Azg.am-ի թղթակիցը զրուցեց երևանյան պետական մի քանի մանկապարտեզների տնօրենների հետ՝ փորձելով ճշտել՝ արդյոք վերջիններս ողջունում են նոր նախաձեռնությունը, թե դեմ են մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրելու պրակտիկային։
Երևանի թիվ 124 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Նադոյանը նշեց, որ ինքը միայն կողմ է այս նախաձեռնությանը։
«Ես կողմ եմ երկու առումով՝ և՛ իրավունքի տեսակետից, և՛ պարտականությունների՝ և՛ աշխատակիցների, և՛ ծնողների, և՛ երեխաների մասով։ Կարծիքս միայն դրական է։ Այս պահին, այս պայմաններում տեսախցիկները խիստ անհրաժեշտ են՝ բոլոր առումներով, բայց ցավոք սրտի, մեր մանկապարտեզում տեսախցիկներ առայժմ չկան»,- ասաց նա։
Հարցին՝ ինքը, որպես մանկապարտեզի տնօրենի ժ/պ, երբևէ ականատես եղե՞լ է, որ իր ենթականերն ագրեսիվ պահվածք դրսևորեն կամ ուժ կիրառեն սաների նկատմամբ, Ռուզաննա Նադոյանը պատասխանեց՝ եթե նման բան լինի, կնշանակի՝ հաջորդն օրն իսկ տվյալ աշխատակիցը կհեռացվի աշխատանքից։
Կարդացեք նաև
«Բացառում եմ, որ մեր մանկապարտեզում նման բաներ տեղի ունենան։ Շատ վատ եմ վերաբերում երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքին՝ և՛ որպես տնօրեն, և՛ որպես մայր, ծնող։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես էլ երեխաներ ունեմ, ինչպե՞ս կարող է կողմ լինեմ բռնությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեկ այլ՝ Երևանի թիվ 60 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Զադյանն էլ նշեց, որ և՛ կողմ է, և՛ դեմ է խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրելուն։ «Ասեմ՝ ինչու եմ կողմ. որովհետև դա ավելի տեսանելի կդարձնի մանկապարտեզի առօրյան, ինձ հնարավորություն կտա տեսնելու ամբողջ ընթացքը։ Իսկ կողմ չեմ հետևյալի համար. եթե մանկապարտեզի տնօրենն իր տեղում է և կարողանում է վերահսկել աշխատանքը, ընդհանրապես կարիք չկա, որ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն։ Իմ պարագայում դա ընդհանրապես անհրաժեշտ չէ, որովհետև ես անընդհատ մանկավարժների կողքին եմ, նրանց աշխատանքը տեսնում եմ։ Կարծում եմ՝ այսպես ավելի արդյունավետ է։
Վերջերս ականատես եղանք մի միջադեպի, որ մասնավոր մանկապարտեզներից մեկում տնօրենը և դաստիարակը տեսախցիկի առջև ծեծում էին երեխային։ Ուզում եմ ասել, որ տեսախցիկների տեղադրումն այնքան էլ արդյունավետ չէ։ Եթե շատ ագրեսիվ դաստիարակը ցանկանա իր «գործն» անել, երեխային կտանի և այնտեղ կանի, որտեղ տեսախցիկներ չկան։ Դա էլ արդյունավետ միջոց չէ»,- ասաց մանկապարտեզի տնօրենը՝ հավելելով, որ ծնողների բողոքի հիման վրա, իսկ հետո նաև անձամբ ականատես լինելով իրենց դայակներից մեկի ագրեսիվ վարքին՝ բոլորովին վերջերս ստիպված է եղել աշխատանքից ազատել նրան (դայակը թեև երեխաներին չի հարվածել, սակայն կոպիտ է վարվել)։
Ըստ Արփինե Զադյանի՝ իր այս արարքը դաս կլինի մանկապարտեզի մյուս աշխատակիցների համար, որոնք մի պահ կցանկանան հարվածել կամ կոպիտ վերաբերմունք դրսևորել սաների նկատմամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: