Լրահոս
Օրվա լրահոսը

«2018թ. մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ ԼՂ-ում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր». Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 20,2023 00:05

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  1993 թ. ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որտեղ, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղն այդ բանաձեւերով համարվել է Ադրբեջանի տարածք. «Երկրորդը՝ ուժի կիրառմամբ իրականացված ձեռքբերումները համարվել են ապօրինի: Արձանագրվել է սահմանների անխախտելիության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Սա դնենք մի կողմ… 1994 թվականին գալիս է հրադադարը, և սկսվում է բանակցային գործընթացը: 1996 թվականին տեղի է ունենում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը: Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի հայեցակարգը դրված է ինքնորոշման իրավունքի վրա:

 Ինչի մասին է 1996թ Լիսաբոնի գագաթաժողովը, 1996թ Լիսաբոնի գագաթաժողովը, որը արտահայտվում է նախագահողի հայտարարությամբ, արձանագրում է  հետեւյալը. ասում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է ստանա ինքնավարություն: Այսինքն՝ 1996 թ. Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով միջազգային հանրությունն ասել է, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի  պարագայում: Եվ այդ փաստաթուղթը կա՞ հիմա, չգիտեմ, առիթ չեմ ունեցել ստուգելու,դա հրապարակային փաստաթուղթ է, թե ոչ… Բայց ինքը ենթադրում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի մեջ կա… Եթե համառոտագրելով ասենք՝ դրանից հետո 2007-ին տեղի են ունեցել Մադրիդյան սկզբունքները»:

Փաշինյանի ձեւակերպմամբ, 2018 թ. իր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. «2016 թ. օգոստոսին բանակցային գործընթացում, ընդ որում՝ 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, օգոստոսին բանակցային բովանդակության մեջ հայտնվում է 3-րդ փաստաթուղթը, որը հետեւյալի մասին է մեր թեմայի արձանագրմամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Հայաստանի, Ադրբեջանի եւ էլի ԵԱՀԿ պաշտոնյաների հետ, կորոշի այն եղանակները, որոնց միջոցով Լեռնային Ղարաբաղը սեփական կյանքը պետք է կազմակերպի: Եվ սա կլինի Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը մինչև վերջնական կարգավիճակի որոշումը: Այս փաստաթղթի անհրաժեշտությունն ինչի՞ց էր ստեղծվել: Ի՞նչ կարիք կար, որ այս փաստաթուղթը ստեղծվի:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը եւ փաստորեն Ադրբեջանի հետ նաև մյուս համանախագահողներն արձանագրել էին, որ Կազանյան այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, ինքը հայկական կողմի ընկալումներով չի կարող արտահայտվել:

Ո՞րն էր Կազանում հայկական կողմի ընկալումը, որ այս Լեռնային Ղարաբաղը, որը 2011 թ. դրությամբ գոյություն ուներ, ստանում է միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի եղած կարգավիճակն արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ: Այն, ինչ կա՝ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն, արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը սա մերժում է, եւ 2016 թ., քանի որ Մադրիդյան սկզբունքներում կա միջանկյալ կարգավիճակի գաղափարը, ի հայտ է գալիս այս փաթեթում երրորդ փաստաթուղթը, որը հասցեագրում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը:

Եվ այստեղ ի՞նչն է փոխվել այս ընթացքում: Փոխվել է հետեւյալը, որ եթե Կազանի տրամաբանությունն այն է, որ այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ, 2016 թ. օգոստոսին արձանագրվում է, որ պետք է գնանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այնտեղ քննարկենք, թե Լեռնային Ղարաբաղն իր կյանքը ոնց պետք է կազմակերպի, եւ դա է լինելու միջանկյալ կարգավիճակը: Այսինքն՝ սա ենթադրում է, քանի որ ամբողջը զրոյից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշելու, սա էլ ենթադրում է, որ այն կարգավիճակը, որն ունի Լեռնային Ղարաբաղը, զրոյացվելու է, եւ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր եղանակներ, մեթոդներ եւ մեխանիզմներ է արձանագրելու, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղն իր կյանքը կազմակերպելու՝ խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ էլի մի շարք սուբյեկտների հետ»:

Վերադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝  նա հավելեց. «Մադրիդյան սկզբունքների համար երկու մեծ առավելություն էին նշում Մադրիդյան սկզբունքները հրապարակ բերողները: Առաջինը՝ ԼՂ կարգավիճակը կորոշվի կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում կայանալիք հանրաքվեում: Այս դրույթն Ադրբեջանն օգտագործեց, եւ  իմիջիայլոց՝ այս դրույթն Ադրբեջանին դրա համար էր պետք, եւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, եւ  Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումն ու հանրաքվեն զրոյացնելու համար, որովհետեւ եթե կարգավիճակը պետք է տեղի ունենա ապագայում կայանալիք հանրաքվեում, նշանակում է նախկինում կայացած հանրաքվեով չի արձանագրվել այդ կարգավիճակը:

Երկրորդը՝ Մադրիդյան սկզբունքներում արձանագրված միջանկյալ կարգավիճակի դրույթն Ադրբեջանին պետք էր եւ նա օգտագործեց: Տեսեք, ասում է՝ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը հանրաքվեի դրույթն օգտագործեց 1991 թ. կարգավիճակը զրոյացնելու համար: Իսկ միջանկյալ կարգավիճակն օգտագործեց, որպեսզի Ղարաբաղի այդ օրվա կարգավիճակը զրոյացնի՝ տանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ զրոյից սկսելու համար: Իսկ ինչո՞ւ պիտի զրոյից սկսվի, հարց կարող է առաջանալ, որովհետեւ Մադրիդյան սկզբունքներում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր պրոցեսներում ինչքան իրավունքներ ունեն հայերը, այնքան իրավունքներ էլ ունեն ադրբեջանցիները: Եվ եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման մասին, ուրեմն այդ կյանքի կազմակերպումը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ադրբեջանցիներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031