Aravot.am-ը «Կումայրի» արգելոց թանգարանի հիմնադիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանից հետաքրքրվեց, թե Գյումրու պատմական միջուկում հայտնված նորակառույցները որքանո՞վ են համահունչ քաղաքի ճարտարապետական տեսքին։
Սաշուր Քալաշյանն ասաց․ «Այդ հարցը նույնպես գոյություն ունի, դրանք նույնպես օրենքով են կարգավորվում, այդ օրենքը կա, և մենք ղեկավարվում ենք այդ օրենքով։ Դա կոչվում է տարածքի գոտիավորման նախագիծ։ Այդ նախագծի հիմքում դրված է, թե այդ տարածքում ինչ կարելի է անել, ինչ չի կարելի․ ինչ շենք, ինչ գույնի, ինչ չափի կարելի է, ինչ չի կարելի։
Այս սկզբունքով է կատարվում ամեն ինչ, պարզապես մենք դրա փորձն ու փորձառությունը չունենք, դրա կարգապահության մակարդակը չունենք։
Ես արտասահմանյան փորձին ծանոթ եմ, մենք «ժեկ»-եր ունենք, չէ՞, մեր «ժեկ»-երը ինչո՞վ են զբաղված, միայն վարձավճարը վերցնելով, պատմական քաղաքներում այդ նույն կազմակերպությունները վերահսկողության ֆունկցիա են վերցնում իրենց վրա։
Կարդացեք նաև
Եթե որևէ բնակիչ այնտեղ շենքի ճակատին, հատկապես այն, ինչ հանրային նշանակություն ունի, ներկի կտոր քսի, արդեն մեծ աղմուկի հարց է բարձրացնում, դատական գործ է սկսվում, փաստը կա, նկարած է, վերջ, դատելու խնդիր չկա, տույժը գալիս է։
Նույնիսկ երկու պատուհանից, չորս պատուհանից մեկը փոխես, ուրիշ տեսակ դարձնես, դա արդեն հանցագործություն է։ Եթե պատուհանի գոգին ծաղկաման դնես ՝ առանց իրենց հարցնելու, նույնպես դատական գործ է։
Այդ բոլոր հարցերի համար պետք է այդ նույն «ԺԵԿ»-ի համաձայնությունը , այդ նույն ռեժիմը պետք է մեր մոտ կիրառվի։ Դա, իհարկե, մի օրվա գործ չէ, երկու օրվա գործ չէ, բայց դա պետք է ստեղծել»։
Հիշեցնենք,որ Գյումրու նախկին ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Կումայրի» արգելոց-թանգարանի պատմամշակութային կառույցները փրկելու նպատակով առաջարկում է համայնքի ենթակայության ներքո բաց բաժնետիրական ընկերություն ստեղծել, որը կկարգավորի բոլոր հարցերը։
Բաց բաժնետիրական ընկերության կապիտալը պետք է ձևավորվի հուշարձանների սեփականատերերի միջոցով, այսինքն՝ գնահատվի այդ հուշարձանների սեփականատերերի անշարժ գույքի պետական արժեքը ու գույքահարկը պիտի մուծվի բաց բաժնետիրական ընկերությանը, որը կիրականացնի հուշարձան շենքերի պահպանումը, վերականգնումը, խնամքը, նաև թույլ չի տա փոփոխություններ կատարել հուշարձան շենքերում՝ առանց իր համաձայնության։
Գյումրու լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ