Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան․ «Առաջնային հարցը, որ հիմա պետք է լուծի Արցախի գործող իշխանությունը, իրավական տեսանկյունից խիստ խոցելի հրամանագիրը չեղարկելն է, որով լուծարվում էր Արցախի Հանրապետությունը իր ինստիտուտներով»

Դեկտեմբեր 19,2023 23:25

«Տեղահանումից հետո երկար ժամանակ Հայաստանում խոսում, տարբեր քննարկումներ, կլոր սեղաններ էին  կազմակերպվում, որ պետք է պահպանել Արցախի ինստիտուտները, համայնքային կոմպակտ բնակությունը։ Բայց ամենակարճ ճանապարհը, որ ասես՝ ինստիտուտները պահպանվում են, խոսելը չէ։ Այդ ինստիտուտները պետք է աշխատեն»,- Հայաստանում գտնվող  Արցախի ղեկավարության պասիվության մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան` «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Բավականին մտորումներից հետո, այնուամենայնիվ,  Արցախի ազգային ժողով ինստիտուտը, կարծես թե, սկսեց աշխատել, ինչը չգիտես ինչու պասիվ լուսաբանվեց հենց իրենց կողմից։ Որոշումներ ընդունեցին, որ պետք է հանձնաժողով ստեղծել, որպեսզի բանակցություններ սկսեն բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներքին եւ արտաքին քաղաքական խաղացողների հետ Արցախի կարգավիճակի շուրջ։ Սա, ես կարծում եմ, քաղաքական լուրջ որոշում է։ Սա ցույց է տալիս, որ Արցախի ազգային ժողովը գոյություն ունի։

Ես կարծում եմ, որոշակի կաշկանդվածությունը, որ գոյություն ունի Արցախի գործող իշխանություններում,  պայմանավորված է նախ եւ առաջ մեր պատանդների առկայությամբ։ Պատանդներ անվանում եմ Արցախի քաղաքական ղեկավարությանը, գեներալներին, Ռուբեն Վարդանյանին, որ գտնվում են ադրբեջանցիների ձեռքում իրենց այսօրվա կարգավիճակում։

Երկրորդ։ Իմ կարծիքով որոշակի կաշկանդվածությունը կապված է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ։ Որքան ես գիտեմ, մինչեւ այս պահը Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Սամվել Շահրամանյանին, չի եղել այդ հանդիպումը։ Այն սահմանափակվում է առավել ցածր ռանգի թեկուզեւ բարձր պաշտոնյաների հետ հանդիպումներով։ Կարծում եմ, չկա հստակեցում, թե այսօրվա իրավիճակում խաղի կանոնները ինչպիսին են եւ որն է այն միջակայքը, որի շրջանակում կարող է յուրաքանչյուրը խաղալ եւ առաջին հերթին Արցախի գործող իշխանությունը։

Հիմա ամենաառաջնային, օրակարգային հարցը, որը պետք է լուծի Արցախի գործող իշխանությունը հենց հիմա, կարծում եմ, իրավական տեսանկյունից խիստ խոցելի այն հայտնի հրամանագիրը չեղարկելն է, որով լուծարվում էր Արցախի Հանրապետությունը իր  ինստիտուտներով»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031