Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհապաղ հավատարմագրել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած մեկ այլ լրագրողի, իսկ Քնար Մանուկյանի կարգավիճակը վերականգնելու համար նախաձեռնել խմբագրության հետ բանակցություններ»

Դեկտեմբեր 19,2023 23:50

Դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի աշխատակազմից գրությամբ տեղեկացրել են, որ նախազգուշացում են հայտնել խորհրդարանում հավատարմագրված Քնար Մանուկյանին, և քանի որ դա երկրորդն էր այս տարվա ընթացքում, լրագրողը հավատարմագրումից զրկվել է։ Սա արտառոց երևույթ է հայաստանյան լրատվական դաշտի համար։
Իսկապես կողմերի միջև այս կոնֆլիկտը նոր չէ, և սկիզբ է առել դեռ մարտի 21-ին, երբ լրատվամիջոցի նույն թղթակիցը նկարահանել է անվտանգության աշխատակիցներին, որոնք սպասում էին հրահանգի՝ հանդարտեցնելու նիստերի դահլիճում բորբոքված թեժ իրավիճակը։ Ավելի ուշ այդ նյութը հրապարակվել է օրաթերթին պատկանող «Armlur.am» կայքում և դարձել խմբագրությանը առաջին նախազգուշացումը ներկայացնելու առիթ։
Այս անգամ ԱԺ աշխատակազմի դժգոհությունը հարուցել է այն, որ լրագրողն իր գործունեությունը ծավալել է ոչ թե ԱԺ նստավայրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար առանձնացված հատուկ տեղում, այլ պաշտոնապես արգելված տարածքում։ Բացի այդ, ըստ աշխատակազմի գրության, Քնար Մանուկյանը «առանց պատգամավորի համաձայնության իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հիշեցնում ենք, որ վերոնշյալ առաջին միջադեպի կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ որի՝ խորհրդարանում լրագրողների գործունեությանը վերաբերող կարգն ունի մի շարք անորոշություններ և անհիմն պահանջներ, որոնք կաշկանդում են լրատվամիջոցների ազատությունը։ ՏՎԽ-ն եզրակացրել է, որ այդ դրույթների կիրառումը հանգեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակման։
Նույնը վերաբերում է նաև երկրորդ նախազգուշացմանը, որի պատճառներից է, ըստ պաշտոնական մեկնաբանության, «արգելված տարածքում» լրագրողի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի այն սահմանափակումները, որոնք կիրառվել են 8-րդ գումարման խորհրդարանի օրոք, աննախադեպ են ՀՀ օրենսդիր մարմնի պատմության մեջ։ Դրանք անհամաչափ և կոշտ խոչընդոտներ են ստեղծում լրատվամիջոցների համար և հակասում են միջազգային ժողովրդավարական նորմերին, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մատնանշել ենք նաև լրագրողների հավատարմագրմանը վերաբերող՝ 2021-22 թթ․ օրենսդրական փոփոխությունների խնդրահարույց լինելը և դրանց հնարավոր բացասական հետևանքները։

Ինչ վերաբերում է զրպարտության մասին կողմերի փոխադարձ մեղադրանքներին (ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ «Ժողովուրդ» թերթը փողով հոդվածներ է հրապարակում, իսկ Քնար Մանուկյանը հարց է հնչեցնում պատգամավորի՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվելու մասին), ապա դրանք կարող են քննվել դատական ատյաններում, և մենք առայժմ ձեռնպահ ենք մնում գնահատական տալուց։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորն առ այն, որ ԱԺ-ում կոնֆլիկտային իրավիճակները, այդ թվում՝ լրագրող-պատգամավոր հարաբերություններում ծագած խնդիրները պետք է դառնան քննարկման առարկա խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում։ Պնդում ենք նաև, որ Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների պահվածքի և գործելաոճի հետ կապված հարցերը անհրաժեշտ է լուծել լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառմամբ՝ հնարավորինս զերծ պահելով այդ գործընթացը միակողմանի վարչարարությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

  • համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ խորհրդարանում անհապաղ հավատարմագրել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած մեկ այլ լրագրողի, իսկ Քնար Մանուկյանի կարգավիճակը վերականգնելու համար նախաձեռնել խմբագրության հետ բանակցություններ (այդ գործընթացում պատրաստակամություն ենք հայտնում միջնորդի դեր ստանձնել),
  • քննարկումներ սկսել վերոհիշյալ օրենքում լրագրողների հավատարմագրմանը վերաբերող դրույթների և դրա հետ կապված՝ ԱԺ-ում գործող կարգերի բարեփոխման և դրանք միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031