Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական երազանքի» առանձնահատկությունը

Դեկտեմբեր 20,2023 10:00

Ինչո՞ւ 2016 թվականին 800 հեկտար կորցնելը համազգային բողոք էր առաջացրել, իսկ այսօր հազարավոր հեկտարներ հանձնելն ընկալվում է որպես անխուսափելի իրադարձություն:

Ինչո՞ւ Երեւանում «կարմիր գծերի» առկայությունը «թալան» էր համարվում, իսկ հիմա այդ նույն «գծերի» համար տուրքը մի քանի անգամ բարձրացնելը նորմալ է ընդունվում:

Ես ունեմ այդ հարցի պատասխանը՝ չնայած դա ընդդիմադիրներին ու նրանց համակիրներին դուր չի գա: Իսկ պատասխանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայաստանցիների մեծամասնության կողմից սիրված քաղաքական գործիչ է, եւ ինչ էլ նա անի՝ այդ մեծամասնությունը նրան համարելու է սիրելի, հարազատ, յուրային: Սիրո հիմքերը ռացիոնալ չեն՝ բացատրությունը կարող է լինել միայն առասպելաբանական՝ «հայկական երազանքի» շրջանակներում:

Թե ինչ է «ամերիկյան երազանքը», հայտնի է՝ հարստանալն է: «Ֆրանսիական երազանքը» փառք ձեռք բերելն է՝ ինչպես առաջ էին ասում, այնպես ապրել, որ հանրագիտարանում քո մասին գոնե մի երկու տող գրվի: «Ռուսական երազանքը»՝ «ռուսական» (այն, ինչ ռուսներին իրենցն է թվում) «հողերը հավաքելն» է:

«Հայկական երազանքը» «թագավոր» դառնալն է՝ որեւէ մասշտաբի «թագավոր»: Փաշինյանը «հայկական երազանքի» մարմնավորումն է. հասարակ, խեղճուկրակ երիտասարդը, արդարության համար մեռած, ժողովրդի դարդուցավով տապակվող, ուսապարկն ուսերին գալիս է թագավորի պալատ ու նստում է գահին: Թե ինչ է նա անում՝ այդ գահին նստած, կարեւոր չէ՝ կարեւոր է, որ նա ամբողջ օրը մտածում է ժողովրդի երջանկության եւ բարօրության մասին:

Այդ մեծամասնության ներկայացուցիչը «ժողովրդի ծոցից դուրս եկած թագավորի» մեջ տեսնում է իր անձնական երազանքի իրականացումը, իր, կարելի է ասել՝ «ռեսենտիմենտը»: «Ես չեմ կարողացել թագավոր դառնալ, – մտածում է այս մարդը, – բայց մեզանից մեկը դարձավ»: Չափազանց սփոփիչ միտք է:

Ընդդիմադիրները կասեն՝ «ի՞նչ մեծամասնություն, Փաշինյանի վարկանիշը 15-20 տոկոս է»: Դրան ի պատասխան խորհուրդ կտամ նայել, թե որքան է նրա մրցակիցների վարկանիշը:

Մյուս կողմից հայտնի է՝ երբ որեւէ երազանք իրականություն է դառնում, այն հետզհետե կորցնում է իր հրապուրանքը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Ոչ, Այն ժամանակ կային բողոքներ կազմակերպողներ, ֆինանսավորողներ,և մի քանի հազար մարդը բավական էր բողոքների համար։Իսկ հիմա դրանք իշխանություն են։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031