Քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պատասխանելով այս տարի Հայաստանի արտաքին վեկտորի բացահայտ դեպի արեւմուտք փոխվելու մասին հարցին, ասաց, որ եթե ավելի խորքային նայենք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտնի հայտարարությունից հետո, որով Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, այդ պահից սկսած՝ հասկանալի էր, որ Հայաստանի իշխանությունն իր բանակցային տրամաբանությունը համադրում է Արեւմուտքի ցանկությունների եւ նախանշած ծրագրերի հետ։
«Բայց ես կարծում եմ, որ իրականում Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը ոչ թե դեպի Արեւմուտք է գնում, այլ դեպի տարածաշրջանային այլ գերտերություն՝ դեպի Թուրքիա։ Իրականում Արեւմուտք կոչեցյալն ընդամենը շիրմա է, որի հետեւում թաքցվում է իրական վեկտորը, իրական գործընթացը։ Եթե ուշադիր լսենք իշխանության ներկայացուցիչներին, առաջին հերթին նրա ղեկավարին, ինքն արդեն բացահայտ ասում է, որ մենք պետք է մեր անվտանգային երաշխիքները տարածաշրջանից ներս տեսնենք, որովհետեւ միշտ տարածաշրջանից դուրս ենք տեսել եւ տարածաշրջանում ենք պրոբլեմներ ունեցել։ Հասկացնում է, որ եթե հիմա տարածաշրջանում լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, եթե ուժային բալանսը փոխվել է․Ռուսաստանն այլեւս անվերապահ «տեր ու տիրակալը» չէ, հիմա բավականին ուժեղացել է Թուրքիայի գործոնը, ապա որպեսզի կարողանամ Ադրբեջանի հետ հարցերս լուծեմ, ավելի լավ է պայմանավորվեմ Թուրքիայի հետ։ Այսինքն, դիվանագիտականից կամ ՔՊ-ականից եթե թարգմանենք մարդկային լեզվով, ընդհանուր առմամբ սա է նշանակում։ Բայց այդ ամենը ներկայացվում է արեւմտյան ուղղություն թեքվելու սոուսի տակ։ Իսկ իրականում այս ամեն ինչի վերջնական նպատակը, գարանտը Թուրքիան է։ Այլ հարց է, որ դա էլ չի ստացվում այն առումով, որ Էրդողանն էլ, Թուրքիայի այլ ղեկավարներն էլ Հայաստանին էլ բազմաթիվ անգամ հասկացրել են, որ քո պարտնյորը մենք չենք, քո մոդերատորը Ադրբեջանն է, մենք նրա հետ ենք աշխատում։ Գնա նրա հետ պայմանավորվիր, բոլոր պայմաններն ընդունիր, հետո կգաս այստեղ։ Այնպես որ, բոլորն էլ հասկանում են, թե որն է Նիկոլ Փաշինյանի նպատակը եւ ուզում են պահպանել ստատուս-քվոն, որպեսզի Ադրբեջանից չբարձրանա։
Իսկ ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ աշխատանքին, կյանքը ցույց տվեց, որ առայժմ հայտարարություններից այն կողմ որեւէ բան առհասարակ գոյություն չունի։ Հայտարարությունները լինում են քաղաքական մակարդակի, դատապարտող, պոստ ֆակտում։ Արեւմուտքը քաղաքական ու պրակտիկ հարցեր է լուծում։ Իսկ պրակտիկ հարցը այս տարածաշրջանը, մասնավորապես, Հայաստանը, Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունից հանելն է։ Առաջին փուլը Արցախը հայաթափելն էր, այնտեղ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելը։
Բայց այն գործընթացը, որը մենք անվանում ենք վեկտորի փոփոխություն, դա էլ հեշտ չի ընթանում այն պատճառով, որ այն հույսերը, որոնք, գուցե, փայփայում են Հայաստանի իշխանությունները կապված Արեւմուտքի հետ, այդ Արեւմուտքն ինքը հասկացնում է․ պարոն Փաշինյան, դու շատ մի սրվիր Ռուսաստանի հետ, որովհետեւ մենք, այնուամենայնիվ քո անվտանգային հարցերը գետնի վրա չենք կարող լուծել։ Սաստում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքն էլ Միխեիլ Սաակաշվիլու օրը չընկնի։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետդեպարտամենտը բաց ասում է, որ իր դաշնակիցը տարածաշրջանում Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը Արեւմուտքի հետ կարող է ֆլիրտ անել, իրենք կարող են ինչ-որ բաներ խոստանալ, մի քանի զրահամեքենա ուղարկել, բայց անվտանգային բոլոր հարցերը իրենք չեն կարող լուծել»,- ասաց քաղտեխնոլոգը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ