Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հիմա դատարանն ի՞նչ է արձանագրել, որդուս կյանքի իրավունքը չի խախտվե՞լ. 2016-ին Չինարիի մերձակայքում զոհված զինվորի մայր

Դեկտեմբեր 19,2023 23:59

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մերձակայքում թշնամու փոխհրաձգության արդյունքում զոհված Շավարշ Մելիքյանի մայրը՝ Ռուզաննա Պետրոսյանը պնդում է՝ ՄԻԵԴ-ը ոչ արդարամիտ է գտնվել իր որդու մասով բողոքը չբավարարելու հարցով:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց  «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։

Նարայանը, Աբովյանը, Մելիքյանը զոհվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող «Բիթլիս» մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։ Գործի նյութերից տեղեկանում ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովը հատել է սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս»,  նույն օրը՝ 8.30-ի սահմաններում, Նարայանը և Աբովյանը դուրս են եկել «Բիթլիսի» խրամատից՝ զուգարան գնալու և մի քանի տարաներում ջուր հավաքելու համար։ Նրանք եղել են անզեն եւ սպանվել Գուրբանովի կողմից:  Կրակոցներ են հնչել, որոնցից հետո պարզվել է, որ սպանվել են Նարայանը և Աբովյանը։ Մարտական դիրքում գտնվող մյուս զինվորներն անմիջապես վազել են կրակոցների ձայնի ուղղությամբ։ Փոխհրաձգություն է եղել, և երրորդ հայ զինվորը՝ Շավարշ Մելիքյանը, սպանվել է։ Ժամանել են հայկական ուժերը, և մեկ ժամ անընդմեջ փոխհրաձգությունից հետո հակառակ կողմից կրակոցները դադարեցվել են։ Դիմումատուները Հայաստանի տասը  քաղաքացիներ են՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանի և 1990 թվականին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողները, հարազատները:

Դատարանը բավարարել է միայն անզեն սպանված զինծառայողների՝ Նարայանի եւ Աբովյանի հարազատների բողոքը:

Շավարշ Մելիքյանի մայրը՝ Ռուզաննա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար հասկանալի չէ, բողոքի մերժումը, այն դեպքում, երբ որդու կյանքի, ապրելու իրավունքը խախտվել է թշնամու՝ ապօրինի ՀՀ տարածք ներխուժելու արդյունքում. «Թշնամին մտել է ՀՀ սահման, սպան պետք է պաշտպաներ, չէ՞  իր զինվորին, հայրենի հող են մտել, չպաշտպանե՞ր: Հետո ինչ, որ մյուս երկուսը անզեն են եղել, տղաս էլ մարտը կազմակերպել է, մարտական գործողության է մասնակցել, պաշտպանել է իր զինվորի կյանքը ու այդ մարտում կռվել, զոհվել…հիմա դատարանն ի՞նչ է արձանագրել, որդուս կյանքի իրավունքը չի խախտվե՞լ, ես այսպիսի անդրադարձի չէի սպասում բարձրագույն դատարանի կողմից: Թշնամին չհարձակվեր, որդիս ողջ կլիներ, չէ՞»՞

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031