Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի շահերին համահունչ

Դեկտեմբեր 20,2023 12:00

Ռուսական ծրագրերից էական շեղումներ, առավելեւս` այդ պլաններում ձախողումներ տեղի չեն ունեցել

Սպառնալիքների տարափ ու ադրբեջանամետ դիրքորոշում` Մոսկվայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ուղիղ եթերում պատասխանում էր քաղաքացիների, լրագրողների հարցերին, եւ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների բացակայությունը Մոսկվայի գլխավորած կազմակերպությունների հավաքներին, նշեց, թե չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելը. «Վերջին հաշվով դա պետության ընտրությունն է»: Պուտինի խոսքով՝ Փաշինյանի «բացակայությունները պայմանավորված են հայաստանյան գործընթացների հետ եւ կապված չեն այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը չշարունակելու հետ»։ «Հայաստանում խրթին գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ Մենք հասկանում ենք այդ ամենը, բայց մենք չէ, որ հրաժարվել ենք Ղարաբաղից, Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է հանդիսանում»,- հերթական անգամ շեշտեց Պուտինը՝ պնդելով, որ Երեւանն իր այդ նախաձեռնության մասին նույնիսկ չի էլ տեղեկացրել Մոսկվային:

Պուտինի հերթական պարզաբանում-արդարացումը տարածվեց մի փուլում, երբ Երեւանն ու Բաքուն քննարկում են խաղաղության պայմանագիրը՝ Արեւմուտքի միջնորդությամբ, խոսակցություններ են շրջանառվում երկկողմ բանակցությունների միջոցով պայմանավորվածությունների հանգելու շուրջ:

Պուտինի պարզաբանման օրը ՌԴ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց, որն ավելի խիստ նախազգուշացում էր, եթե չասենք` սպառնալիք պաշտոնական Երեւանի ուղղությամբ: Մոսկվան հստակ զգուշացրեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջեւ 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելու փորձերը «չափազանց վտանգավոր» կարող են լինել։ «Դա անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար», հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` չմանրամասնելով, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը: Նա պնդեց, թե հնարավոր մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել անգամ «արեւմտյան կեղծ միջնորդների օգնությամբ»։ ՌԴ ԱԳՆ-ն կրկին ընդգծեց, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին, 2021-ի նոյեմբերի 26-ին, 2022-ի հոկտեմբերի 31-ին ստորագրված փաստաթղթերն են Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման միակ ճանապարհային քարտեզը եւ «դրանք այլընտրանք չունեն»: Ըստ Զախարովայի՝ «այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից որեւէ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը»։

Այնուհետեւ, Զախարովան մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ նշելով, թե Երեւանի մի շարք գործողությունների պատճառով հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ «Պրահայում Երեւանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ ճանաչելով Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին եւ մոռանալով գոնե նշել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այս որոշումն արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը», – ասել է նա։

Ինչպես միշտ, Պրահայից առաջ Հայաստանի Հանրապետության հանդեպ ռուսական կողմի չկատարած դաշնակցային պարտավորությունների, ինչպես նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ստանձնած պարտավորությունների ձախողման մասին Մոսկվան հետեւողականորեն խուսափում է խոսել:

Փաստացի Զախարովան կրկնեց պաշտոնական Բաքվի մեղադրանք-թեզերը, այն է` Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը Ղարաբաղից, «օգտագործել է Լաչինի միջանցքը՝ ռազմամթերք տեղափոխելու համար», ինչն էլ «նպաստել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բախումներին»։ Մոսկվան մեղադրում է ՀՀ իշխանություններին՝ «ապաշրջափակման գործընթացը ձգձգելու, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթներից հրաժարվելու համար»։ Հիշեցնենք՝ չարաբաստիկ այդ կետում նշվել էր, որ Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն էլ պետք է իրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Իսկ այն, որ Մոսկվան եւ Բաքուն մնացած կետերով ունեին պարտավորություններ ու չեն կատարել դրանք` այդ մասին Մոսկվան շարունակում է համառ լռություն պահպանել:

Փաստենք, որ Հայաստանին ուղղված ծայրաստիճան վտանգավոր մեղադրանքներով, Մոսկվան հստակ ու վերջնականապես դուրս եկավ «անկողմնակալ միջնորդի» դերից, անթաքույց կրկնելով պաշտոնական Բաքվի մեղադրանքները: Պաշտոնական Երեւանն անդրադարձել ու հերքել է Բաքվի մեղադրանքները, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է ԼՂ սպառազինություն մատակարարելու նպատակով, հետեւաբար, հստակ ճշմարտությունն իմանալով` Մոսկվան շարունակում է պնդել Բաքվի կեղծ պնդումները: Ի՞նչ է սա, եթե ոչ` ադրբեջանական կողմի պաշտպանություն: Կամ մյուս մեղադրանքը, թե` Հայաստանը 44-օրյայից հետո զինված ուժերը պատրաստ չի եղել դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։

Հարկ է հիշեցնել, որ պաշտոնական Մոսկվայի վերոնշյալ կեղծ ու ադրբեջանանպաստ թեզերը տեղ են գտել սեպտեմբերի 19-ին կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ, որն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի իշխանություններն ընդունել էին: Եթե մինչեւ վերջերս կարելի էր դեռեւս հարցականով սույն փաստին վերաբերվել, ապա հիմա առավել քան պարզ է, որ նշյալ հայտարարության այդ հատվածը հայտարարության մեջ տեղ է գտել ռուսական կողմի պնդմամբ։ Իսկ թե ինչ նպատակով` դրան հաջորդած իրադարձություններն արդեն այս հարցի պատասխանը տալիս են:

Պուտինից, Զախարովայից հետո հերթը Լավրովինն էր: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային կապերը փորձություններով են անցնում, քանի որ Արեւմուտքը փորձում է սեպ խրել երկու պետությունների միջեւ, սա էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում» նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձից է։ «Այսօր Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների միջեւ հարաբերությունների մեջ սեպ խրելու Արեւմուտքի փորձերի լույսի ներքո», նշեց Լավրովը` համոզմունք հայտնելով, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ եւ կստեղծվեն փոխադարձ օգտակար շփումներ»։

Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը լրացրեց ՌԴ պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը, որն անցյալ շաբաթ «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացմանը նշեց, որ Հայաստանն առանց Ռուսաստանի գոյություն ունենալ չի կարող. «Զբաղվելով միջխորհրդարանական հարաբերություններով՝ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ, նույնպես տեսնում եմ, թե ինչ արդյունք է տվել այն փաստը, որ Հայաստանն ինչ-որ մի պահի որոշել է ՌԴ-ից, այսպես ասած, «դիստանցիա»՝ հեռավորություն պահել»: Նրա փոխանցմամբ` դրան նպաստել են 2,5 հազար ՀԿ-ները, որոնք ԱՄՆ դեսպանատան ամենամեծ ներկայացուցչությունն են նախկին ԽՍՀՄ տարածքում, դրամաշնորհները, փողերը. «Ներշնչել են հայ հասարակությանը, հայ երիտասարդությանը, որ Հայաստանը կարող է ապրել առանց ՌԴ-ի: Անձամբ ես եւ իմ հազարավոր, միլիոնավոր հայրենակիցները համոզված ենք, որ պատմական, քաղաքական, մարդկային առումով մենք շարժվելու ենք միասին, եւ որ Հայաստանը առանց ՌԴ-ի գոյություն ունենալ՝ որպես պետություն, ցավոք, չի կարող: Չպետք է կատարել հետսովետական երկրների սխալները, որոնք փորձեցին ստանալ ՌԴ-ից այն ամենը, ինչ կարող էին ստանալ՝ էժան էներգառեսուրսներ, տեխնիկական համագործակցություն եւ այլն եւ միաժամանակ ստանալ ամեն ինչ Եվրոպայից՝ կրեդիտներ, լավ հարաբերություններ, ընդունելություն Ֆրանսիայում եւ այլն»: Ապա նա հիշեցրել է. «Երբ Ղարաբաղյան վերջին պատերազմն էր ընթանում, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն էին, որոնք ասում էին խնդրում ենք, զանգեք ու ասեք, մի բան արեք, ՌԴ նախագահին հասցրեք ու կանգնեցրեք պատերազմը, մեր տղաները մեռնում են, նրանց դագաղով են բերում ռազմաճակատից: Հիմա այդ պատգամավորներից ոչ մեկը չկա, ընդհանրապես չկան: Ես հիշեցնեմ, որ հենց Պուտինն այդ ժամանակ կանգնեցրեց արյունահեղությունը: Իսկ հիմա այդ նույն մարդիկ խոսում են այն մասին, թե իրենց կփրկի սփյուռքը: Ոչ մի սփյուռք էլ չի փրկի, դա հիմարություն է: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ այլ երկրները, պետք չի հույս ունենալ, այնտեղ հաճելի է աշխատել ծրագրավորող, բայց ոչ մի սփյուռք էլ չի փրկի Հայաստանը, ես դրանում համոզված եմ: Եվ ովքեր ասում են, որ դա կլինի, խորապես սխալվում են: Նրանք կկորցնեն ե՛ւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնտեղ էլ ոչ մի բան չեն ստանա: Օրինակ` Ուկրաինան, որը նույնպես ուզում էր միաժամանակ ստանալ ե՛ւ ՌԴ-ից, ե՛ւ Արեւմուտքից, բոլորիդ աչքի առաջ է, չէինք ուզենա, որ Հայաստանը այդ օրինակին հետեւեր»:

Տպավորություն է, թե Ռուսաստանը չէր Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում ձեռք բերել Հայաստանի ռազմավարական օբյեկտներն, իսկ հետո բռնել հարուստ Ադրբեջանի կողմը` զինելով այդ երկրին 2008-2009-ից սկսած: Կամ` ռուսական կողմը չի, որ հիմա Հայաստանի վճարած գումարի դիմաց սպառազինությունն այդպես էլ չի մատակարարում, ոչ էլ` գումարն է վերադարձնում:

Մոսկվան աջակցում ու ֆինանսավորում է «Խաղաղության խաչմերուկը»

Վերոնշյալ սպառնալիքները որպես վերջին նախազգուշացում ներկայացնելուն զուգահեռ Մոսկվան անցյալ շաբաթվա վերջին որոշ գնահատականներով կարծես Արեւմուտքին ուղերձ հղեց, որ Հայաստան-Ադրբեջան խնդրում մնում է հիմնական խաղացող, իսկ դա նշանակում է, որ Արեւմուտքի հովանու ներքո խաղաղության համաձայնագիր չի կարող ստորագրվել:

Չնայած Երեւանի ու Մոսկվայի միջեւ քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում, Երեւանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հավելելով, որ 2023-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։

Օվերչուկը, հիշեցնենք, որ հանդիսանում է տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի համանախագահը։ Ահա, անդրադառնալով հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Օվերչուկը շեշտեց, թե Մոսկվան աջակցում է դրա իրագործմանը. «Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է: Իսկ Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը ներկայումս համաձայնեցվում է հիմնադրամի մարմինների կողմից, որտեղ աջակցության ծավալը կկազմի 200 միլիոն դոլար»:

Նկատենք, որ ՌԴ փոխվարչապետը Երեւանում քաղաքական կնճռոտ հարցերին չանդրադարձավ: Դեկտեմբերի 15-ին Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Օվերչուկը հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները եւ ԵԱՏՄ ձեւաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ:

Մոսկվան, այսպիսով, Օվերչուկի շուրթերով ի լուր աշխարհի փաստեց, որ աջակցում է Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» եւ Հյուսիս-Հարավ ճանապարհի չորրորդ փուլի կառուցմանը, ավելին՝ այն ֆինանսավորվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցով։

Ի դեպ, Օվերչուկը նաեւ ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չափազանց կարեւոր թեմա է նաեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը, ապա ընդգծեց. «Մենք երախտապարտ ենք, որ որոշում է կայացվել աշխատանքներ տանել Հայկական ատոմակայանի եւ ռուսական կողմի միջեւ շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկներին, ապա այստեղ նույնպես բանակցություններ են ընթանում»։

Մոսկվան, այսպիսով, հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության հերթական փուլի ցուցադրման ֆոնին զուգահեռ, իր գնահատականներով հասկացնել տվեց, որ Փաշինյանը գործում է Մոսկվայի շահերին համահունչ, ավելին, խոշոր հաշվով, դրանցից չի էլ շեղվել: Գոնե առայժմ, ռուսական ծրագրերից էական շեղումներ, առավելեւս` այդ պլաններում ձախողումներ տեղի չեն ունեցել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031