Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեան․ ՀՅԴ-ն փորձում է մարդու իրաւունքների դրօշակակիր կազմակերպութիւններում ճնշումներ բանեցնել, որ կարողանանք Արցախի ղեկավարներին ազատել․ «Ասպարէզ»

Դեկտեմբեր 20,2023 09:00

ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանն այդ անհատներից է, ով երկար տարիներ ծառայել է ՀՅԴ շարքերում՝ նշանակալի ներդրում ունենալով կուսակցութեան զարգացման ու ծրագրերի կայացման գործում: Խաժակ Մկրտիչեանը ծնուելով Սիրիայում, երկար տարիներ եղել է Դաշնակցական մամուլի աշխատակից՝ այս ոլորտում գործունէութիւնը սկսելով 1989 թուականին Աթէնքի «Դրօշակ»ի խմբագրատանը: ՀՅԴ Բիւրոյի հրամանով, այնուհետեւ գործուղուել է Հայաստան, որտեղ առաջին Շրջանային ժողովի ժամանակ, 1991 թուականին, ընտրուել է Հայաստանի Կենտրոնական կոմիտէութեան անդամ, եւ ստանձնել է ուղեկից միութիւնների ու կազմակերպական հարցերի պատասխանատուութիւնը: Նոյն տարում հիմնել է Հայաստանի Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական միութիւնը՝ իր մասնաճիւղերով: 1993 թուականին Խաժակ Մկրտիչեանը վերադարձել է Հալէպ՝ ստանձնելու «Գանձասար» երկշաբաթաթերթի խմբագրի պաշտօնը, եւ այն վերածել է շաբաթաթերթի: 1997 թուականին նա հրաւէր է ստանում Եգիպտոսից՝ գլխաւորելու «Յուսաբեր» օրաթերթը որպէս խմբագիր: 1999 թուականին, ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի հրաւէրով Մկրտիչեանը ստանձնում է «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագրի պարտականութիւնը մինչեւ 2007 թուականը: Ներկայում Խաժակ Մկրտիչեանը գործում է Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնում՝ որպէս ՏՏ ոլորտի մասնագէտ, եւ շարունակում է յօդուածներ հրապարակել հայութեանը յուզող հարցերի շուրջ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարոն Մկրտիչեան, համայն հայութեան ուշադրութիւնն այսօր ուղղուած է արցախահայութեան խնդիրներին: Արցախի ռազմաքաղաքական մի շարք գործիչներ Բաքուի բանտերում են՝ այդ թւում նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը: Արցախի գերեվարուած ղեկավարների իրաւական պաշտպանութեան առումով ՀՅԴն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

ԽԱԺԱԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Բնական է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանի գերեվարուած լինելն առանձնայատուկ նշանակութիւն ունի մեր համար, սակայն չենք ցանկանում նրան զատել միւս գերեվարուածներից, եւ հարցը դիտում ենք ամբողջութեան մէջ: Ութ ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարման փաստը մեր համար բաւական մեծ հարուած է՝ ուղղուած Արցախի Հանրապետութեան խորհրդանիշին. այդ հեղինակաւոր դէմքերը կանգնած էին Արցախի Հանրապետութեան ծնունդի ակունքներում, եւ շատ մեծ դեր են ունեցել ստեղծելու այն նախանձելի ժողովրդավարական մթնոլորտն ու կացութիւնը, որտեղ արցախահայութիւնը վայելում եւ արարում էր իր հայրենի հողում: Այսօր իրենց գերեվարուածութիւնը մենք ընկալում ենք իբրեւ մեծ հարուած՝ ուղղուած արցախահայութեան ինքնորոշման եւ ժողովրդավարօրէն արտայայտած կամքի ուղղութեամբ:

Շատ զայրոյթ պատճառող է, որ ահաբեկչական վարչախումբ ունեցող երկիրն Ալիեւի գլխաւորութեամբ, ուղղակի համարձակւում է Արցախի ժողովրդավարութեան ծնունդ Արցախի ղեկավարներին ինչ-որ ահաբեկչական ամբաստանութիւններ ներկայացնել: Այստեղ նաեւ տարօրինակ, ընդվզեցուցիչ եւ անհասկանալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների լռութիւնը, որոնք մինչեւ երէկ դեռ ամերիկեան բիւջէներով Արցախի Հանրապետութեանը գումարներ էին յատկացնում, այցելութիւններ էին կատարում Արցախ, Մինսկի խմբի համանախագահները բանակցութիւններ, խորհրդատուութիւններ, հանդիպումներ էին ունենում արցախցի գործիչների հետ: Ադրբեջանի կողմից այդ գործիչներին ուղղուած ահաբեկիչի ամբաստանութիւնն արժէ նկատել նաեւ ուղղուած է նշուած երկրներին, որոնք, ի վերջոյ եթէ եզրակացնենք, նշանակում է, որ ֆինանսաւորում կամ աջակցում էին ահաբեկչական կառոյցի, ինչն այդպէս չէ: Իրենց լռութիւնը զայրոյթ է առաջացնում, քանի որ պէտք է նախ իրենք տէր կանգնեն իրենց սկզբունքներին, որ ժողովրդավարութեան ջատագովներ են, մարդու իրաւունքների պաշտպանութեան կարգախօսներով են սնուցում, իսկ այստեղ՝ ժողովրդավարութեամբ արտայայտուած արցախահայութեան ժողովրդավար կամքի արտայայտութիւն հանդիսացող ղեկավարների գերեվարման հարցում լուռ են: ՀՅԴն փորձում է հանդիպումներում այս փաստն առաջ մղել, եւ ինչ որ ձեւով նրանց պատասխանատուութեան հրաւիրել, որ տէր կանգնեն այդ սկզբունքներին, եւ հնարաւորինս, ճնշամիջոցներով փորձեն ազատ արձակել մեր գերեվարուած անձանց:

Միւս դժուարութիւնն այն է, որ Ադրբեջանի օրէնքը թոյլ չի տալիս դրսից փաստաբան հրաւիրել, եւ պահանջ են ներկայացնում, որ այդ փաստաբանն Ադրբեջանի քաղաքացի պէտք է լինի, որի արդարամտութեան հարցում շատ մեծ կասկած կարող է առաջանալ, թէ ինչպէս կարող է ադրբեջանցի փաստաբանը պաշտպանել արցախահայ ղեկավարի, դա աբսուրդ (անհեթեթ) է: ՀՅԴն փորձում է մարդու իրաւունքների դրօշակակիր կազմակերպութիւններում ճնշումներ բանեցնել, որ կարողանանք Արցախի ղեկավարներին ազատել:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՅԴն Արցախի պետական համակարգի պահպանումը յայտարարել է առաջնայնութիւն, որը կարեւոր լծակ է ե՛ւ արցախահայութեան իրաւունքների ամրապնդման, ե՛ւ յետագայում վերադարձի իրաւունքի համար: Ի՞նչ աշխատանքներ էք իրականացնում համակարգի պահպանման, Արցախի ապագայի ուղղութեամբ:

ԽԱԺԱԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- ՀՅԴն Արցախի խորհրդարանում ներկայացուած ուժ է, եւ այսօր Հայաստանում են գտնւում Արցախի Հանրապետութեան նախագահը, գերագոյն դատարանը, եւ առնուազն համակարգը պահպանելու նպատակն ու ճիգը մեր համար շատ կարեւոր են, այն իմաստով, որ արցախահայութիւնը յանկարծ չցրուի, եւ ունենանք այդ ինստիտուտները (հիմնարկները), որոնք լիազօրուած են արցախահայութեան անունով խօսելու: Մեր համոզմամբ, Արցախի խնդրի էջը փակուած չէ, եւ այդ էջը բաց պահելու առաջին նախադրեալը՝ այդ ինստիտուտները պահպանելն է, որպէսզի ժողովրդավարութեամբ ընտրուած այդ օղակները լիազօրուած լինեն Արցախի հարցի արծարծման եւ պահպանման:

Միաժամանակ, այսօր ցաւալիօրէն կարելի է նկատել, որ ՀՀ իշխանութիւնները այդ գծով վերապահ են, եւ տեղ-տեղ նաեւ արհեստական դժուարութիւններ են փորձում առաջացնել, որ մեր համար անընդունելի եւ ապազգային քայլ է, որովհետեւ այդ միտումն առաջնորդում է միայն Արցախի էջի փակման. եթէ արցախահայութիւնը Հայաստանում ցրուի եւ աւելի վատ՝ Հայաստանից էլ դուրս գայ, նշանակում է մէկանգամ եւ ընդմիշտ՝ Արցախը կորցնելու խնդրի հետ հաշտուել ենք: Արցախի պետական ինստիտուտները պէտք է պահպանել, որովհետեւ նրանք դեռ անելիք ունեն արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան հարցում, եւ դա մեր հասկացողութեամբ՝ ինքնորոշման իրաւունքի հարցն է: Ցեղասպանութեան հետեւանքով բռնի տեղահանուած եւ հայաթափուած Արցախի հարցն ամբողջ իրաւական ենթահող կարող է ծառայել վերադարձի իրաւունքի պահանջին, իբրեւ հատուցում, իբրեւ լուծում, եւ Արցախն ամէն իրաւունք ունի իր վերադարձի հարցն արծարծելու, բայց ոչ այն պայմաններում, որ ապրեց շրջափակման տասը ամիսների ընթացքում կամ սեպտեմբերեան յարձակումների ժամանակ:

Այդ բոլոր իրադարձութիւններն եկան համոզելու, որ եղած երաշխիքները չեն ապահովում արցախահայութեան իր հողում մնալու անվտանգութիւնը: Այս պահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆն եւ Ֆրանսիան շատ կրաւորական, եւ իրական գետնի վրայ լծակներ չունեցող կարգավիճակում են, իսկ իրական լծակներ ունեցող Ռուսաստանն իր դերը չկատարեց արցախահայութեան անվտանգութեան իմաստով: Ուրեմն, վերադարձի հարցը շատ սերտօրէն առնչւում է միջազգային անվտանգային երաշխիքների ստեղծման հետ: Առանց դրա, որեւէ մէկը չի կարող պատկերացնել, որ արցախահայութիւնը կարող է իր հայրենի բնօրրանի վրայ ապրել Ալիեւի բռնապետական եւ ահաբեկչական վարչախմբի ներքոյ: Որքան էլ վերջինս փորձի իր քարոզչական միջոցներով խօսել համարկման մասին՝ դա որեւէ պայմանով երաշխիք չի կարող լինել արցախահայութեան անվտանգութեան, այն դէպքում, երբ նոյն Ադրբեջանի քաղաքացիները հալածանքի եւ ամէն տեսակ կտտանքի են ենթարկւում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եթէ ԵԱՀԿ Մինսկի խումբը չգործեց որպէս անվտանգային երաշխիք, ի՞նչ այլ տարբերակներ էք դիտարկում:

ԽԱԺԱԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Մինչեւ այսօր Մինսկի խումբը Արցախի հիմնահարցի լուծման միակ լիազօրուած միջազգային ինստիտուտն է, որը չաշխատեց: Աշխարհաքաղաքական այսօրուայ ընդհանուր դասաւորումներում, Հայաստանի պետութիւնն ու քաղաքական ուժերը ամէն ջանք պէտք է թափեն Մինսկի խմբի աշխուժացման եւ հասնեն նրանց պարտաւորութիւնների ստանձնմանը: Այդ ուղղութեամբ աշխատանք տանելու համար, համոզուած ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան մէջ ճշգրտումներ պէտք է կատարուեն, որովհետեւ այն ինչ-որ ՀՀ իշխանութիւնները ներկայում վարում են իբրեւ արտաքին քաղաքականութիւն՝ բացարձակապէս չի բխում մեր ազգային շահերի հետապնդման ուղղութիւնից, հակառակը՝ քայլ առ քայլ փչացւում են մեր բոլոր յարաբերութիւնները տարածաշրջանում մեր քիչ թէ շատ դաշնակիցների հետ, եւ նրանց փոխարէն, գետնի վրայ այլ ազդեցիկ դաշնակիցներ չկան: Մեր միակ այլընտրանքն այս պարագայում Թուրքիան է, սակայն այս երկրի պատմական վերաբերմունքը Հայաստանի եւ հայութեան նկատմամբ գոնէ մենք սփիւռքահայերս շատ լաւ գիտենք: Դրա համար, Թուրքիան չի կարող որեւէ մէկ պարագայում Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւնների թեկնածու լինել: Այդ ուղղութիւնը մեր համար անհասկանալի է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՀ արտաքին քաղաքականութեան ի՞նչ ճշգրտումների մասին է խօսքը:

ԽԱԺԱԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- ՀՅԴն ընդհանրապէս տարածաշրջանը բաժանում է երկու ռազմավարական գծի: Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան՝ հորիզոնական գիծն է, եւ ուղղահայեաց գիծը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան: Մեր համոզմամբ, որը զուտ հայկական կողմնորոշման մեկնակէտն է, ուղղահայեաց գիծը քիչ թէ շատ համընկնում է հայկական շահերի հետ, սակայն դա բացարձակ իմաստով չենք ասում, որ հակադրուի արեւմուտքի հետ: Մեր պատկերացմամբ, կարելի է հաշտեցումներ գտնել, հաւասարակշռութիւն պահպանել արեւմտեան քաղաքականութեան եւ ուղղահայեաց գծի միջեւ: Մի բան, որ այսօրուայ իշխանութիւնները հակառակն են անում՝ այնպէս են անում, որ այսօր հակադրուող արեւմուտքի ու Ռուսաստանի կիզակէտը դառնայ Հայաստանը, ինչն աւերիչ հետեւանքների կարող է յանգեցնել: Այն ինչ եղաւ Արցախի պարագայում, կարող է նոյնը պատահել Հայաստանի դէպքում, եթէ այս քաղաքականութիւնը շարունակուի:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նշած ուղղահայեաց գծում առկայ Ռուսաստանից հայ հասարակութեան շրջանում մեծ հիասթափութիւն կայ՝ պայմանաւորուած Հայաստանի եւ Արցախի նկատմամբ այդ երկրի վերջին շրջանի կեցուածքից: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Մոսկուան այլ դիրքորոշում կ՛որդեգրի:

ԽԱԺԱԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Մեր կարծիքով, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան միակ երաշխիքը կարող ենք լինել մենք, այսինքն՝ մեր սեփական ուժերին վստահելով, մեր շահերը հաշուի առնելով պէտք է առաջնորդուենք: Սակայն չես կարող իհարկէ կղզիացած ապրել, եւ պէտք է առչնուես ե՛ւ տարածաշրջանի հետ, ե՛ւ միջազգային քաղաքական կենտրոնների հետ: Քաղաքականութեան միտքն ու իմաստն է խորքի մէջ փնտռել այն եզրերը, որոնք քո սեփական շահը կը համընկնեցնի այլ շահերի հետ: Այսօր, կարելի է ասել, որ Ռուսաստանը, միւս երկրների նման, իր սեփական շահերն է հետապնդում, եւ ցաւալիօրէն դրանք այսօր համընկնում են Ադրբեջանի շահերի հետ: Սակայն այստեղ կայ նաեւ Ռուսաստանին վանելու ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, եւ սա էլ աւելի է նպաստում Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման, եւ այդ առիթից Ադրբեջանը շատ վարպետօրէն օգտւում է՝ ու այս ամէնի արդիւնքն իբրեւ չարիք անդրադառնում է ՀՀի վրայ:

Չի կարելի հարիւր տոկոսով չէզոքացնել Ռուսաստանի հետ շահերի հետապնդման հարցը, ուղղակի խնդիրը պիտի լինի հայկական շահերի համադրումը ռուսականի հետ, իսկ այդտեղ հնարաւորութիւններ կան, եթէ ՀՀ քաղաքականութիւնը հրաժարուի Արեւմուտք-Ռուսաստան հակադրութիւնը դէպի Հայաստան բերելուց, կամ Ռուսաստանի համար նոր ճակատ բացելուց: Մինչդեռ ՀՀ իշխանութիւններն իրենց կողմից այն զարգացնելու ճիգ չեն անում, եւ հակառակը՝ ամէն ջանք թափւում է, որ արդէն իսկ գոյութիւն ունեցող Արեւմուտք-Ռուսաստան հակադրութիւնում Հայաստանը բախման թատերաբեմ դառնայ: Գուցէ դէպի Ռուսաստան Հայաստանի նախկին կողմնորոշման վերականգնումը չլինի, որովհետեւ նոր աշխարհաքաղաքական իրականութիւն է, ռուսներն էլ շահեր ունեն Կասպից ծովում, յարաբերութիւններ Թուրքիայի հետ՝ Սիրիայի եւ Լիբիայի տարածքներում: Այդ մեծ քաղաքականութեան մէջ մեր դերակատարութիւնը սահմանափակ է, բայց մեր ազգային շահերից ելնելով, կարելի է Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւնները վերականգնել, եւ դրական դարձնել՝ առանց հարուածելու այն յարաբերութիւններին, որ արդէն ունենք Արեւմուտքի հետ՝ ԱՄՆի, Ֆրանսիայի եւ այլ երկրների:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031