Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը կփրկի սերն ու գեղեցկությունը և արվեստը՝ որպես մեծագույն գեղեցկություն․ Արմեն Փիրուզյանի «բժշկական բացահայտումների ներկապնակը»

Դեկտեմբեր 20,2023 09:30

«Չկա արվեստ առավել կարևոր, քան բժշկությունը․․․»․ լատինական այս ասացվածքով էր սկսվում այն գիրքը, որը «հայտնաբերեցի» Երևանի գրախանութներից մեկում․ սկսեցի թերթել ու հասկացա, որ հենց այնպես չեմ կարող բաժանվել այդ գրքից․․․ Մի քանի էջ կարդալով՝ զգացի, որ այն կփոխի կերպարվեստի հետ կապված մեր բազմաթիվ պատկերացումները՝ սովորեցնելով արվեստի մեծագույն գործերին նայել բժշկի աչքերով․ նայել ու տեսնել այն, ինչ ժամանակին հաջողվել է տեսնել «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքի համահեղինակ, սրտաբան Արմեն Փիրուզյանին, որի հետ արվեստի մասին կարելի է զրուցել ժամերով, եթե, իհարկե, պացիենտները «թույլ տան»։

-Ձեր և Գոհար Շահսուվարյանի՝ «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գիրքը հրաշալի բացահայտում էր ինձ համար, որից երկար ժամանակ չէի կարողանում կտրվել հենց գրախանութում․․․ 

-Ի սկզբանե մեր  նպատակը գիրք գրելը չէր․ մենք պարբերաբար արվեստի, մասնավորապես կերպարվեստի ու բժշկության միջև կապի վերաբերյալ հոդվածներ էինք հրապարակում, որոնք բավականին կուտակվել էին։ Հետո մեր գործընկերներից ու նաև իմ նախկին ուսանողներից մեկը՝ Գոհար Շահսուվարյանը, որը հրաշալի բժշկուհի է և շատ հետաքրքիր ու զարգացած անձնավորություն, ասաց ինձ՝ ափսոս է այսքան նյութը, որը հավաքվել է, եկեք այն գրքի մեջ զետեղենք, և քանի որ իրեն էլ շատ էր հետաքրքրում այդ թեման, ինքն էլ սկսեց գրել՝ դառնալով գրքի համահեղինակ։

-Գրքի առաջին թեման, կարծեմ, իսպանական գրիպն է, արդյո՞ք այդ ընտրությունն ինչ-որ կերպ կապված էր կորոնավիրուսային համավարակի բռնկման հետ։

-Երբ սկսեցինք գրել գիրքը, քովիդի մասին պատկերացում անգամ չկար, և, կարծում եմ, խորհրդանշական էր այն, որ գիրքը սկսվեց իսպանական գրիպի թեմայով և եզրափակվեց քովիդի մասին նյութով․․․

2018 թ․-ին լրանում էր իսպանական գրիպի 100-ամյակը․ այդ կապակցությամբ մենք հրապարակել էինք «Սպանիչ flu» հոդվածը, որը, ինչպես ասացի, ներառվեց գրքի առաջին գլխում․ իսպանկայի հետ կապված շատ պատմություններ կային, որոնց մեծ մասին ծանոթացել էի ճանապարհորդելիս։ Էգոն Շիլեի, Էդվարդ Մունկի, Գուստավ Կլիմտի և այլ նկարիչների կյանքն ու ստեղծագործությունները սերտորեն կապված են ժամանակի այդ չարաբաստիկ հիվանդության հետ, որը խլել էր Շիլեի ու իր ողջ ընտանիքի, Կլիմտի կյանքը, որի վերաբերյալ Մունկն ունի բազմաթիվ կտավներ։

Էդվարդ Մունկ, «Ինքնանկար իսպանական գրիպի ժամանակ», 1919 թ․

Արվեստի ու բժշկության կապը գրքում այնքան բազմաշերտ է, որ զարմանքից զատ անընդհատ մտորումների տեղիք է տալիս։ Որպես համահեղինակ՝ ո՞րն եք համարում գրքի հիմնական գաղափարը։

-Մնայուն՝ նյութական և ոչ նյութական արժեք ստեղծելու համար պետք է տաղանդավոր լինել, բայց հանճարեղ բան ստեղծելու համար պետք է հանճարեղ լինել, և դրանց միջև մեծ տարբերություններ կան․ հանճարեղ գործերը եզակի են ․․․ Ինչ-որ կերպ կարելի է սահմանել տաղանդավոր հասկացությունը, բայց հանճարը շատ դժվար է սահմանել, ինչպես նաև իմանալ նորմայի ու հանճարի սահմանները․․․ Այդ հարցը միշտ է ինձ հետաքրքրել․․․ Որպես բժիշկ, որը գիտի ֆիզիոլոգիա, պաթոֆիզիոլոգիա, միշտ  համեմատել եմ շեղումը նորմայի հետ և մտածել՝ հանճարն արդյո՞ք շեղում է, և եթե ոչ, ապա որտեղի՞ց է գալիս այն․․․ Բայց, այնուամենայնիվ, հանճարը նորմայից շեղում է, և այդ շեղումը երբեմն անգամ հիվանդության տեսքով է հանդես գալիս։ Օրինակ` Գոյան, որը մի քանի հիվանդություններ է ունեցել, որոնց վերաբերյալ վեճերը մինչ օրս չեն դադարում։ Երբ ուսումնասիրում ես Գոյայի նկարները հիվանդանալուց առաջ և հիվանդանալուց հետո, հասկանում ես, որ դրանք կարծես երկու տարբեր նկարիչների ստեղծագործություններ են, երկու մեծ նկարչի գործեր՝ ամփոփված մեկ հանճարի մեջ։

Յայոի Կուսամա

Կամ վերջին մի քանի տասնամյակների մեծություններից համարվող ճապոնացի նկարչուհի Յայոի Կուսաման, որը եթե չունենար իր հալյուցինացիաները, գուցե և չլիներ այն արվեստագետն, ինչ հիմա է․․․ 90-ն անց նկարչուհին արդեն գրեթե կես դար  իր կամքով ապրում է հոգեբուժարանում․ ամեն առավոտ գնում է արվեստանոց, նկարում է, իսկ երեկոյան վերադառնում է հոգեբուժարան՝ այնտեղ անցկացնելու իր գիշերը։

Ինքն է ընտրել այդ ուղին, և այն հոգեկան հիվանդությունը, որ նա կրում է, նրան և ինչո՞ւ չէ, նաև մեզ, տալիս է արվեստի այն գործերը, որոնք գուցե և չլինեին, եթե չլիներ հիվանդությունը։

Արմեն Փիրուզյան

Այն, թե ինչպես է հիվանդությունն ազդում արվեստի վրա, շատ պատկերավոր է դրսևորվում Էլ Գրեկոյի, հայտնի իմպրեսիոնիստներ Մոնեի, Դեգայի և այլոց ստեղծագործություններում, որոնցում, օրինակ, գունային ու ոճային փոփոխությունները կապված են եղել ոչ թե նկարչի զարգացման հետ, այլ տեսողության հետ կապված խնդիրների։

Շատ հետաքրքիր է Դեգայի պատմությունը․ 1870 թ․-ին ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ երբ Դեգան կամավորագրվում է Ազգային գվարդիային, հրաձգային վարժանքների ընթացքում բացահայտվում են նրա տեսողական խնդիրները, և երբ սկսում են ուսումնասիրել նրա կտավները, տեսնում են, որ կենտրոնական ու ծայրամասային դաշտերի մեջ մեծ տարբերություններ կան, և դա ոչ թե ոճային լուծում է, այլ տեսողական խանգարման արդյունք։

Կլոդ Մոնե, «Ջրաշուշաններ»

Նույնը կարող ենք ասել Կլոդ Մոնեի գույների վերաբերյալ․ կատարակտի զարգացմանը զուգահեռ նկարչի գույները կամաց-կամաց խամրում են՝ ստանալով հետաքրքիր զուգակցումներ, ինչպես տեսնում ենք, օրինակ, «Ջրաշուշաններում», որտեղ մեղմ ու փափուկ մանուշակագույնը համակցվում է վառ ու լուսավոր կապույտի երանգների հետ։

Այսինքն՝ գրքի ընդհանուր գաղափարն արվեստի ու բժշկության միահյուսումն է, մի դեպքում, թե ոնց են հիվանդություններն անդրադարձել արվեստագետի և այդպիսով՝ արվեստի վրա, մյուս դեպքում, թե ոնց է արվեստը կտավներում զետեղել ժամանակի բժշկության փաստագրությունը։ 

Միջնադարում, Վերածննդի դարաշրջանում, երբ արվեստն ավելի ռեալիստական էր, նկարիչները նկարում էին այն, ինչ տեսնում էին՝ ներկայացնելով  երևույթները, դեպքերը, մարդկանց ինչպես որ կային, և դա շատ կարևոր պատմական նշանակություն ունի, քանի որ հարյուրամյակներ հետո այդ գործերի շնորհիվ մենք տեսնում ենք այն, ինչ եղել է այդ տարիներին․․․ Ստացվում է, որ հիմա այդ նկարները վերլուծելով՝ մենք հասկանում ենք, թե տվյալ տարածքում տվյալ ժամանակահատվածում առողջական ինչ խնդիրներ են եղել, ինչպես  են դրանք արտացոլվել։ Դա գուցե եղել է ոչ գիտակցաբար, բայց նաև գիտակցաբար, քանի որ ժամանակին որոշ պաթոլոգիաներ ու շեղումներ համարվել են աստվածային, և արվեստագետները փորձել են դրանք ներկայացնել։

Որպես օրինակ կարող եմ բերել Կարավաջոյի կտավները, որոնցում մենք հստակ տեսնում ենք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող տիպաժների։ Կարավաջոն հաճախ էր նկարում լեռնային բնակիչներին, որոնց սննդում յոդի անբավարարությունը կարող էր հանգեցնել վահանագեղձի խնդիրների, որոնք, շնորհիվ այդ հանճարեղ արվեստագետի, արտացոլվել են կերպարվեստում։

-Գիրքը նաև հարուստ է ասոցիատիվ կապերով, որոնք իսկապես շատ տպավորիչ էին։

-Կան շատ հետաքրքիր ախտանշաններ, համախտանիշներ, որոնց բացատրությունում ուղղակիորեն արվեստի հետ կապ կա։

Օրինակ՝ Մոդիլյանիի համախտանիշը՝ պսևդոխպիպը, ինչպես գիտենք, Մոդիլյանիի գրեթե բոլոր կերպարները ներկայանում են երկար պարանոցով, ավելի արտահայտիչ կոկորդով ․․․ Կամ Սիքստինյան կապելլայի համախտանիշը, որի դասական սահմանումը հետևյալն է՝ հանդիպում է տարեց զբոսաշրջիկների շրջանում Սիքստինյան կապելլայի որմնանկարները դիտելիս։ Այդ մասին, սովորաբար, շատ լավ իմանում են զբոսավարները, և եթե իրենց խումբը տարեց զբոսաշրջիկներից է կազմված, նրանք հատուկ անկյունների տակ են ցույց տալիս զբոսաշրջիկներին այդ որմնանկարները, հակառակ դեպքում, եթե տարեց մարդիկ գլուխը շատ թեքեն՝ վերև նայելու համար, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ են առաջանալու՝ հանգեցնելով գլխապտույտի, ուշագնացության։

-Ինչպես նշեցիք, գիրքը եզրափակվում է քովիդի մասին նյութով, և որքան էլ այն բարդ ժամանակամիջոց է ներկայացնում, եզրահանգումը կենսահաստատ է, և դա մեզ հույսեր է ներշնչում․․․

-Երբ կարողանում ես տեսնել աշխարհը, հասկանում ես, թե որքան մեծ ու հետաքրքիր է այն, և այս գիրքն այն ցույց տալու փորձ է՝ անընդհատ զարմանալու համար է ու հարցեր տալու․ ի՞նչը կփրկի աշխարհը․․․ պատահական չէ, որ գիրքը սկսվում և ավարտվում է մարդու մակրոաշխարհի ու միկրոաշխարհի միջև պայքարը բնորոշող նյութերով, և որքան էլ հասկանում ես, որ հայտնի չէ՝ թե՞ ով կհաղթի այդ պայքարում, մի բան անվիճելի է՝ աշխարհը կփրկի սերն ու գեղեցկությունը և արվեստը՝ որպես մեծագույն գեղեցկություն․․․  Չէ՞ որ եղել է ժանտախտ, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել, բայց այդ ժամանակ եղել է նաև Վերածնունդ, միլիոնները վերացել են, բայց մնացել են Վերածննդի չքնաղ գործերը․․․ Եվ այդ փորձը մեզ հիմքեր է տալիս պնդելու՝ թեև «կյանքը կարճ է, բայց արվեստը հավերժ է»։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031