Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը 32 գերիների վերադարձի մասին․ «Մեր տարածաշրջանում ոչինչ չի լինում առանց քաղաքական առեւտրի»

Դեկտեմբեր 19,2023 20:44

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Բաքվի բանտերից շիրակցի 32 զինծառայողների վերադարձին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի եւ զինծառայողների ծնողներից ոմանց արած հայտարարություններին։ Նրա խոսքով, իրենց կազմակերպությունը, որը գործում է 1991 թվականից եւ զբաղվել է որոնումներով, վերադարձով եւ մեծ փորձ ունի, միշտ հետաքրքրվում էր, թե այդ անձինք ինչ պարագայում են հայտնվել գերության մեջ։

«Առանց որեւէ նախաբանի պետք է բազմապատկեմ ուրախությունը, որ տիրում է այն ընտանիքներում, ուր վերադարձել են այդքան երկար սպասված իրենց որդիները։ Բայց պետք է հստակեցնենք, որ մեր տարածաշրջանում ոչինչ չի լինում առանց քաղաքական առեւտրի։

Ես ստիպված եմ ասել, որ հերթական անգամ Ադրբեջանը իրականացրել է կեղտոտ քաղաքական առեւտուր։ Եվ մեզ այսօր հայտնի չէ, թե էլ ինչի դիմաց է դա արել, ինչու 32-ը վերադարձվում են, մեկը հընթացս փոխվում է անմիջապես։ Այս բոլորը մենք այսօր չենք կարողանալու հստակեցնել։ Բայց մի բան պահանջում է վերին աստիճանի խորքային ուսումնասիրություն։

Ինչպես, ում կոչով եւ ինչ պարագաներում են Շիրակի մարզի այդ հայորդիները հայտնվել նախ Հադրութի շրջանի այդ երկու գյուղերում։ Այնպես չէ, որ նրանք տանը նստած, հանկարծակի որոշել են, որ պետք է գնան հենց այդ երկու գյուղը։ Խիստ հակառակը․ եղել է անձ, որը կյանքում զենք չի բռնել ձեռքում, հայտարարում, կոչ է անում՝ գալ։ Հայաստանի Հանրապետությունը հստակ պետք է հայտարարեր ռազմական վիճակ եւ այդպիսով հստակեցվեր, թե ով պետք է գնար այնտեղ։ Պետք է վերհիշենք, որ ավելի քան տարօրինակ ձեւով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այնպիսի հայտարարություններով էր հանդես եկել, որ մինչեւ հիմա տարակուսում են շատ-շատերը։

Այսինքն, իր վրա վերցնելով գլխավոր հրամանատարի լիազորությունները կարծես, 80-ական թվականներն են, ֆիդայական նոր շարժում է սկսվում, կոչ է անում կամավորական սկզբունքով գնալ արդեն իսկ ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող այդ երկու գյուղերը։

Ես պնդում եմ, որ մեր իրավաբանական համայնքի ներկայացուցիչները պետք է անպայման հետամուտ լինեն այս հանգամանքին անկախ նրանից, թե վերադարձած մեր պատանդները, գերիները կցանկանան դրա մասին խոսել թե ոչ։ Այնքան շատ փաստեր կան, որոնք ուղղակի խոսում են այդ անձանց պայմանավորված գերության հանձնելու մասին։

Սա պարզելու համար ժամանակ է պահանջվելու։ Բայց այդ կեղտոտ գործողությունների պլանավորողները այնպիսի իրավիճակ ստեղծել, , որ ծնողները, որոնք պետք է առաջինը լինեն, ում այդ պղտոր հանգամանքները պետք է հետաքրքրեն, պարզապես շնորհակալական խոսքով են հանդես գալիս այն անձի հասցեին, որը, կրկնում եմ, կրում է ուղղակի պատասխանատվություն այդ անձանց գերության մեջ հայտնվելու համար, իսկ հետագայում հանցավոր անգործություն, անտարբերություն ցուցաբերելու հետեւանքով այդ մարդիկ երեք տարի մնացել են գերության մեջ»,-ասել է տիկին Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031