարը ինչ-որ ձեւով կհայթայթի։

– Գիտենք, որ նկարչական, առավել եւս՝ քանդակագործական նյութերը բազմատեսակ են ու բավականաչափ թանկ։ Պետությունը թատրոններին, նվագախմբերին, երգչախմբերին ինչ-որ ձեւով աջակցում է, հենց թեկուզ՝   աշխատավարձի տեսքով, իսկ նկարիչներդ կարծես դուրս եք մնացել տեսադաշտից։

– Այ, եթե մեզ մոտ իրականություն դառնա մենեջմենթի ինստիտուտը կամ արտմենեջմենթը, ամեն հարց իր լուծումը կգտնի։ Օրինակ՝ մենեջերների միջոցով ավելի մատչելի կդառնա նկարչական գործերի հասանելիությունը, թեեւ այսօր այդ աշխատանքը կարելի է իրականացնել համացանցի միջոցով։ Բայց ավելի սոլիդ եւ պրոֆեսիոնալ է, երբ այն իրականացվում է մենեջերի միջոցով։ Ի վերջո, տեսեք՝ նկարչի գործը չէ նկար վաճառելը, նկարչի գործը միայն ու միայն նկարելն է։ Կրկնում եմ՝ մեր երկրում դեռ կայացած չէ այդ ինստիտուտը։ Եվ հետո, ստիպված նկարիչն է որոշում իր գործի արժեքը, այնինչ գին որոշողը շուկան է։ Իսկ դա քաղաքակիրթ երկրներում որոշում են ովքե՞ր՝ միայն ու միայն արտմենեջերները։

– Եվ վերջում մի անձնական դիտարկում. դուք կարծես հանգիստ մարդ եք, համենայնդեպս, այդպիսի տպավորություն եք թողնում, այնինչ ձեր ստեղծագործություններից չկրկնվող տարբեր էմոցիաներ են հորդում…

– Սխալվում եք, ես չափազանց էմոցիոնալ եմ, տարբեր ձեւերով այն կարող է արտահայտվել։ Կարող եմ լինել միաժամանակ շատ ուրախ կամ մտահոգ… Երկու հոգեվիճակն էլ կախված է իմ ներաշխարհից։ Մտահոգը խնդրում եմ չնույնացնել տխուր բառի հետ։ Եվ չմոռանանք, որ ստեղծագործողի իմ թեման  սերն է բոլոր դրսեւորումներով։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031